Ժամանակը ցույց տվեց, որ ռեգիոնի բարդ աշխարհաքաղաքականությունը թույլ չի տալիս նաև Արևմուտքին կառավարել անվտանգային սպառնալիքները․ Ֆելգենգաուեր
Ժամանակավորապես հետաձգելով Արևմուտքում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը՝ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ռազմական սադրանքներ է սկսել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում՝ տարածելով նաև ապատեղեկատվություն հայկական կողմերի գործողությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն նախօրեին հայտնել էր, որ հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Ավելի վաղ էլ հայկական կողմը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Կախակնի (Գեղարքունիքի մարզ) ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա։ Սա և բոլոր այլ հաղորդագրություններն Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է:
Արցախի պաշտպանության բանակն էլ իր հերթին՝ հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մասնավորապես նշել է, որ հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքների անվան տակ փորձել է մշտական ամրակայաններ տեղադրել ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց։ «Ադրբեջանի ՊՆ- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,- ասված էր Արցախի ՊԲ հաղորդագրությունում։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը։ Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքներն ամփոփելու նպատակով։
Զորախաղերն ընթանում էին Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ադրբեջանն իրեն հարմարավետ է զգում ոչ այնքան բանակցային գործընթացում, որքան ռազմական բաղադրիչը գործի դնելով, որովհետև դրանով է, որ կարողացել է այսքան ժամանակ կոնկրետ արդյունք և առաջընթաց ունենալ։
Ըստ նրա, եթե որևէ կողմ բանակցություն է չեղարկում, ուրեմն սեղանին ինչ-որ անցանկալի հարցեր կան դրված, և այստեղ արդեն միջնորդի խնդիրն է՝ կարգավորել այս հարցը, բանակցել, որպեսզի փխրուն անվտանգային իրավիճակը չվերաճի ավելի մեծ սպառնալիքի։
«Արևմուտքը պետք է որ կարողանա դա անել, քանի որ նաև դիտորդներ է տեղակայել ռեգիոնում, որոնց ներկայությունը ներկայացվում էր՝ որպես լուրջ լծակ ու զսպօղակ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ռեգիոնի բարդ աշխարհաքաղաքականությունը թույլ չի տալիս վերացնել բոլոր սպառնալիքները, քանի որ դիտորդները տեղակայվում են ոչ թե ռեալ հարցեր լուծելու, այլ քաղաքական ներկայություն ապահովելու նպատակով։
Սա ամենևին չի նշանակում, թե ռուսական անվտանգային երաշխիքները մշտապես արդյունավետ են եղել, Ռուսաստանի քաղաքականությունն իր հերթին՝ ունի իր մեծ սխալները, այն կարող էր ավելի էֆեկտիվ լիներ, այդ թվում ՀԱՊԿ-ը՝ իր մեխանիզմներով, խաղաղապահները, ռուսական ռազմակայանը։
Բայց ժամանակը ցույց տվեց, որ Արևմուտքը ևս լուրջ հավասարակշռություն է պահպանում կողմերի միջև իր մոտեցումներում և իրեն չի դրսևորում՝ որպես մեկ կողմի երաշխավոր։ Իսկ երբ դրսևորի, կկորցնի գործընթացը։ Ռուսաստանը ևս դրանով է առաջնորդվել։
Ուստի, եթե խոսենք ներկայից, շատ հավանական է, որ չեղարկված բանակցությունների ֆոնին նոր լարվածություն բռնկվի կողմերի միջև։ Սովորաբար նման փոխադարձ մեղադրանքները հակամարտության այս գոտում պատահական չեն լինում, մարդիկ արդեն նույնիսկ սովոր են դրան, ինչը վատ է, սակայն այդպես է։ Բայց անընդհատ կրկնվող սցենարները՝ լարվածությունից առաջ ապատեղեկատվական հոսքերով, փոխհրաձգությամբ, նաև կողմերին հնարավորություն են տալիս դրանք ավելի արդյունավետորեն կառավարել, կանխել թե դիվանագիտական դաշտում, թե ռազմական գետնի վրա։
Եթե դա չի արվում, կողմերի խնդիրն է, և ոչ միայն՝ միջնորդների ու տարածաշրջանում ներկայություն ունեցող ուժերի»,- ասաց վերլուծաբանը։