Աշոտ Փաշինյանն առերեսմանը լավ պատրաստված էր. այլ ապացույց, բացի նրա ցուցմունքից, չկա. պաշտպան
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ որպես փաստական հանգամանքներ՝ ներկայացվել են միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը, հաղորդումը և տեսագրությունները, այդ թվում՝ իրենց հրապարակած տեսագրությունները: Այսինքն, որևէ այլ բան չի ներկայացվել:
«Ընդ որում, տեսագրություններով բուն դեպքը տեսանելի չէ: Տեսանելի են միայն ավտոմեքենա նստելու, ավտոմեքենայից դուրս գալու հանգամանքները: Մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Ավտոմեքենայի սրահում կատարված այդ դեպքի՝ առերևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետևաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը»,- նշել է փաստաբանը:
Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, առերեսման ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքը:
«Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը, անգամ կանխատեսել էր և հաշվառել մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը: Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց՝ ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար՝ չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր եկել առերեսման: Խիստ պատրաստված էր՝ նաև իրավական և իրավաբանական առումով»,- հայտնել է Գայանե Հակոբյանի պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում