«Ըստ թրքաբարո Նիկոլի՝ մենք դեռ 2016թ. ապրիլին պետք է պարտվեինք, որ 44-օրյան չլիներ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ. իշխանությունը զավթելուց հետո ժողովրդավարության անվան տակ ծախեց Արցախը, իսկ 2020թ. պատերազմից հետո խաղաղության անվան տակ ծախում է Հայաստանը:
«Նրա քաղաքական մարքետոլոգները երկու պոնտ են մտածել՝ անունը դնենք ժողովրդավարություն՝ բանակը քանդենք, դիվանագիտությունը քանդենք, հասարակությունը պառակտենք, ժողովրդավարության անվան տակ հանձնենք Արցախը: Պատերազմից հետո երկրորդ բրենդ է ի հայտ եկել, որի անունը դրել են խաղաղություն, և խաղաղության բրենդի տակ հիմա հանձնում է Հայաստանը: Այս երկու կեղծ բրենդների տակ՝ ժողովրդավարություն և խաղաղություն, նա ծախում է 42 հազար քառակուսի կիլոմետրը, իմ և ձեր երեխաների ապագան, իմ և ձեր նախնիների արյունն ու պատիվը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միայն կատարյալ անբարոյականը կարող էր մտածել, որ Հայաստանի նման երկրում, որը հազարամյակներ շարունակ շրջապատված է եղել ոչ այդքան բարյացակամ հարևաններով, ժողովրդավարությունը կարող է պաշտպանիչ վահան կամ բրենդ լինել:
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո Արցախից հրաժարվելու նոր արարն սկսեց արդեն բանակցային գործընթացներով, որովհետև պատերազմական պլանները խափանվել էին. «Չստացվեց 44-օրյայով միանգամից հանձնել Արցախը, մոտ 3 հազար քառակուսի կիլոմետր մնացել էր, և դա հանձնելու համար գործի դրեց երկրորդ արարը: Նա այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն ապրիլյան պատերազմի շարունակությունն էր: Նիկոլը դա ասել է այն իմաստով, որ 44-օրյայի մեջ ինքը բացարձակ մեղք չունի, այսինքն՝ ըստ թրքաբարո Նիկոլի՝ մենք դեռ 2016թ. ապրիլին պետք է պարտվեինք, որ 44-օրյան չլիներ: Սերժն է մեղավոր, հայկական բանակն է մեղավոր, որ 44-օրյան եղավ, որովհետև 2016թ., երբ Նիկոլը դեռ իշխանության չէր, այդ ժամանակ պարտվեինք, 44-օրյան չէր լինի: Թե չէ՝ 2016թ. դիմադրեցինք, մեր տղերքը հերոսաբար կռվեցին, փառք նահատակներին, դիվանագիտության մեջ ամրացրեցինք մեր բանակի սխրանքները, և ստացվեց, որ Սերժը մեղավոր է 44-օրյայի մեջ, որովհետև ապրիլյանը չի պարտվել: Սա է իր ամբողջ հիվանդագին տրամաբանությունը: Այսինքն՝ Նիկոլը նորից խոստովանում է, որ մենք ապրիլյանը չենք պարտվել, որովհետև եթե ապրիլյանը պարտվեինք, Ադրբեջանը Արցախի մասով բոլոր հարցերը լուծած կլիներ, 44-օրյան չէր լինի: Սա է Նիկոլի ամբողջ սրիկայությունը»:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ 44-օրյա պատերազմի հետքերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, դեպի գլխատված բանակ, վերանայված գնումների պլան, ներկած ՀՕՊ 70-ականների միջոցներ, չկրակող ինքնաթիռներ, չգնված ԱԹՍ-ներ, ՀՕՊ «Տոր» համակարգեր, գլխատված բանակային հրամանատարություն, պառակտված հասարակություն, տապալված դիվանագիտություն, ուլտիմատումներ ՄԽ համանախագահ երկրներին, սեփական կետից բանակցություններ սկսել, ալկաշաբարո մյունխենյան սկզբունքներ, և այլն. «44-օրյայի բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, սա չտեսնելը կա՛մ կուրության, կա՛մ քաղաքական անբարոյականության հետևանք է»:
Նիկոլ Փաշինյանն այսօր նաև նշել է, թե 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնսն արել էր. «Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է: Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Պատճառն այն էր, որ իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր»:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ, նա ասել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է, Սերժ Սարգսյանի օրոք կար ուժեղ բանակ. «Ապրիլյանից հետո իր դասերը քաղած, արդիականացվող ուժեղացող բանակ, և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի, մեր տարածաշրջանն է այդպիսին: Հայ ժողովրդի 4.5 հազարամյա պատմության ընթացքում մենք երևի 4 հազար տարին պատերազմի մեջ ենք եղել՝ մեր գոյությունը պաշտպանելու համար: Երբ նա ասում է՝ այդ ժամանակ դեռ հեղափոխությունը չէր սկսվել, սուտ է ասում. Այսպես կոչված, հեղափոխությունը սկսվել է 2018թ. մարտի 31-ից:
ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Երևանում արդեն ցույցեր էին, իշխանազավթումը սկսվել էր: Նիկոլ, ըստ քեզ՝ Սերժ Սարգսյանն ամբիոնից ասել է՝ պատերազմ է գալիս, բանակցությունները փակուղու մեջ են, դու էլ դա լսել ես, բա ինչո՞ւ ես շարունակել իշխանազավթումը: Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանն այդ ամբիոնից քեզ զգուշացնում էր, որ՝ այ ոչնչություն, այսպիսի խնդիրներ ունենք, ո՞ւր ես գալիս, քեզ նման ոչնչությունը ո՞նց կարող է գալ իշխանության, դու այդքանը լսել ես, չէ՞, ու շարունակել քո իշխանազավթման մուտիլովկեքը: Ոչ ոք ոչ մի բան քո գրպանը չի գցել, դու ես ճխտվել, ներմուծվել դրսից Հայաստանի քաղաքական իրականության մեջ և ճխտվել իշխանության գլուխ: Անգամ, եթե քո տարբերակը ճիշտ է, ինչո՞ւ եկար իշխանության, չէ՞ որ ԱԺ ամբիոնից քեզ զգուշացվել է, որ ունենք նման վիճակ»: