Քրեական գործով անցնող կուսակցական փաստաբանին Կարեն Անդրեասյանը, ի վերջո, դարձրեց դատավոր

Շուրջ երկու շաբաթ առաջ՝ մայիսի 11-ին, 168.amտեղեկացրել էր, որ թեպետ քրեական վարույթով անցնող, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող փաստաբան, ներկայումս՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ որպես քրեական մասնագիտացմամբ դատավոր, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժարվել էր հաստատել, սակայն Կարեն Անդրեասյանը որոշել է նրան ամեն գնով դատավոր դարձնել:

Մասիս Մելքոնյանին, հիշեցնենք, դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է այն բանում, որ լինելով իր փաստաբանը, նա յուրացրել է իր գումարները: Հաղորդման արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ, և Մասիս Մելքոնյանը ներկայումս անցնում է այդ վարույթով:

Վահագն Խաչատուրյանը հենց այդ հիմքով էլ չի ստորագրել նրա՝ դատավոր դառնալու հրամանագիրը:

Կարեն Անդրեասյանը, սակայն, որոշել էր ամեն գնով դատավոր դարձնել յուրային Մասիս Մելքոնյանին, և մայիսի 11-ին ԲԴԽ-ում Մասիս Մելքոնյանի հարցը կրկին դրվել էր քվեարկության, և կրկին դիմել էին ՀՀ նախագահին: Վահագն Խաչատուրյանը պնդել էր՝ Մասիս Մելքոնյանը չի կարող դառնալ դատավոր:

Կարդացեք նաև

Ըստ կարգի՝ եթե 2-րդ անգամ Նախագահը վերադարձնում է թեկնածությունը, նոր ԲԴԽ-ն իր որոշմամբ դատավորի թեկնածուին նշանակում է դատավորի պաշտոնում:

Եվ ահա, մայիսի 22-ին Մասիս Մելքոնյանը դարձավ դատավոր. Վերջինս երդվեց ԲԴԽ-ում:

Ի դեպ, Մասիս Մելքոնյանն անգամ այն ժամանակ, երբ դատավորի թեկնածու էր, իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն ներկայանում էր կուսակցական լուսանկարով՝ որպես պատգամավորի թեկնածու:

Այդ լուսանկարը հիմա էլ նրա ֆեյսբուքյան էջում կա՝ միայն թե առանց վերին ձախ անկյունում քվեաթերթիկում 11-րդ համարը լինելու թվի ցուցադրման:

Նկատենք՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է դատավորին լինել որևէ կուսակցության անդամ:

Բնականաբար, Մասիս Մելքոնյանն էլ իր շեֆի՝ Կարեն Անդրեասյանի պես, 5 րոպե առաջ դադարեցրած կլինի իր անդամակցությունը հարազատ կուսակցությանը: Ինչպես ասում են, թղթերով ամեն ինչ ճիշտ է:

Տեսանյութեր

Լրահոս