Արևմուտքից Ռուսաստանին դուրս քշելու ազդակ չենք ստացել, բայց ՌԴ խաղաղապահի առաջ քաղաքացի է սպանվում. Փաշինյան

«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով. ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը: ֆունդամենտալ պրոբլեմը սա է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ դա հստակ կընդգծվի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե վերջերս ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հստակ տեղեկություններ ունեն, որ Արևմուտքը հայերին ուղերձ է հղում, որ՝ «եկեք մեզ մոտ, քշեք ձեր տարածքից ռուսներին, սահմանապահներին, ռազմակայանը և ամերիկացիները կօգնեն ապահովել տարածքային անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քշելու, հարաբերությունները խզելու որևէ ազդակ չենք ստանում և չենք ստացել և չենք կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի: Ազդակներ կարող են լինել երկկողմ հարաբերությունների   զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է, այդ թվում՝ Ռուսաստանին: Երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ են քննարկվում, և կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ: Եկեք դիտարկենք Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը: Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է և Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտումն է: Ես չէի ուզի, որ Արևմուտքը կամ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՌԴ և մեր հարաբերություններում կարևորագույն կամ առանցքային գործոն»:

Տեսանյութեր

Լրահոս