Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Արմեն Գրիգորյան. «Ազատություն»

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – այսօր Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝ GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

«Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությանը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան», – դիմելով քննարկման մասնակիցներին՝ նշում էր Գրիգորյանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող։

Բրատիսլավյան քննարկման ընթացքում Գրիգորյանի զրուցակցի՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի համոզմամբ, սակայն, Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանում նենգափոխում են։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմից հնչող որոշ հայտարարություններ Հաջիևին հակառակը, սկսել են գոհացնել։

«Ես իրոք ուրախ եմ լսել, որ հայկական պատվիրակությունն ու Հայաստանը ավելի լավ են սկսել հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունն ու դրա էությունը։ Մենք բանակցում էինք երեսուն տարի շարունակ և այդ ընթացքում հենց Հայաստանն էր, որ ոտնահարում էր տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դա վերաբերում էր Հայաստանի նախորդ կառավարություններին, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությանը։ Երբ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա բանակցային գործընթացի լիակատար խաթարում էր», – պնդում է Հաջիևը։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Երևանի գործողությունները խաթարում են այդ ամբողջականությունը։

«Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Ղարաբաղ, ֆինանսավորում է Ղարաբաղում գտնվող անօրինական զինված կազմավորումները, մենք նաև տեղեկություններ ունենք, որ այնտեղ հայկական [բանակի] ստորաբաժանումներ են գտնվում», – հայտարարում էր Հաջիևը։

Հայաստանի ԱԽ քարտուղարը, սակայն, մեկ անգամ ևս կրկնել է՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

«Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի կարիքը զգացվում է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ անվտանգային մարտահրավերների են բախվում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ այս իրավիճակը փոխվի, նրանք այնպիսի պայմաններ, այնպիսի մթնոլորտ պետք է ստեղծեն, որ մարդիկ այդ Պաշտպանության բանակի կարիքը չզգան», – հայտարարում էր Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ պաշտոնական Երևանի գլխավոր նպատակը տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելն է. – «Նիկոլ Փաշինյանի թիմը խաղաղություն հաստատելու մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների ընթացքում, և հայ հանրությունը աջակցում է խաղաղության հաստատմանը»:

Հիքմեթ Հաջիևը այսօր բավական մանրամասնորեն ներկայացնում էր վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ հավելելով, որ այդ հանդիպումների արդյունքներից ելնելով Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:

«Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը», – հայտարարում էր Հաջիևը։

Այսօրվա քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այդ հարցը պետք է քննարկել առանձին՝ ուղիղ բանակցությունների ընթացքում և միջազգային հանրության ներգրավմամբ։

«Մենք ասում ենք՝ եկեք քննարկենք անվտանգությունն ու իրավունքները։ Կանխորոշել ոչ թե այդ բանակցությունների ելքը, այլ՝ գործընթացը։ Մեր ցանկությունն է տեսնել այն միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտն ու Բաքուն քննարկում են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները», – նշում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս