Ինչո՞ւ է բենզինի գինն այդքան անհանգստացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին

Օրերս բենզինի գինը Հայաստանում միանգամից 8-10 տոկոսով բարձրացավ. լիտրի մեջ 30-40 դրամով։

Հազվադեպ է լինում, որ բենզինի գները միանգամից այդքան կտրուկ բարձրանում են։

Թվում է, թե այս թանկացումը պիտի անհանգստացներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Բայց պարզվում է՝ Հանձնաժողովին ավելի շատ մտահոգել է ոչ թե գնի կտրուկ բարձրացումը, այլ այն, թե ինչո՞ւ է բենզինը Հայաստանում այդքան էժան վաճառվում։

Հանձնաժողովի կարծիքով, Հայաստանում բենզինի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն։

Կարդացեք նաև

«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց Հանձնաժողովի նախագահը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի մասնակից 4 հիմնական ընկերությունների ներմուծման և վաճառքի գները։ Դրանց արդյունքում վարույթ կհարուցի՞, թե՞ ոչ, կերևա հետագայում։

Մինչ այդ, Հանձնաժողովի նախագահն ակնկարկում է, որ շուկայում դեմպինգային երևույթների հետ կապված կասկածներ ունեն։ Այդ կասկածներն առաջացել են բենզինի ներմուծման և իրացման գների դիտարկումից։

«Ավելին ասեմ, այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով»,- ասում է Հանձնաժողովի նախագահը։

Կասկածները հիմնավորելու համար նա բերում է նաև Վրաստանի օրինակը, որտեղ բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում։ Հայաստանում «ռեգուլյար» տիպի բենզինի գինը 330-370 դրամ է, Վրաստանում՝ 364-365 դրամ։

Հանձնաժողովն այս ամենի մեջ կասկածելի, նաև դեմպինգային երևույթներ է տեսնում։

Իհարկե, ցանկացած դեպքում, դեմպինգը վատ երևույթ է շուկայի համար, որովհետև հետագայում դա շատ ավելի բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Նման երևույթներ այս շուկայում նախկինում տեսել ենք՝ կապված հատկապես նոր տնտեսվարողների հայտնվելու հետ, որոնք փորձում են իրենց համար տեղ ազատել՝ նաև դեմպինգային քաղաքականություն իրականացնելու միջոցով։

Հիշենք, թե ոչ վաղ անցյալում ինչպես վառելանյութի շուկա մտավ իշխանամերձ գործարարներից մեկը՝ վառելանյութի շատ ավելի ցածր գներ առաջարկելով, քան մյուսներին էին առաջարկում։ Իհարկե, այն ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանում դեմպինգային երևույթներ չտեսավ ու թողեց, որպեսզի վերջինս հարմար տեղավորվի շուկայում։

Թեև այն ժամանակ դեմպինգի հետ կապված ավելի շատ կասկածներ կային։

Հայտնի է, որ դեմպինգ սովորաբար կիրառվում է շուկան վերաբաշխելու նպատակով։ Այս անգամ շուկայում կարծես նոր խաղացող չի հայտնվել, չնայած այդ մասին վաղուց խոսակցություններ կան, բայց Հանձնաժողովը շուկայում դեմպինգային գների առկայության վերաբերյալ կասկածներ ունի։

Ստացվում է, որ շուկայի գործող խաղացողներն են իրար նկատմամբ դեմպինգ կիրառել։

Տարօրինակ է, որ դեմպինգի վերաբերյալ կասկածները Հանձնաժողովը հայտնում է այն բանից հետո, երբ գներն արդեն բավականաչափ բարձրացել են։ Մինչ այդ՝ դրանք ավելի ցածր էին, բայց Հանձնաժողովը լուռ էր։

Մինչդեռ, եթե իսկապես կա դեմպինգ, ապա ենթադրվում է, որ այն շատ ավելի վաղ է սկսվել, իսկ Հանձնաժողովն արձագանքելու ու կանխելու փոխարեն՝ լուռ հետևել է։ Թողել է, որ պրոցեսները հասնեն իրենց հանգրվանին, նոր արձագանքի։

Նման դեպքերում, ինչքան էլ Հանձնաժողովը հետո պատիժներ կիրառի, այլևս դրանք արդյունավետ չեն լինի, որովհետև գնացքն արդեն գնացած է լինում։ Դրա համար ժամանակին է պետք կանխել նման երևույթները, ինչն այս պարագայում տեղի չի ունեցել, եթե, իհարկե, կհիմնավորվի, որ շուկայում դեմպինգ է կիրառվել։

Հանձնաժողովի կասկածները հիմնված են ներմուծման կամ ինվոյսային ու իրացման գների տնտեսապես հիմնավորված չլինելու վրա։ Թե որքանո՞վ այդ կասկածները կհաստատվեն, առաջիկայում հավանաբար կտեսնենք։

Մինչ այդ կան որոշ հանգամանքներ, որոնք հայտնի չէ, թե ինչքանով են հաշվի առնվել նման կասկածներ հնչեցնելուց առաջ։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է ռուսական ռուբլու փոխարժեքին։

Ինչպես հայտնի է, վառելանյութը Հայաստան է ներմուծվում հիմնականում Ռուսաստանից։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, շատ ապրանքների, այդ թվում՝ առաջին հերթին էներգակիրների ներմուծումն իրականացվում է ռուբլով։ Ուստի, ռուբլու փոխարժեքը կարևոր գործոն է վառելիքի գների ձևավորման համար։

Հայտնի է, որ վերջին մի քանի ամիսներին ռուբլու գինը ռուսական շուկայում բավականաչափ նվազել է։

Եթե անցած տարվա վերջին դոլարի գինը 60 ռուբլու շրջանակներում էր, ապա հիմա հասել է 80-ի։ Այսինքն՝ ռուբլին մեկ երրորդով արժեզրկվել է։ Արժեզրկվել է ոչ միայն դոլարի ու մյուս արժույթների, այլև դրամի նկատմամբ։

Եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում էական փոփոխություն տեղի չեն ունեցել Ռուսաստանից վառելիքի ձեռքբերման գներում, տրամաբանական է, որ Հայաստանում բենզինի գները պիտի ոչ միայն ցածր լինեին, այլև իջնեին։

Այլ հարց, թե ինչո՞ւ են վերջին օրերին բարձրացել, այն էլ՝ այդքան կտրուկ։

Առաջին հերթին՝ այս բարձրացումը պիտի անհանգստացներ Հանձնաժողովին, քան թե գների ցածր լինելը։ Այնպիսի տպավորություն է, որ շուկայի մասնակիցներին մեղադրելով ցածր գներ սահմանելու մեջ, Հանձնաժողովը նպաստել է, որպեսզի նրանք բարձրացնեն բենզինի գները։

Միշտ չէ, որ Հանձնաժողովը չհիմնավորված է համարում գների ցածր լինելը և դեմպինգային երևույթներ է տեսնում դրանցում։ Երբ վերջին տարիներին բազմաթիվ ապրանքային շուկաներում գները բարձրանում էին, երբեմն՝ շատ կտրուկ, Հանձնաժողովը դրանցում չհիմնավորված թանկացումներ հիմնականում չէր տեսնում։ Հիմա բենզինի գները, նախկինի համեմատ, որոշ չափով ցածր են, կասկածում է դրանց հիմնավորված լինելուն։ Համարում է, որ գներն ավելի բարձր պետք է լինեն, քան կան։

Այսքանից հետո զարմանալի չի լինի, եթե առաջիկայում շուկայի մասնակիցներն էլի թանկացնեն բենզինը, որպեսզի փարատվեն Հանձնաժողովի կասկածները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս