Իշխանությունը դատական համակարգին ճնշում է հնարավոր բոլոր միջոցներով՝ լայվերից մինչև ուղղակի զանգ և պատվեր․ Ռուբեն Վարդազարյան

Հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այլընտրանքային խափանման միջոցները բազմաթիվ են, և տիկին Գայանեին կալանքի տակ պահելը բարոյական որևէ կանոնի մեջ չի տեղավորվում։ Պարզ է, թե ինչ ահռելի ճնշումների և բիրտ ուժի է ենթարկվել տիկին Գայանեն՝ իր պայքարի ենթադրյալ դադարեցման համար, խոսքը նաև հոգեբանական ճնշման մասին է, որին ենթարկվել են նա և իր ընտանիքի անդամները։ Ամոթ է, որ 2023 թվականին դեռևս նման որոշում է կայացվում, դատական իշխանությունը պետք է ներողություն խնդրի տիկին Գայանեից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Հերոսածին մորը կալանք տված երիտասարդ դատավորի հայրը դատախազ է, հորեղբայրը եղել է ԲԴԽ անդամ, հիմա Վճռաբեկ դատարանի դատավոր է և չունի բարոյականություն։ Հորեղբայրն է Ժորա Չիչոյանին դարձրել դատավոր, այդտեղ բարոյականության դաշտում լրջագույն խնդիր կա։ Ժորան կտրվել է որակավորման քննությունից, ապա վերահանձնել է, ՀՀ նախագահը չի ստորագրել նրա նշանակման հրամանագիրը։ Սահմանադրական մարմինների փոխադարձ հարգանքի ինստիտուտի առումով ենթադրվում է, որ ՀՀ նախագահն ամենաբարձր հեղինակություն ունեցող անձը պիտի լինի։

Օրենքը հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին նախագահի կողմից դատավոր չնշանակելու դեպքում այդ դատավորին նշանակելու և ԲԴԽ-ում նրա երդմամբ ստանձնելու պաշտոնը։ Նախագահը պնդել է, որ այդ երիտասարդ դատավորը չի անցել բարեվարքության շեմը։ Այս դեպքում կոռուպցիան ակնհայտ է՝ հորեղբայրը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր, և պարզ է, որ աշխատել է ԽԾԲ-ն, այստեղ նույնիսկ կոռուպցիա փնտրելու կարիք էլ չկա»,- ասաց նախկին դատավորը:

Կարդացեք նաև

«Այն դատավորը, որն այս մեխանիզմով է նշանակվել, միշտ խոցելի է լինելու՝ կախված այն անձանցից, որոնք այլ ճանապարհներով նրան դատավոր են դարձրել։ Որպես կանոն, այդ ամենը լինում է նախնական պայմանավորվածության արդյունքում՝ ես քեզ կնշանակեմ, բայց դու պարտավոր ես հետայսու կատարել իմ կամքը։ Դա ամենավտանգավոր երևույթն է, որ ոչ թե կոնկրետ գործով են ցուցում ստանում, այլ հենց նշանակման պահից առկա է կոռուպցիա։ Խամաճիկային դատարան ունենալու մոլուցքը երբեք չի վերացել, դա կա մարդկության ստեղծման օրվանից, երբ անձն օժտվել է դատավորի լիազորություններով, և պետության ուժեղները փորձել են նրա նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Դա բնորոշ է ցանկացած քաղաքական իշխանության, և փառք ու պատիվ այն իշխանություններին, որոնք ազատ են թողնում դատարաններին»,- նշեց Վարդազարյանը:

ԲԴԽ նախկին նախագահի պնդմամբ՝ առաջնահերթը քաղաքական կամքն է, որի առկայության դեպքում դատական համակարգը կարող է հրաշալի աշխատել.

«Դատավորները չպետք է վախենան օրինական որոշում կայացնելուց, չմտածեն, որ վաղն իրենց հետևից ԱԱԾ-ն և դատախազությունն են գալու, կամ էլ հանրային պարսավանք է հաջորդելու։ Դա գրչի մեկ հարվածով չի լինում, այլ միայն քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Գագիկ Ջհանգիրյանի օրոք մեկ ամսում ամբողջ դատական համակարգում վախի մթնոլորտ ստեղծվեց։ Խամաճիկային դատարանները կա՛մ քաղաքականացված են, կա՛մ վախի մթնոլորտի ազդեցության ներքո են։ Դատական իշխանության թիկունքին պետք է լինի մի մարդ, որը չի թողնի, որ արտաքին ճնշումը ներազդի դատական իշխանության վրա»:

«Դատական համակարգին բնորոշ են հասարակության հիվանդությունները, և շատ դժվար է պայքարել այդ բացասական երևույթների դեմ։ Անցանկալի դատավորներին պատժելու գործընթացն առանց ԲԴԽ-ի հնարավոր չէ իրականացնել, կարգապահական պատասխանատվությունը սահմանում է հենց ԲԴԽ-ն։ Որպես կանոն, իշխանությունը ճնշում է գործադրում հանրային ճնշման միջոցով՝ լայվեր, հարցազրույցներ, մուտքերի արգելափակում, ինչո՞ւ ոչ՝ ուղղակի զանգով, պատվերը կամ ցանկությունը բարձրաձայնելով։ Ճշմարտությունն այն է, և ոչ ոք Հայաստանում դրանում չի կասկածում, որ շատ գործերով որոշումները կայացվում են ոչ թե դատարանի կողմից՝ խորհրդակցական սենյակում, այլ Հանրապետության հրապարակում՝ կառավարական շենքում»,- ամփոփեց Ռուբեն Վարդազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս