Վաշինգտոնյան բանակցությունների ամենամեծ առանձնահատկությունը խոսակցության ոճն է. Փաշինյան
«Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, որ մինչև հինգշաբթի օրը իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում: Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի(դուք գիտեք՝ մեր մոտեցումները և սկզբունքները), բացառել չեմ կարող: Ես իմ խոսքում ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա բանակցություններից մեկում կարո՞ղ է խաղաղության պայմանագիր ստորագրվել:
Նա նշեց, որ Վաշինգտոնից առաջ հայկական կողմն իր խմբագրումները նորից փոխանցել էր ադրբեջանական կողմին և հիմա նրանց արձագանքին են սպասում. «Հույս ունենք, որ այն կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որը արձանագրվել է: Օրինակ՝ եթե Ադրբեջանը այս շաբաթ փոխանցի իր արձագանքները և եթե մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի՝ փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչու չէ, ինչու չէ: Բայց այս պահին դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»:
Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների թեմային, Փաշինյանն ասաց՝ պետք է ուրախությամբ ընդգծի, որ այդ թեմայով էլ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. «Երաշխավորը, եկեք՝ պայմանական ասենք, որովհետև բանակցային գործընթացի ընթացքում ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ նույնպես առաջարկվել են, բայց եկեք՝ մեր ընկալումը շարունակենք պարզաբանել. Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ և առաջ, շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական և՛ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, և՛ ռիսկեր, և՛ կարող է հեղինակությունը բարձրացնել, և՛ կարող է հեղինակությանը լրջորեն վնասել:
Այս առումով, այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և ուզում են իրար հերթ չտալով՝ այդ դերը ստանձնել: Բայց, միևնույն ժամանակ, եթե միջազգային հանրությունը արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա՝ տևական խաղաղություն հաստատելու, ես կարծում եմ, որ կլինեն երկրներ և կազմակերպություններ, սկսած՝ առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը: Ես ընդամենը տպավորություն եմ կիսում ձեզ հետ՝ այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա»:
Ըստ նրա՝ վաշինգտոնյան բանակցությունների ամենակարևոր արձանագրումն այն է, որ իքս պահից կողմերը կարծես սկսել են միմյանց հետ հաղորդակցվել ավելի ուղիղ և բաց՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները. «Ներկայացնելով դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը, և շատ հարցեր, շատ նյուանսներ են ի հայտ եկել, որոնք նախկինում գուցե կողմերին կամ էդքան տեսանելի չէին, կամ արձանագրված չէ, և փոխադարձ ըմբռնում ասելով՝ դա նկատի ունեմ: Վաշինգտոնի բանակցությունների ամենամեծ առանձնահատկությունը համարում եմ խոսակցության ոճը. Շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել: Երբեմն, իհարկե, բանակցություններում նախադասությունները թաքնված իմաստներ շատ են պարունակում և երբեմն հեշտ չէ կռահել, մի ինչ-որ պահի այդ թաքնված իմաստներն սկսել են ավելի քիչ լինել և խոսակցությունները եղել են ավելի հասկանալի՝ փոխադարձաբար: Համենայնդեպս, մեր տպավորությունն է այդպես, ես չեմ կարող Ադրբեջանի կողմից էլ ասել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում