«Լսի՛ր, դու բոլորիս ես զոհաբերում, ոչ թե՝ քո տղային, դու Հայաստանն ես դրել բագինին». Աբրահամ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հայ-ադրբեջանական բանակցություններ գոյություն չունեն, գոյություն ունի գործընթաց, որտեղ ադրբեջանական կողմը, որն ունի առավելություն՝ հետպատերազմական ժամանակահատվածում, բանակցային սեղանի վրա դնում է պայմաններ, առաջ է տանում իր դրած օրակարգային խնդիրները, և Հայաստանի ղեկավարությունը, որը չունի դիմադրողականության որևէ ռեսուրս՝ բանակցային սեղանի վրա, և բովանդակային որևէ առաջընթաց՝ Հայաստանի անվտանգության դիրքերի ամրապնդումից, մենք չենք տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած զորքերի հայելային հետքաշման գաղափարը նա աբսուրդ է համարում. «Ստացվում է, որ դուք 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս ունեք պայմանավորվածություն, և այս ամբողջ գործընթացն ընթանում է, որպեսզի իմիտացիա ստեղծեք բանակցային գործընթացի: 2021թ. մայիսին ադրբեջանական ներխուժմանը հաջորդած խոսույթում հանդիպեցին այդ զորքերի հայելային հետքաշմանը»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի նշած սահմանների ապառազմականացմանը, Աբրահամ Գասպարյանը նկատեց՝ ապառազմականացում՝ նշանակում է, որ դու այդտեղ բանակ չես տեղադրում, սահմանապահ ուժեր ես տեղակայում, որոնք ավելի շատ քաղաքացիական ֆունկցիա են կատարում, քան ի վիճակի կլինեն սահմանի անվտանգությունն ապահովել՝ հարկ եղած դեպքում ռազմական միջամտության կամ կանխարգելման միջոցով՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի սահմանապահ զորքերը գրեթե ոչնչով չեն տարբերվում զինված ուժերից և հատուկջոկատայիններից՝ և՛ լիազորությունների առումով, և՛ առաքելության առումով:
Ըստ նրա՝ գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը բերում է նրան, որ Ադրբեջանն աքցանի մեջ է վերցնում ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ. «Նահանջելով՝ դու ստեղծում ես այնպիսի վիճակ, որ դեֆոլտի մատնված պետություն ես դառնում, վաղը-մյուս օրն էլ, բնականաբար, այլ պահանջներ են ներկայացնելու: Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի ընդունել՝ որպես 29,800 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն, և չի էլ ընդունելու: Մենք չպետք է կտրվենք իրականությունից:
Պետք է այս ամենը դիտարկել ռեգիոնալ մակարդակում. Թուրքիայում նախագահական մրցավազք է, Թուրքիայում լրջագույն քաղաքական երկրաշարժ է սպասվում՝ նարատիվների իմաստով, և այդ երկրաշարժի գլխավոր մասնակիցները՝ թե՛ Էրդողանը, թե՛ Քըլըչդարօղլուն, և թե՛ Սինանը, որոնք դերակատարներ են, ի վերջո, ինչ էլ ասեն, ասեն՝ Զանգեզուրի միջանցքն իրենց հետաքրքիր չէ, Իրանով պետք է անցնեն և այլն, ի վերջո, ով ինչ էլ ասի, Թուրքիայի պետական քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ չի փոխվելու, որովհետև Թուրքիան այս տարածաշրջանը, ինչպես նաև՝ Բալկանները դիտարկում է ռազմավարական խորության տարածաշրջաններ: Բոլորը քեմալիստական ուղղության կողմնակիցներ են, իսկ քեմալիզմի առանցքային ուղղություններից մեկը դեպի Արևելք ընդարձակվելն է՝ փափուկ ուժով կամ կոշտ ուժով: Հիմա մենք 29,800 ենք ասում, թե ինչ ենք ասում, պետք է այս ամբողջ խճանկարը հասկանանք և դիտարկենք: Դու սեպ ես ընդամենը, այնպես, ինչպես 100 տարի առաջ, և քեզ պետք է վերացնեն: Հիմա մի փոքր ցեղասպանական գործելաոճի կիրառումը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, այդպես չեն անի, փափուկ ուժի միջոցով կանեն, այնպես, ինչպես 100 տարի առաջ եղավ՝ համաշխարհային պատերազմ էր, առիթից օգտվեցին և ցեղասպանություն իրականացրին»:
Աբրահամ Գասպարյանը հայկական պետականությանը հասցված ամենամեծ հարվածներից է համարում այն, որ Սփյուռքի հայկական լոբբին մեծ նահանջ է գրանցել. «Մենք անընդհատ խոսում էինք Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների մասին, բայց մոռանում էինք, որ Սփյուռքը մեր արտաքին ձեռքն է, մեր երկրորդ դիվանագիտական գլխավոր զենքն է, որը մենք, քիչ թե շատ, կամ լավ թե վատ, բայց արդյունավետ գործածում էինք նախկինում: Հայկական լոբբին էթնիկ լոբբինգի մեջ է մտնում, այն սկսեց դիրքերը զիջել ադրբեջանականին, որովհետև Ադրբեջանը միլիոնավոր դոլաների հոսքեր է ներարկում սփյուռքի իրենց կազմակերպություններում, որպեսզի դրանք կայացնի, և դրանք կարողանան հակակշռել հայկական լոբբիին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում: Շատ հետաքրքիր գործելաոճ են որդեգրել՝ գիտակրթական հիմնադրամների և մշակութային հիմնադրամների միջոցով են այդ ամբողջն իրականացնում: Նույն Հայաստանում, որ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ շենշող վերնագրերի ներքո՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, արևմտյան անվանումներով կազմակերպությունների դոնորները մեծ մասամբ ադրբեջանցիներն ու թուրքերն են: Այսինքն՝ երբ խոսվում է թուրքական կամ ադրբեջանական կապիտալի՝ Հայաստանում մշակութային և արժեքային խեղման իմաստով մեծ գործ կատարելու մասին, հենց սա նկատի ունենք: Ադրբեջանցին հիմար չէ, որ այստեղ գործընկեր փորձի գտնել. եվրոպական ֆոնդերի միջոցով տարբեր անվանումներով տարբեր ծրագրեր են իրականացնում, տարբեր տվյալների բազա են հավաքագրում: Ես գիտությամբ զբաղվող մարդ եմ և գիտեմ՝ որ հիմնադրամը ինչ է փորձում ֆինանսավորել, ինչ խնդիր է փորձում լուծել, գիտելիքների և տեղեկությունների ինչ բազա է փորձում ամբարել այստեղ՝ Հայաստանում, և այս ամենի ձայնը մենք հետո ենք լսելու»:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ 2018թ. հետո Հայաստանի գործող իշխանությունների առաջին խնդիրը եղել է Սփյուռքի և Հայաստանի դեսպանությունների միջև կապի խզումն ապահովելը. «Սկսել են Սանկտ Պետերբուրգից՝ շատ լավ հասկանալով, որ այնտեղ մենք գիտակրթական և լոգիստիկ, կազմակերպչական, ինչ-որ տեղ նաև՝ քաղաքական լուրջ պոտենցիալ ունենք, որը հանուն Հայաստանի ծառայեցնելու փոխարեն՝ խզում մտցրեցին: Սանկտ Պետերբուրգում հայկական հյուպատոսարանի և Եվրոպական տարբեր երկրների դեսպանատների առաջ հստակ խնդիր դրվեց, որ սփյուռքի հետ պարբերական կապերը պետք է մինիմալի հասցնել: Փուլ առ փուլ այդ ամենին հասան, և Հայաստանի դեսպանություններն օտարվեցին հայկական համայնքներից: Ի վերջո, ո՞ւմ համար է գաղտնիք, որ ՀՀ-ն օտարերկրյա պետություններում դեսպանություն բացելու հարցում հիմնականում ապավինում է տեղի հայ համայնքին: Բայց այդ կապը կտրելով՝ կամաց-կամաց իզոլացրին, և երկու գոյացություն առաջացավ: Այսօր Սփյուռքի քաղաքական օրակարգը որևէ օրհնություն կամ աջակցություն չի ստանում Հայաստանի Հանրապետությունից»:
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ չարժանանալ Միխայիլ Սահակաշվիլու ճակատագրին. «Նա կորցրել է ամեն ինչ, նա պատրաստ է կորցնել Հայաստանը, պատրաստ է զոհաբերել բոլորին, պատրաստ է, ներողություն համեմատության համար, Աբրահամի դերում հանդես գալ և զոհաբերել Իսահակին, միայն թե, այսպես կոչված, «աստվածահաճո գործ» անի: Դուք խոսույթին ուշադրություն դարձրեք: Քանի որ նա անհավասարակշիռ է և հախուռն, իր լեզվին տվել է ազատություն՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային պետական շահերի անունից անել այնպիսի հայտարարություններ, որոնք չեն բխում և երբեք չեն բխել մեր կենսական շահերից: Նա ընդամենը ժամանակ է ձգում, ոչ այն է՝ ստորագրի, ոչ այն է՝ չստորագրի: Եթե նման փաստաթուղթ ստորագրի, ներպետական իրավական և օրենսդրական բոլոր ընթացակարգերին հակասող պրոցես է դա: Տեսեք՝ մենք ուր ենք գնում, այս ամենի վերջը շատ վատ է լինելու, որովհետև անկախ ամեն ինչից՝ մենք մտել ենք մի հորձանուտ, որից դուրս գալու համար սրանից հետո եկող իշխանությունը շատ ավելի տխուր վիճակում է հայտնվելու՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը երբևէ վերականգնելու առումով: Սրան վրադիր՝ նաև այս կոկաինի սկանդալը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ վիճակի մեջ ենք: Մենք ահավոր վիճակի մեջ ենք, մենք դժոխային վիճակում ենք: Դու դառնում ես իզգոյ, մարգինալ, ոչ մի միջազգային գործընկեր այլևս քեզ լուրջ չի ընդունում»:
Գասպարյանի խոսքով՝ Եվրոպա-Մոսկվա այս դեգերումների մեջ մեզ լուրջ չեն ընդունում. «Վայն է եկել այն իշխանության, որ սրանց գործած ավերներից հետո նորից դիվանագիտություն պետք է փորձի կառուցել: Որովհետև այս տարածաշրջանում գոյություն ունեն աշխարհաքաղաքական հրամայականներ. դու չես կարող անտեսել Ռուսաստանին, դու չես կարող հաշվի չառնել քո պարտավորություններն այս տարածաշրջանում, դու չես կարող անտեսել համաշխարհային կարգը վիճարկող պետության դերակատարությունը: Եթե դա վիճարկում ես, բայց Եվրոպան քեզ անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, ու հետո երես ես թեքելու Եվրոպայից, մենք դառնալու ենք մարգինալ՝ բոլոր առումներով, սուվերենությունը կորցրած պետություն: Եվ այդտեղ է, որ աշխարհը լուռ է լինելու, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կանցնեն Հայաստանի վերջնական ոչնչացման կամ պետականության վերացման գործին: Այնպես, ինչպես Դուշանբեում գնացիր և վերելակի մեջ խոսեցիր, պայմանավորվեցիր՝ անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտին և դու դրա հետևանքը տեսար 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրանք քեզ թեկուզ բարոյապես չաջակցեցին: Հիմա՝ դարձ ի շրջանս յուր»:
Նա շեշտեց՝ Հայաստանը՝ իր կարողականությամբ, ռեսուրսներով, բավական մեծ պետություն է, եթե արդյունավետ կառավարես, որն ունի խեղճ, թշվառ և գավրոշի հոգեբանությամբ առաջնորդվող ղեկավարություն:
«Էրդողանի վերընտրությունը շատ ծանր է լինելու հայ ժողովրդի և ՀՀ-ի համար, գործող իշխանության համար փառքի օրեր են լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իշխանության պահող միակ երաշխավորը Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Եթե Էրդողանը չվերընտրվի, Փաշինյանի դիրքերը կթուլանան: Սա վերջին երեք տարում՝ պատերազմից հետո, իր կյանքի իրավունքն է մուրում մե՛կ Բրյուսելում, մե՛կ Մոսկվայում, մե՛կ Վաշինգտոնում: Մաքոքային այն դիվանագիտությունը, որն իրականացվել է վերջին երեք տարվա ընթացքում՝ նաև տարբեր գործակալների միջոցով, որոնք պաշտոնի են նշանակված, մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել սեփական իշխանությունը: Մոսկվան երաշխիքներ չի տալիս՝ օձիք են թափ տալիս, Իրանը երաշխիքներ չի տալիս, ԱՄՆ-ը և Եվրոպան արդեն չեն տալիս, ումի՞ց պետք է խնդրի՝ Թուրքիայից: Որպեսզի Թուրքիան շարունակի տպավորություն ստեղծել, որ կա պրոցես, մե՛կ օդային տարածք է բացում, մե՛կ փակում…»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ այս տրամաբանությամբ, եթե Թուրքիայի շահերն է սպասարկում, Քըլըչդարօղլուի հետ էլ կհամագործակցի, նա արձագանքեց. «Իհարկե, բոլորի հետ էլ կհամագործակցի: Ես՝ որպես հայ տղամարդ, այլոց կանանց ո՛չ խոսքերին եմ անդրադառնում, ո՛չ գործերին, բայց քանի որ ի պաշտոնե նա վարչապետի աթոռը զբաղեցնողի կինն է, նկատե՞լ եք՝ վերջին 6 ամսվա ընթացքում որքան է ակտիվացել նա, մինչև այդ լուռ էր: Այս ամբողջը Նիկոլ Փաշինյանի հոգեբանական, սթրեսային վիճակի մեղմացմանն ուղղված քայլեր են: Եթե արտաքին լեգիտիմության շղարշը, որը հաղորդվել է այս իշխանությանը, տալիս է Էրդողանը սրան, ապա ներսում իրեն իշխանությունում պահողը իր կինն է: Գիտե՞ք՝ երբ ակտիվացավ այս անձնավորությունը, երբ համացանցում հայտնվեցին Սահակաշվիլու կադրերը: Սահակաշվիլու կադրերի հայտնվելուց հետո նա հոգեբանական աջակցության հասավ իր ամուսնուն, և եթե հարկ լինի երկիրը զոհաբերել, զոհաբերի՛ր, դու չպետք է հայտնվես այսպիսի վիճակում: Ես հոգեբան չեմ, քաղաքական հոգեբանություն լավ ուսումնասիրել եմ, բայց շիզոֆրենիա հիշեցնող այս վիճակը լուրջ հիմքեր ունի: Նա տանուլ է տվել ամեն ինչ և բոլորին, նա զոհաբերում է բոլոր նրանց, ովքեր իր ձեռքը գեթ մեկ անգամ սեղմել են, նա պատրաստ է թեկուզ իր որդու մասնակցությամբ շոուներ սարքել, բայց էական խնդիրներից ուշադրություն շեղել: Դա արդեն հետաքրքիր չէ, հնամենի են իր մեթոդները: Արա՛, երկիր ես կորցրել ու դու բոլորիս ես տանում զոհաբերության, ոչ թե՝ քո տղային, դու Հայաստանն ես դրել բագինին: Նա շատ լավ գիտի իր ճակատագիրը»:
Աբրահամ Գասպարյանը հավելեց. «Հայաստանում իրավիճակը կփոխվի, սրանք իշխանազրկվելու են, առաջիկա մի քանի օրերին հետաքրքիր պրոցես է սկսվում, և այդ պրոցեսի վերջնական նպատակը լինելու է այս հակահայ իշխանություններից ձերբազատվելով՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական շահերի պաշտպանությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում