ԵՊՀ այն ֆակուլտետներում, որտեղ տրվել է տարկետում, դիմորդների որոշակի ավելացում կա. Սերոբ Խաչատրյան
Հունիսի 9-ից մեկնարկելու են միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական մասնագիտություններով:
Դիմորդների թիվն անհամեմատ բարձր է ՀՊՏՀ «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն» մասնագիտությունների համար: ԵՊԲՀ-ում ակտիվություն ենք նկատում «Ստոմատոլոգիա» մասնագիտության դեպքում: Այստեղ դիմորդների թիվը կարծես ավելի բարձր է, քան «Բուժական գործ»-ի դիմորդներինը:
168.am-ի հարցին՝ ամեն տարի պետությունն առաջնահերթ ուղղություններ է ընտրում. այս տարի որո՞նք են այդ ուղղությունները, ի՞նչ առավելություններ կան, և արդյո՞ք կա դիմելիություն, Կարո Նասիբյանը պատասխանել էր. «Կառավարությունը երկար ընդմիջումից հետո որոշում կայացրեց, որ անվճար մի քանի մասնագիտություններով ընդունվողները կօգտվեն զորակոչային տարկետման իրավունքից: Այդ մասնագիտություններից 6-ը ԵՊՀ-ում է, 4-ը՝ Պոլիտեխնիկականում: Մասնագիտություններից են՝ ռադիոֆիզիա, նանոֆիզիկա, քիմիա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ատոմային էներգետիկա, մեքենաշինություն և նյութերի մշակում: Այս մասնագիտությունների համար նույնիսկ անվճար տեղերի թիվն ավելացել է: Արական սեռի ներկայացուցիչները, որոնք այս մասնագիտություններով անվճար կընդունվեն, կօգտվեն զորակոչի տարկետման իրավունքից: Ի դեպ, եթե ընդունվում են անվճար ու մեկ տարի հետո ըստ կարգի տեղափոխվում են վճարովի համակարգ, այնուամենայնիվ, նրանք տարկետումից չեն զրկվում: Տարկետում տրվում է 4 տարի ժամանակով, եթե բուհից դուրս չեն մնում»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ՝ տարկետումը դրական տեղաշարժ է առաջացրել մի շարք մասնագիտությունների դեպքում:
«ԵՊՀ այն ֆակուլտետներում, որտեղ տրվել է տարկետում, դիմորդների որոշակի ավելացում կա: Աճ կա ֆիզիկա և քիմիա մասնագիտություններով: Մի քիչ նվազել է «Ինֆորմատիկա»-ն, այսինքն, դիմորդներն ամեն դեպքում որոշել են գնալ այդ բաժիններ՝ տարկետման համար: Այո, տարկետումը որոշ առումով դրական է ազդում, բայց դա էլ հարցի լուծում չէ, որովհետև կարող է մարդը «Ֆիզիկա» ավարտի, բայց, ի վերջո, դառնա ծրագրավորող: Ուղղակի կարող է մասնագիտությունն օգտագործեն տարկետման համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետն ընդգծեց՝ սիրելով շատ քչերն են հիմա մասնագիտություն ընտրում:
«Մարդիկ ավելի շատ նայում են, թե աշխատաշուկայում ինչն է բարձր վճարվում, դա են ընտրում: Ասենք, ինչո՞ւ են գնում, դառնում իրավաբան, բժիշկ, ծրագրավորող, որովհետև տեսնում են, որ գումար վաստակելու հնարավորությունները մեծ են»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Մեր դիտարկմանը՝ չկա բուհ և աշակերտ կապը, և գուցե դա՞ է պատճառը, որ չեն կարողանում ճիշտ մասնագիտություն ընտրել, կրթության փորձագետը պատասխանեց. «Հիմա համալսարաններն ահագին աշխատանք են տանում: ԵՊՀ-ն, օրինակ, մարզերում ԵՊՀ-ի օրեր է կազմակերպում, գնում ենք գյուղեր, քաղաքներ, բայց նման միջոցառումներով հարցեր չեն լուծվում: Այնպես չէ, որ մարդը գյուղում նստած սպասում է, թե որ համալսարանից պետք է գան, որ ինքը որևէ բան ընտրի: Ամեն մարդ մասնագիտություն ընտրում է՝ ելնելով իր նախընտրությունից և հնարավորությունից: Շատ մարդիկ նայում են, թե ինչ հնարավորություն ունեն, ու ընտրում են ավելի էժան բաժիններ, մասնագիտություններ: Իհարկե, հավասարություն է պետք, մեր տնտեսությունը բևեռացված է: Մարդը 20-25 տարի աշխատում է իրավապահ ոլորտում, գնում է 400-500.000 դրամ թոշակ է ստանում, իսկ ուսուցիչը մինչև 65, 70 տարեկան աշխատում է, տանջվում, ստանում է 40.000 դրամ թոշակ: Հիմա դրա արդարությունը ո՞րն է: Բոլորս էլ գիտենք, չէ՞, որ ուսուցչի աշխատանքը շատ ավելի դժվար է»: