Ի թիվս այլ պրոյեկտների՝ նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցք․ Ալիևը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր առաջին անգամ ՌԴ նախագահի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ ԵԱՏՄ ղեկավարների ելույթներին հաջորդեցին ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարների ելույթները, ինչպես նաև հյուրի կարգավիճակով Ալիևի ելույթը։
Ալիևն իր խոսքը սկսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհակալությամբ, որ վերջինս հրավիրել է մասնակցել միջոցառմանը, որպես հյուր։
Նա նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների ու Ադրբեջանի հարաբերությունները, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում են վերջին 30 տարիների ընթացքում։
Նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման լուրջ նախադրյալներ կան տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ «Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,-ասաց Ալիևը։
Վերջինս ներկայացրեց Ադրբեջանի առևտրաշրջասնառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նշելով, որ նախորդ տարի առևտրաշրջանառությունն այդ երկրների հետ աճել է 31 տոկոսով, կազմելով 4,7 մլրդ դոլար։
Ալիևը նշեց, որ Ադրբեջանը տեղակայված է տրանսպորտային հաղորդուղիների խաչմերուկի վրա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-հարավ, որը թույլ է տալիս փոխադրումներ իրականացնել ցանկացած ուղղությամբ։ Ի թիվս մի շարք տրանսպորտային պրոյեկտների՝ Իլհամ Ալիևը նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ասաց․ «Ադրբեջանը նախաձեռնել է նաև Զանգեզուրի միջանցքի ձևավորում, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև կդառնա միջազգային երթուղիների մաս»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է՝ պնդում է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում և քննարկելու։