ՊԵԿ vs Հաշվեքննիչ պալատ
168.am-ն օրերս հրապարակել էր, «Միլիոնների անհամապատասխանություններ, ռիսկային գնումներ, վառելիքի գծով ոչ արժանահավատ ծախսեր. Ի՞նչ է հայտնաբերել ՀՊ-ն ՊԵԿ-ում» հոդվածը, որում անդրադարձ էր կատարել Հաշվեքննիչ պալատի կողմից հանրայնացված ՊԵԿ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքներին:
Հոդվածի վերաբերյալ սեփական դիտարկումներն է ներկայացրել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նկատելով, որ այդկերպ նպատակ ունեն հանրությանն ապահովել վերոնշյալ թեմայի վերաբերյալ առավել համակողմանի, ճշգրիտ տեղեկատվությամբ և ցանկանում են խուսափել խնդրի միակողմանի լուսաբանումից ու տարատեսակ անհիմն շահարկումներից:
Թե ի՞նչ նկատի ունեն ՊԵԿ ներկայացուցիչները «համակողմանի, ճշգրիտ և միակողմանի» ածականների կիրառությամբ, պարզ չէ, քանի որ 168.am-ի հրապարակումը հիմնված է բացառապես Հաշվեքննիչ պալատի կողմից ապրիլի 25-26 նիստերի ընթացքում հաստատված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացության հիման վրա:
Նյութը հիմնականում կառուցվել է՝ ՀՊ կողմից հաստատված եզրակացության ամփոփագրի վրա և այն շարադրելիս էլ չի եղել սահմանափակում՝ մանրամասնորեն պատճենել ՀՊ ողջ հաշվեքննությունը, ինչի պատճառով էլ սևով սպիտակին գրել ենք՝ «դրվագներ»:
Այդուհանդերձ, հրապարակում ենք ՊԵԿ դիտարկումները՝ մեր պատասխանները ևս ներառելով:
«Դիտարկում 1
«Այսպիսով, «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման շրջանակում 411100՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ: Հաշվեքննիչը նշել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի համապատասխան հրամանի համաձայն, պարգևատրումները դասակարգվում և արտացոլվում են 411200 տնտեսագիտական հոդվածում»:
ՊԵԿ Պատասխան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշված պարգևատրումներն իրականացրել է բացառապես 2022թ. պետական բյուջեով Կոմիտեին հատկացված վարձատրությանն ուղղված միջոցների հաշվին և չի ընդունել հաշվեքննողի կողմից ներկայացված մեկնաբանությունները, պնդելով, որ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 411100 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածից պարգևատրում տալը և հետևաբար նշված հոդվածում արտացոլելն իրավաչափ է և կարգավորված է «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից», իսկ նույն օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:
Այսինքն, ՊԵԿ-ը նշված շուրջ 55 միլիոն 173 հազար դրամ պարգևատրման գումարը վճարել է Կոմիտեի աշխատակիցների վարձատրության համար նախատեսված միջոցներից` ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Հոդվածն ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, մինչդեռ Կոմիտեն ընդամենը օգտագործել է աշխատակիցների պարգևատրման համար իրեն հասանելի միջոցները»:
168.am-ի պատասխանը
Հասկանալի չէ, թե հատկապես Հաշվեքննիչ պալատի արձանագրման վերարտադրության ո՞ր հատվածը նման տպավորություն պետք է ստեղծի ընթերցողի մոտ, եթե բառացիորեն գրված է. «տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ»:
Քանի որ հոդվածում տեղ է գտել բացառապես ՀՊ եզրակացությունը, արդյոք նաև այդ եզրակացությո՞ւնն է նման տպավորություն ստեղծում:
Ինչ վերաբերում է հաշվեքննողի՝ այն է՝ ՀՊ մեկնաբանությանը, ապա ՀՊ-ն այս դրվագով չի համաձայնել ՊԵԿ ներկայացրած արձագանքի հետ՝ մասնավորապես նկատելով, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում միակ իրավական ակտը, որով կարգավորվում են հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները, հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվում են կատարողների կողմից, այդ թվում նաև լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածում պետք է համապատասխանեն նշված հրամանով հաստատված ցուցումներին:
«Արձանագրված հաշվետվության խեղաթյուրման փաստը հաշվեքննության օբյեկտի կողմից չընդունելու հանգամանքը հիմնավորվում է «խեղաթյուրում» բառի բառարանային բացատրությամբ։ Մինչդեռ արտաքին պետական հաշվեքննությանը վերաբերելի փաստաթղթերում «խեղաթյուրում» եզրույթն օգտագործվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի և Աուդիտի բարձրագույն մարմինների համար կիրառելի միջազգային ստանդարտներով սահմանված իմաստով՝ «ֆինանսական հաշվետվությունում գումարի, դասակարգման, ներկայացման կամ բացահայտման ու դրանց համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքներով սահմանված պահանջների միջև տարբերություն»։ Հետևաբար, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում ֆինանսական գործարքի՝ օրենսդրության կիրառելի պահանջից տարբերվող դասակարգմամբ հաշվառված և հաշվետվության մեջ ներկայացված լինելու հանգամանքները հաշվեքննությամբ ապացուցված են, ուստի հաշվետվությունն ինքնաբերաբար խեղաթյուրված է։
Նույն տերմինը, նույն իմաստով օգտագործվում է նաև ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1931-Ն որոշմամբ հրապարակված և Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառության մեջ դրված աուդիտի, դիտարկման առաջադրանքների, հարակից ծառայությունների և որակի հսկողության միջազգային ստանդարտների հայերեն տեքստում»,- մանրամասնել էր հաշվեքննողը:
«Դիտարկում 2
«Պարզվում է նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության անվտանգության և պահպանության բաժնի անցագրային կետի հերթապահի պաշտոնները զբաղեցնելու համար թվով 162 ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը կնքվել են համապատասխան թափուր հաստիքներ նախատեսված չլինելու պարագայում, ինչպես նաև՝ 2022թ. կոմիտեի 425 աշխատակցի համար չեն հաշվարկվել և չեն վճարվել գիշերային աշխատանքի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելումները»:
ՊԵԿ պատասխան
Հիմք ընդունելով այն փաստը, որ պահնորդական ծառայությունները հանդիսանում են Կոմիտեի կարիքների համար խիստ անհրաժեշտ և իրականացվել են ՀՀ ՊԵԿ-ԲՄԾՁԲ-2021/3 ծածկագրով ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11.11.2022 թվականից վերոնշյալ պայմանագիրը լուծվել է (Կատարողը պատշաճ կարգով չի մատուցել պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված ծառայությունը)` Կոմիտեն շահագործվող շենքերի, կառույցների և դրանց հարող տարածքների պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով 2022 թվականի տարեվերջին վերը նշված գործառույթներն իրականացնելու համար քաղաքացիների հետ կնքել է ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի գերազանցվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ հաստատված Կոմիտեի աշխատողների առավելագույն թիվը (ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշմամբ Կոմիտեի նախագահին է վերապահված սահմանել Կոմիտեի ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը):
Այսինքն, մասնավոր պահնորդական ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում վերջինիս հետ կնքված պայմանագիրը խզվել է և Կոմիտեն ստիպված է եղել սեփական ռեսուրսներով ապահովել պահպանությունը»։
168.am-ի պատասխանը
Մենք այս առնչությամբ հղում ենք անում ՀՊ եզրակացության մեջ տեղ գտած հաշվեքննողի մեկնաբանության վրա՝ որն է. «Հաշվեքննության օբյեկտն ըստ էության արձանագրված փաստն ընդունել է ի գիտություն՝ 2023 թվականի փետրվարի 1-ին «Ներքին անվտանգության վարչության» հաստիքացուցակում ստեղծել է անցագրային կետի հերթապահների նոր հաստիքներ (աշխատատեղեր)»:
«Դիտարկում 3
«ՀՊ-ն արժանահավատ չի համարել նաև գերատեսչությունում ավտոմեքենաների վառելիքի գծով ծախսերի ճանաչման և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլված չափը: «2022թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունում ավտոմեքենաների վառելիքի՝ 132 միլիոն 549.000 դրամի չափով փաստացի ծախսերը ճանաչվել և արտացոլվել են առանց դրանց արժանահավատությունն ապահովող ավտոմեքենաների երթուղային թերթիկներում փաստացի կատարած վազքի ցուցմունքների»,- արձանագրել է հաշվեքննողը»:
ՊԵԿ Պատասխան
ՀՀ ՊԵԿ-ը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով կատարված ծախսերն իրականացրել է Կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ծառայողական ավտոմեքենաներին հատկացվող վառելիքի տրամադրման կարգը, սահմանաքանակները, ծախսի նորմաները, տրամադրվող լրացուցիչ վառելիքի զեկուցագրի ձևը, մարդատար (բեռնատար) ավտոմեքենայի ուղեթերթիկը, տրամադրված վառելիքի ծախսի հաշվետվությունը և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը հաստատելու մասին» թիվ 485-Ա հրամանի հավելված 5-ի համաձայն, իսկ ֆինանսահաշվային փաստաթղթերի հանձնումը և ընդունումը կատարել է գրանցամատյաններում` լրացնելով անհրաժեշտ բոլոր տվյալները։
Ինչ վերաբերում է հաշվեքննողի կողմից արձանագրված տրանսպորտային միջոցների ծախսերը ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 725-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատված ստանդարտներով իրականացմանը, ապա հայտնում ենք, որ Կոմիտեի հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցները շահագործվում են ՀՀ-ի ողջ տարածքում և վերջիններիս նկատմամբ Հրամանի կիրառումն իրատեսական չէ, քանի որ 22 ստորաբաժանումների վառելիքի կտրոնները տրամադրվում են լիազորված անձանց, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված լիազորագրի հիման վրա, իսկ Կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 485-Ա հրամանի N 5 Հավելվածը համապատասխանեցված է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներին:
Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Կոմիտեի կողմից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով կատարված 132,549.6 հազար դրամի ծախսերն արժանահավատ չհամարելու վերաբերյալ հիմքեր չկան»:
168.am-ի պատասխանը
Այստեղ դարձյալ մեջբերենք հաշվեքննողների մեկնաբանությունը. «Հաշվեքննության օբյեկտի կողմից արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ, ըստ էության, առարկություններ չեն ներկայացվել, քանի որ վառելիքի ծախսը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթում՝ տվյալ դեպքում երթուղային թերթիկներում գրառվող փաստացի կատարված վազքի (կմ) հիման վրա:
Արձանագրված հաշվետվության խեղաթյուրման փաստը հաշվեքննության օբյեկտի կողմից չընդունելու հանգամանքը հիմնավորվում է «խեղաթյուրում» բառի բառարանային բացատրությամբ, որի վերաբերյալ պարզաբանումը ներկայացված է սույն ընթացիկ եզրակացության 1.1 կետի հաշվեքննողների մեկնաբանություններում»:
Ասել է թե՝ չի ընդունվել հաշվեքննության օբյեկտի առարկությունը:
«Դիտարկում 4
«Ուշագրավ է, որ անհամապատասխանություն է առկա նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» միջոցառման շրջանակներում «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով կատարված ծախսերի առնչությամբ. ՀՀ պետական բյուջե 2022թ. ընթացքում մուտքագրվել է 36 միլիարդ 960 միլիոն 382.000 դրամ դրոշմանիշային վճար, սակայն միջոցառման շրջանակներում հիմնադրամին է փոխանցվել շուրջ 33 միլիարդ 970 միլիոն 589.000 դրամ: Տարբերությունը կազմում է 2 միլիարդ 989 միլիոն 793.000 դրամ»:
ՊԵԿ Պատասխան
Ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ պետական բյուջե չի մուտքագրվել շուրջ 3 մլրդ դրամ, մինչդեռ հաշվեքննությամբ բերված են ոչ համադրելի ցուցանիշներ և հաշվի առնված չէ զուտ տեխնիկական խնդիրը։
Կազմակերպությունների կողմից դրոշմանիշային վճարների գծով կատարված փոխանցումները ամբողջությամբ մուտքագրվում են պետական բյուջե, իսկ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) գումարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով, համակարգչային ծրագրի միջոցով: Պետական բյուջեից գումարը Հիմնադրամին փոխանցվում է այն դեպքում, երբ կազմակերպության կողմից պետական բյուջե է վճարվում առաջացած դրոշմանիշային վճարի պարտավորությունն ամբողջությամբ: Իսկ այն դեպքում երբ կազմակերպության կողմից պետական բյուջե փոխանցված գումարը ամբողջական չէ (փոխանցված գումարը ավելի փոքր է քան առաջացած պարտավորությունը), ապա համակարգը պետական բյուջեում հավաքագրված գումարը Հիմնադրամին չի փոխանցում այնքան ժամանակ քանի դեռ կազմակերպությունը պետական բյուջե չի վճարել պարտավորությունն ամբողջությամբ:
Պետական բյուջեից Հիմնադրամին վճարումները կատարվում են վերը նշված մոտեցմամբ, քանի որ Հիմնադրամին կատարված փոխանցումների հետ միասին վերջինիս է տրամադրվում նշված գումարի վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն (թե նշված գումարը, որ անձանց դրոշմանիշային վճարներնից է գոյացել), իսկ թերի կատարված փոխանցումների դեպքում անձնավորված հաշվառումների ներկայացումը հնարավոր չէ»:
168.am-ի պատասխանը
Թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը համոզված, որ ընթերցողի մոտ նման տպավորություններ կարող են ստեղծվել, 168.am-ը չի կարող մեկնաբանել, գուցե դա փորձի մեկնաբանել Հաշվեքննիչ պալա՞տը, քանի որ հրապարակված տեղեկությունը բացառապես ՀՊ եզրակացությունից հատված է:
Ի դեպ, այս դրվագի առնչությամբ ՀՊ-ն ևս չի ընդունել ՊԵԿ արձագանքը:
Իսկ հաշվեքննության օբյեկտը՝ (ՊԵԿ) արձագանքել էր. «1205 «Սոցիալական ապահովություն» ծրագրի 12009 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով կատարված ծախսերի վերաբերյալ: Վերոգրյալ կետով տրված հարցադրման հետ կապված հարկ ենք համարում նշել, որ ՀՀ պետական բյուջե 2022 թվականի ընթացքում մուտքագրված դրոշմանիշային վճարներով մարվել են ինչպես 2022 թվականի համար առաջադրված, այնպես էլ մինչև 2022 թվականը ստանձնած պարտավորությունները։
Արձանագրությամբ նշված գումարների տարբերությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) գումարը փոխանցվում է ինքնաշխատ, համակարգչային ծրագրի միջոցով, եթե վճարումը կատարվել է ամբողջությամբ։
Մասնակի վճարման դեպքում գումարը չի փոխանցվում և համակարգչային ծրագիրը սպասում է վճարման ամբողջացմանը։ Այս դեպքում նույնպես Հիմնադրամին փոխանցված գումարները հնարավոր է, որ վճարված են ինչպես 2022 թվականի, այնպես էլ դրան նախորդող տարիներին։
Այդ տեսակետից արձանագրությամբ նշված գումարները (36,960,382.88 և 33,970,589.60 հազ դրամ) համեմատելի չեն։ Միաժամանակ հարկ է նշել, որ մասնակի վճարման ժամանակ տեխնիկապես հնարավոր չէ նույնականացնել վճարողներին և պարտատերերին, քանի որ այս դեպքում անձնավորված հաշվառում գոյություն չունի։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կոմիտեն նախաձեռնել է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի թիվ 86-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունների գործընթացը»:
Հաշվեքննողների մեկնաբանությունը. «Հաշվեքննողների կողմից արձանագրվել է, որ ՀՀ պետական բյուջե 2022 թվականի ընթացքում մուտքագրվել է 36,960,382.88 հազ. դրամ դրոշմանիշային վճար, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում միջոցառման շրջանակներում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է փոխանցվել 33,970,589.60 հազ. դրամ կամ տարբերությունը կազմում Է 2,989,793.28 հազ. դրամ:
Նշվածի վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի կողմից ներկայացվել է արձագանք, այն մասին «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին գումարը փոխանցվում է ինքնաշխատ, համակարգչային ծրագրի միջոցով, եթե վճարումը կատարվել է ամբողջությամբ։ Մասնակի վճարման դեպքում գումարը չի փոխանցվում և համակարգչային ծրագիրը սպասում է վճարման ամբողջացմանը»։
Սակայն, ինչպես նշել է արձանագրությունում, ՀՀ կառավարության 02 փետրվարի 2017 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին թիվ 86-Ն որոշման համաձայն, եթե դրոշմանիշային վճարները փոխանցված են մասամբ, ապա՝ տվյալ գործատուի կողմից մասամբ վճարված դրոշմանիշային վճարների գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է հատուցման հիմնադրամին:
Հետևաբար, ինքնաշխատ եղանակով գործող համակարգչային ծրագիրը պետք է համապատասխանեցնել վերը նշված ՀՀ կառավարության որոշման պահանջներին»:
«Դիտարկում 5
«ՊԵԿ 2022 թվականի կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքվել է թվով 409 պայմանագիր, որից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 101, բաց մրցույթ ընթացակարգով՝ 15, գնանշման հարցում ընթացակարգով՝ 113, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով՝ 139 պայմանագրեր»:
ՊԵԿ Պատասխան.
Հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` 2022 թվականի կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքվել է 474 պայմանագիր, որից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 90, բաց մրցույթ ընթացակարգով՝ 13, գնանշման հարցում ընթացակարգով՝ 109, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով՝ 221, գնում չհանդիսացող պայմանագրեր` 40 հատ և ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպությունների գծով՝ 1 հատ պայմանագրեր»:
168.am-ի պատասխանը.
Հատված հաշվեքննությունից.
«Դիտարկում 6
«2021թ. հոկտեմբերի 22-ին ՊԵԿ-ի և «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով ձեռք են բերվել կոմպոզիտիվ սերվերներ և տվյալների պահոցներ` 1 միլիարդ 310 միլիոն 160.000 դրամով՝ երկու չափաբաժին: ՊԵԿ-ը 1-ին չափաբաժնով թվով 8 կոմպոզիտիվ սերվերները ձեռք է բերել «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ից՝ 92 միլիոն դրամ գումարով (առանց ԱԱՀ): Հաշվեքննությամբ պարզվել է, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն վերոնշյալ ապրանքները ձեռք է բերել «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ 73 միլիոն 270.000 դրամով (առանց ԱԱՀ): «Գների դրական տարբերությունը կազմում է 18,729.89 հազար դրամ /92,000.00-73,270.11/՝ 25.6 % /առանց ԱԱՀ/: Վերոնշյալ ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվել «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի կողմից 2022թ. մարտի 21-ին 68,800.19 հազար դրամով (առանց ԱԱՀ): Գների դրական տարբերությունը կազմում է 4,469.92 հազար դրամ /73,270.11-68,800.19/, 6.5% /առանց ԱԱՀ/»,- արձանագրել է ՊԵԿ-ը՝ նշելով, որ արդյունքում՝ պայմանագրի միայն 1-ին չափաբաժնով ներմուծման և ՊԵԿ-ին մատակարարման գների տարբերությունը կազմել է 23 միլիոն 199 հազար դրամ: Պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված տվյալների պահոցները ՊԵԿ-ը ձեռք է բերել «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ից՝ 999 միլիոն 760.00 հազար դրամով, իսկ հաշվեքննությամբ պարզվել է, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն վերոնշյալ ապրանքները 2022թ. հունիսի 10-ին ձեռք է բերել 753 միլիոն 142.000 դրամով, իր հերթին՝ այս ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվել «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ կողմից 2022թ. հունիսի 9-ին՝ 726 միլիոն 583.000 դրամով: Արդյունքում՝ պայմանագրի չափաբաժին 2-ով ՀՀ ներմուծված և ՊԵԿ-ին մատակարարված ապրանքների գների տարբերությունը կազմել է շուրջ 273 միլիոն 176.000 դրամ:
Հաշվեքննողն արձանագրել է. գնումն իրականացնելիս չի կատարվել շուկայական գների վերլուծություն, չի իրականացվել գնահարցում հայաստանյան կամ արտասահմանյան համապատասխան ընկերություններից, չի կատարվել ուսումնասիրություն բաց աղբյուրներում, այլ հիմք է ընդունվել միայն նախկինում կայացած, բայց տեխնիկական միջոցների դեպքում՝ ավելի վաղ և ոչ նույն տեխնիկական բնութագրերով գնման առարկայի գնման արդյունքում ձևավորված գները»:
ՀՊ-ն սա ռիսկային գնում է համարել: Հիշեցնենք, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն պատկանում է Ալեքսանդր և Հայկ Եսայաններին, որոնք 2018թ. հայտնի իրադարձություններից հետո ունեցան թռիչքաձև ձեռքբերումներ։ «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, պատկանում է Բելառուսից Եվգենի Մորոզովին: Ընկերությունը, ի դեպ, 2022թ. ՀՀ խոշոր հարկ վճարողների հարյուրյակում է»:
ՊԵԿ Պատասխան.
Կոմիտեի կարիքների համար «Կոմպոզիտիվ սերվերների» և «Տվյալների պահոցների» ձեռքբերման համար կազմակերպված գնման գործընթացն իրականացվել է մրցակցային ձևով` էլեկտրոնային աճուրդով: Գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրի գինն ամենացածրն է, որը ձևավորվել է մրցութային կարգով, այսինքն` մրցակցային է:
Տեղեկացնում ենք, որ գնի մեջ ներառվում է ոչ միայն ապրանքի ձեռքբերումը, այլև մատակարարումն, երաշխիքային սպասարկումն ու համակարգի նախնական գործարկման ծառայությունը` համաձայն արտադրողի կողմից խորհուրդ տվող ճարտարապետության և իրականացվող արտադրողի կողմից սերտիֆիկացված մասնագետների կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք նշված գների տարբերությունն իրական պատկերը չի արտացոլում, քանի որ հաշվեքննողը նշել է զուտ ներմուծման գինը` առանց հաշվի առնելու հարկերն ու վերոգրյալ ծառայությունները:
Իսկ ինչ վերաբերվում է տվյալ գնման գործարքները մրցակցային լինելու տեսանկյունից ռիսկային համարելուն, ապա հայտնում ենք, որ մրցակցային ձևով կազմակերպված գնման գործընթացի շրջանակում ձևավորված գինը, անգամ եթե մասնակցել է մեկ մասնակից, համարվում է մրցակցային և ոչ ռիսկային, իսկ տվյալ դեպքում եղել է երկու մասնակից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաշվեքննողը վերոգրյալի հետ կապված նույն արձանագրումը կատարել էր 2021 թվականի տարեկան հաշվեքննության ընթացքում, որի հետ կապված ստացել է Կոմիտեի մասնագիտական առարկությունը»:
168.am-ի պատասխանը
Ի դեպ, այս դրվագում ևս Հաշվեքննիչ պալատն, այդուհանդերձ, մեկնաբանել է. «Հաշվեքննության օբյեկտի կողմից տվյալ գնման առարկաների նախահաշվային և ՀՀՊԵԿ-ԷԱՃ-ԱՊՁԲ-21/25-1 պայմանագրային գների համեմատական վերլուծության արդյունքն, ըստ էության, հերքող փստարկների (հիմնավորումների) բացակայությունը, կայացած մրցույթին մեկ մասնակցի կողմից գնման հայտի ներկայացումը և այդ մասնակցի հետ գործնականում նախահաշվային գնով գնման պայմանագրի կնքումը, տվյալ գնման գործարքը, գնորոշման հիմնավորվածության տեսանկյունից, ռիսկային համարելու հիմք են տալիս»:
Ասել է, թե՝ ՊԵԿ ներկայացրած առարկությունները չեն ազդել հաշվեքննության արդյունքների վրա, և ՀՊ-ն շարունակել է գնման գործարքը ռիսկային համարել, ինչը և արձանագրել ենք: