Հայաստանը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏԻԶՄԻ (ՔՊ) ճիրաններում

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանադրական նորմը Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի արտահայտություններից է։ Բոլոր այն դեպքերում, իհարկե, երբ իշխանության կրողն ինքն է։ Եթե նա ճիշտ է, նշանակում է, որ ժողովուրդն իշխանության տերն է, իսկ եթե ժողովուրդն իշխանության տերն է, իսկ ինքը՝ իշխանությունը, նշանակում է, որ ժողովուրդը նաև իր տերն է։

Բայց փաշինյական սերն առ սահմանադրական նորմ, սկսվում և ավարտվում է միայն հասկացության առաջին մասի մեջբերմամբ։ Տիրոջ ու ծառայի վերաբերյալ նա դատողություններ անել չի սիրում, որովհետև այդ դեպքում նա՝ տերը, կարող է հասկանալ, որ ծառան լավ չի աշխատում, հասկանալով՝ կարող է մտածել ծառային փոխելու մասին, փոխելով՝ կարող է հանգել նաև ծառային պատժելու անհրաժեշտության գիտակցմանը։ Եվ քանի դեռ ժողովուրդը չի իրացնում իրեն պատկանող իշխանության գործունեությանը գնահատական տալու իր իրավունքը, իշխանությունն ամրապնդվում է իր իսկ տիրոջ կենսական տարածության ու շահերի հաշվին։

Ներկայիս իշխանությունը կա, բայց չկա Արցախի մեծ մասը։ Իշխանությունն ընդլայնում է սեփական ազդեցության տարածքները, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության/ազդեցության տակ։ Սա պարզ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է գործող իշխանությունը գոյատևում Հայաստանի կենսական տարածքների հաշվին։

Ավելի սահմռկեցուցիչ է արձանագրումը, որ իշխանության, այսինքն՝ ծառայի գոյությունն ապահովվում է տիրոջ՝ ոչ միայն տարածքային շահերի հաշվին․ այս իշխանությունը կա, բայց նաև նրա պատճառով չկան հազարավոր տղաներ։

Կարդացեք նաև

Տերծառա հարաբերություններում իշխանությունը ոչ միայն չի կատարում ծառայի դերը, կամ ժամանակակից լեզվով՝ չի մատուցում արդյունավետ պետական կառավարում, այլ գոյատևում է այդ նույն տիրոջ հաշվին՝ ամեն օրվա հետ նվազեցնելով նրա ֆիզիկական և կենսական տարածությունը։ Այս երևույթի բացատրություններ կարելի է գտնել բազմաթիվ գիտակարգերում։ Սակայն ամենաբնորոշ մեկնաբանությունը, այդուհանդերձ, տալիս է կենսաբանությունը՝ մակաբույծների մասին նկարագրությամբ։

Մակաբուծությունը (պարազիտիզմ) օրգանիզմների այնպիսի

փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը)՝ որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր։ Մակաբուծության առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։

Հայաստանի գործող իշխանությունը հայ հասարակության, Հայաստանի պետության ու պետականության համար կատարում է պարազիտի դեր՝ օգտագործելով և վնաս պատճառելով իշխանության տիրոջը։ Իշխող կուսակցության հապավման՝ ՔՊ-ի ամենաբովանդակային ու իրական վերծանումն այսպիսով ոչ թե «քաղաքացիական պատերազմն է» կամ «քաղաքացիական պոպուլիզմը», ոչ էլ անգամ «քեմալական պայմանագիրը»։ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունն իրականում ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏ է՝ ՔՊ, որը մակուբուծում է Հայաստանի վրա ու Հայաստանի հաշվին։

Ինչպես հիվանդությունների մեծ մասը, պարազիտիզմը ևս բուժման ենթակա է։ Բայց դրա առաջնային պայմանն այն է, որ մակաբուծության ենթարկվող օրգանիզմը, ավելի պարզ՝ պարազիտի տերը գիտակցի օտար մարմնի առկայությունը և համարժեք քայլեր կատարի։ Գիտակցելուց հետո կարող է պարզվել, որ դա այնքան հեշտ է, որքան ժամանակավոր մակաբույծների տեսակին պատկանող մոծակների դեմ պայքարը, որն անհատական մակարդակում հաջողության է հասնում ձեռքի մեկ հարվածով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս