Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
Հարավային Կորեայի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կդիտարկվի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Նման հայտարարություն է արել երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Տե Յոնը։
«Մինչ այժմ մենք հումանիտար և ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այնուամենայնիվ, Ուկրաինան ենթարկվել է անօրինական ներխուժման: Մենք պլանավորում ենք դա (խմբ.՝ ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը) դիտարկել՝ տեղում իրադրության մշտադիտարկումից հետո և հաշվի առնելով այլ իրավիճակները», – ասել է Չո Տե Յոնը:
Ըստ Yonhap-ի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հստակեցրել է, որ այս պահին Ուկրաինա զինամթերք ուղարկելու պլաններ չկան ո՛չ ուղղակիորեն, ո՛չ Լեհաստանի տարածքով։
Հարավային Կորեան Ուկրաինայում պատերազմի ընթացքում տարբեր տեսակի ոչ մահաբեր օգնություն է ուղարկել Ուկրաինային, սակայն մերժել է մահաբեր զենքեր մատակարարելու Կիևի խնդրանքը:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպել է մայիսի 31-ին՝ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացված G7-ի գագաթնաժողովի շրջանակներում և խոստացել լրացուցիչ օգնություն, ներառյալ՝ ականազերծման սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ: