Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:

Խորհուրդը նշել է, որ կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությանը.

«Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 2-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։

Միջազգային իրավունքի մաս կազմող այս սկզբունքն ավելի քան հրատապ է, քանի որ արցախահայությանը սպառնում է էթնիկ զտում, որն ակնհայտորեն պանթուրքիզմի ցեղասպանական ծրագրերի շարունակությունն է, ինչի վկայությունն են, մասնավորապես, Ադրբեջանի 2020 թվականի ռազմական ագրեսիան և Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։

ՖՀԿՀԽ-ը, որը միավորում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված և Ֆրանսիայի տարածքում գործող կազմակերպությունները, իր բողոքն է արտահայտում պատմության կրկնվելու վտանգի առնչությամբ: Կազմակերպությունը կոչ է անում միջազգային կառույցներին կանխել այս սպառնալիքը և պաշտպանել հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայության՝ իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։ ՖՀԿՀԽ-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել միջազգային ասպարեզում ունեցած ողջ կշիռը ՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակներից։

Առանց արդարության և ազատության խաղաղություն հնարավոր չէ :

ՖՀԿՀԽ ազգային գրասենյակ
23-ը մայիսի, 2023 թ.»:

Տեսանյութեր

Լրահոս