Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Երևանի թիվ 4 և 1 միավորված պոլիկլինիկաների տնօրեն։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Թագուհի Ստեփանյանը:
Նրանից փորձեցինք պարզել նաև, թե արդյո՞ք դժվար չէր թողնել աշխատավայրը, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի:
«Դե, պետք է այնքան խոհեմ լինես, որ հասկանաս՝ ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, հատկապես, եթե ուրիշ աշխատանք են առաջարկում քեզ»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:
Հարցին՝ այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ հասցրեց անել «Շտապօգնություն» ՓԲԸ-ում և ի՞նչ փոփոխություններ է նախատեսում կատարել պոլիկլինիկայում, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Պոլիկլինիկայի աշխատանքը նոր է, դեռ պետք է պատկերացում կազմեմ, թե ի՞նչ կարելի է փոխել, իսկ ինչ վերաբերում է «Շտապօգնություն» ՓԲԸ»-ին, կարծում եմ, բոլորն էլ լավ գիտեն՝ իրականացվեց 3 լուրջ ռազմավարական ծրագիր, ինչի արդյունքում ունեցանք իսկապես ժամանակակից շտապօգնություն: Այնպես որ, 100 տոկոսով գոհ եմ»:
Իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել միավորված պոլիկլինիկաների նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
Նշենք, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով: Երևանի ՇԲՕ-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր ՀՀ մարզերից (սանավիացիա)։ Շուրջօրյա գործում է 46 բրիգադ, որից 43-ը` գծային, 1-ը` հոգեբուժական, 2-ը` ֆելդշերական։
Երևանի շտապբուժօգնության ծառայության բրիգադների քանակը ձևավորվել է 20000 բնակչին՝ 1 բրիգադ սկզբունքով։