Բաժիններ՝

Նանսենի անվան այգում շների համար խաղահրապարակ են սարքում, բայց ծառերի հատում չի եղել. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

Քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի այգում ծառեր են հատվել և շների համար խաղահրապարակ են կառուցում:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից 168.am-ը փորձեց պարզել, թե արդյոք ծառահատում եղե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ նպատակով:

ՀՈԱԿ-ի Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ Նանսենի այգում որևէ ծառահատում տեղի չի ունեցել:

«Ընդամենն աշխատանքներ են տարվում, շների համար խաղահրապարակ են սարքում, բայց ծառերի հատում չի եղել, անգամ ճյուղի չեն կպել»,- պարզաբանեցին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեռևս 2021թ. սեպտեմբերին քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստվել են դեռևս 2021թ.: Զբոսայգիներում առանձնացվելու են նաև փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքներ:

«Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,- նշել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանն անդրադարձել էր այս որոշմանը՝ նշելով. «Երբեմն շները դնչկալով չեն, այսինքն, օրենքը հաճախ խախտում են: Չնայած որոշ այգիներում, օրինակ, Արգենտինայի անվան այգում, կա ցուցանակ, որտեղ գրված է, որ շներին լողավազան բաց թողնելն արգելվում է: Շների համար հատուկ տարածք սահմանված է նաև Թումանյանի այգում, որտեղ շները խաղում, զբոսնում են: Երկրորդ խնդիրը դա շների արտաթորանքն է. բոլոր քաղաքակիրթ երկրներում շների տերերը վերցնում են փաթեթներ և հավաքում են իրենց կենդանիների արտաթորանքը: Դա օրենքով սահմանված կարգ է, որպեսզի չկեղտոտեն տարածքը, չհանդիսանան զանազան, այդ թվում՝ ճիճվային հիվանդությունների տարածողներ: Էխինակոկոզի (մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է) նման վտանգավոր հիվանդության միջանկյալ տերերը շներն են: Մեզ մոտ սա ևս չի հսկվում»:

Տեսանյութեր

Լրահոս