«Իրավիճակը շատ վատ է, երբեք այսքան վատ չի եղել. իշխանության ամեն մի օրն ավելի է վատացնելու». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Արցախը հայկական պահելու ու չկորցնելու համար պետք է ունենալ պետություն ու բանակ։

«Ես արդեն տեղյակ չեմ, ունե՞նք պետություն, կամ ունե՞նք բանակ։ Բանակ ունեինք, գուցե հիմա էլ ունենք, բայց պետություն է պետք ունենալ բանակից վերև, ինչը չունենք։ Սա պետականության կոլապս է, ասել եմ ու շարունակելու եմ ասել, թեպետ հոգնեցի ասելով։

Առանց պետականության և առանց բանակի չենք կարող անել որևէ բան։ Հիմա այս մարդիկ ձախողել են ամեն ինչ։ Ժամանակին ասվում էր, թե ինչու է տեղի ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Տեղի ունեցավ, որովհետև չունեինք պետականություն։ Հիմա էլ է տեղի ունենում ցեղասպանություն՝ պետականության գոյության պայմաններում, ուրեմն՝ այդ պետականությունը ֆիկցիա է, եթե չի կարողանում պաշտպանել իր ժողովրդին։ Գուցե բնավ էլ պետականություն պարտադիր չէր, որպեսզի իր ժողովուրդը ցեղասպանության չենթարկվեր»,- 168.am հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդը՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին ու հնարավոր զարգացումներին։

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ՝ Հայաստանն ու Արցախը երբեք նման վատ իրավիճակի մեջ չեն հայտնվել։

Կարդացեք նաև

«1988 թվականի Արցախյան շարժման առաջին ցույցերից ի վեր, երբեք Հայաստանն ու Արցախն այս վիճակում չէին հայտնվել։ Չի եղել իրավիճակ, որ Արցախը հայտնվի տոտալ շրջափակման մեջ։ Նույնիսկ պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թվականներին, երբ ցամաքային բլոկադա էր, օդային ճանապարհով Արցախի հետ կապ կար։ Բայց այսօր մենք ոչ օդային, ոչ ցամաքային հաղորդակցություն չունենք Արցախի հետ։ Հիմա լավ է՝ համացանցը կա, հակառակ պարագայում արցախահայության վերաբերյալ ոչինչ չէինք իմանա։

Հիմա իրավիճակը շատ վատ է, երբեք այսքան վատ չի եղել։ Միշտ էլ ասել եմ՝ իշխանության ամեն մի օրն ավելի է վատացնելու»,- եզրափակեց սրբազանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց անցակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպաններն» անցակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, նրանց այս պահին փոխարինում են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։ 

Տեսանյութեր

Լրահոս