Էրդողանը վերընտրությունից հետո ավելի վստահ է գործելու, և հայ-թուրքական կարգավորում լինելու է միայն Թուրքիայի բոլոր պայմանների կատարումից հետո․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի
Մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 52,18%-ով իր մրցակցին՝ ընդդիմության ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին հաղթելուց հետո այսօր Ռեջեփ Թայիբ Էրդողանը երդվեց։ Արարողությանը ներկա էին հյուրեր 78 երկրներից։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Էրդողանի երդմնակալությանը, մասնավորապես, մասնակցում են 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, խորհրդարանների ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ի թիվս այլ հյուրերի, Անկարայում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ռուսաստանից՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Էրդողանի երդմնակալությունը տեղի ունեցավ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ժամը 14:00-ին, իսկ նախագահական համալիրում արարողությունները սկսվեցին 17:00-ին, որին հաջորդեց գալա ընթրիք գլխավոր հյուրերի հետ Չանքայա պալատում:
Մայիսի 28-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց նորընտիր Թայիբ Էրդողանին։ «Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ»,- գրել էր Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգի էջում։
Եվ պարզվում է, որ Հայաստանի ներքին գործերին միջամտող, «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման ապամոնտաժում պահանջող, Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռի համար օդը փակող և Ադրբեջանի ռազմական հարձակումներին ուղիղ և անուղղակի աջակցող Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը հրավիրել է մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը, իսկ ՀՀ-ն որոշել է այդ հրավերին արձագանքել ամենաբարձր մակարդակով․ այսօր Փաշինյանը կատարեց իր առաջին աշխատանքային այցը Թուրքիա՝ մասնակցելու համար Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Վերջին անգամ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք նաև եռակողմ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Չնայած Հայաստանի իշխանություններն անընդհատ Թուրքիային ընդառաջ քայլեր են իրականացնում, Թուրքիայի երկրաշարժից հետո աննախադեպ հումանիտար և մարդկային օգնություն ուղարկեցին Թուրքիա, հայ-թուրքական կարգավորման գործընթացը վերջին շաբաթներին լրջագույն հետընթաց է արձանագրել. Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման պատճառաբանությամբ Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքներն իր օդային տարածքով՝ զգուշացնելով նոր հետևանքներով, եթե արձանը չապամոնտաժվի: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նույնիսկ հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: «Ամեն օր Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP անձանց համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, այդ իսկ պատճառով անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։
Իսկ ավելի վաղ՝ մայիսի 3-ին, Չավուշօղլուն հայտարարել էր. «Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվում են։ Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»։
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, թե իր համար որևէ անակնկալ չկա, որ ՀՀ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մասնակցել է երդմնակալության արարողությանը, թեև, վերլուծաբանի խոսքով՝ շատ երկրներ նման արարողությունների ուղարկում են Կառավարության ավելի ցածրաստիճան պաշտոնյաների, որն այս դեպքում գուցե ավելի տեղին լիներ, հաշվի առնելով վերջին բացասական զարգացումները հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններում։
Ըստ նրա, անկախ Թուրքիայի քաղաքականությունից, ռեալ քայլերից ու սպառնալիքներից, ՀՀ իշխանությունները խնդիր են դրել կարգավորել հարաբերությունները, անտեսելով Թուրքիայի բոլոր հակահայկական քայլերը, որոնք շարունակվում են մինչ այսօր։ Նրա խոսքով, ոչինչ չի խանգարում, որ Թուրքիան բացի սահմանը, սակայն Թուրքիան յուրաքանչյուր հնարավորություն Հայաստանի դեմ որպես լծակ է օգտագործում, այդ թվում՝ իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ։
«Եթե օդային տարածքն է փակվում դեպի երրորդ երկրներ՝ մի աննշան թեմայի պատճառով, ապա ես կարծում եմ, որ այսօր հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելու բացարձակ հիմքեր չկան։ Թուրքիան չափազանց կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի՝ Թուրքիային ընդառաջ բոլոր աննախադեպ քայլերը չեն կաշկանդում Թուրքիային անել հակահայկական քայլեր, հրապարակային սպառնալիքներ հնչեցնել, սանկցիաներ կիրառել։ Որևէ մեկը չի կարող վստահեցնել, որ վաղը Թուրքիան ինչ-որ անհասկանալի պատճառով չի դադարեցնի Երևանի հետ բանակցությունները, եթե դրանք ընդհանրապես կան այսօր։
Եթե ՀՀ իշխանություններին թվում է, որ նման քայլերով հասնելու են նրան, որ Թուրքիան բացի սահմանը, մոռանա բոլոր հարակից այլ խնդիրների մասին, չարաչար սխալվում են, և դա ապացուցելու ենթակա էլ չէ, քանի որ վերջին զարգացումները դա ցույց են տվել։
Թուրքիան պայման է դրել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, և այդ պայմանը չի վերացվելու, վաղը կարող է մեկ այլ պայման ի հայտ գալ։ Էրդողանն այս վերընտրությունից հետո ավելի վստահ է գործելու, և հայ-թուրքական կարգավորում լինելու է միայն Թուրքիայի բոլոր պայմանների կատարումից հետո, իսկ այդ պայմանների շարքում նաև Ադրբեջանի պայմաններն են»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ հենց դա է պատճառը, որ Թուրքիան չի շտապում, ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար շահ չունի։
«Ինչպես գործընթացի սկզբից եմ պնդել, այսօր ավելի վստահ կարող եմ նույն միտքն ասել, որ սա արհեստական գործընթաց է Թուրքիայի կողմից, որն ուղղված է Հայաստանին լիովին ենթարկեցնելուն, և Էրդողանն իր վերընտրությամբ դա ավելի վստահ կանի»,- ասաց նա։