Նա բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ օբյեկտ, ու նրա ձեռքում պատահմամբ հայտնվել է գրիչը. ադրբեջանագետ

Երեկ Ազգային ժողովում, ապա նաև Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ, պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է Ադրբեջանից մշտապես հնչող ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարությունների հերթական տարափից:

Նա մասնավորապես նշել է. «Այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ՝ այստեղ և Ադրբեջանը, և միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք»:

Իսկ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, կրկնել էր իր նախապայմանները՝ «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում»:

«Թող իմանան նաև, որ այստեղից երևում են Հայաստանի գյուղերը։ Այս գյուղերը տեսնում ենք, այսինքն՝ թող սա էլ չմոռանան»,- նշել էր Բաքվի բռնապետը Բերձորի օկուպացված շրջանից:

Կարդացեք նաև

Թեև Փաշինյանը դեռ պարզաբանումներ է պահանջում, այդուհանդերձ տեսակետ կա, որ «խաղաղության», այսպես կոչված, պայմանագրի կնքումը հեռու չէ:

«Ռուսական կողմի պնդմամբ՝ արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են, և գործը հասել է տեխնիկական դետալների հստակեցմանը,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ փաստաթղթերը նա ստորագրելու է, որովհետև նրան հարցնող չկա. նա ընդամենը գրիչ բռնողի դերում է: Այսինքն՝ նա չի վայելում հեղինակություն, նա բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ օբյեկտ, ու նրա ձեռքում,  բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել է գրիչը»:

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշել է, որ դեռևս չի կարող ասել, թե սպասվող՝ հունիսի 1-ի հնգակողմ հանդիպմանը պայմանագիր կստորագրվի՞, թե՞ ոչ, որովհետև չեն ստացել «Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված առաջարկությունների վերաբերյալ», ադրբեջանագետն արձագանքեց՝ Փաշինյանը չի որոշողը:

«Կասեն՝ Քիշնևում պետք է ստորագրես, կստորագրի, կասեն՝ Բրյուսելում, կստորագրի Բրյուսելում, կասեն՝ Զիմբաբվեում, ուրեմն՝ Զիմբաբվեում.  նա չի որոշում»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջիկայում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի զրույցի հիմնական շեշտադրումներին, այն է՝ նախագահն աջակցում է կառավարությանն այն քաղաքականության վերաբերյալ, «որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», այդ թվում՝ Բրյուսելյան վերջին հայտարարությունների հարցում, Արմինե Ադիբեկյանն արձանագրեց.

«Ինչ վերաբերում է Խաչատուրյան և մնացած բոլոր էակներին, ապա նրանք իրենց մեջ չեն կարողանում պայմանավորվել. մի կողմից՝ Խաչատուրյանը ողջունում է խաղաղությանը միտված գործընթացները և շատ գոհ ու երջանիկ է, մյուս կողմից՝ ճիշտ նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն զայրույթ է հայտնում, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում էթնիկ զտումներ և նոր ցեղասպանություն իրականացնել:

Մի՞թե նրանք ուղեղ չունեն, որ չհասկանան պատճառահետևանքային կապը՝ որ նոր ցեղասպանությունը, Ադրբեջանի լկտի պահվածքը բխում է ՀՀ իշխանությունների այս 5 տարիների վարած քաղաքականության և «խաղաղ պայմանագրի» կնքման հետևանքներից»:

Տեսանյութեր

Լրահոս