«Որևէ մեկը, առավել ևս՝ Փաշինյանը, իրավունք չունի և չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրավունքը». Արթուր Մոսիյան
Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից և Շառլ Միշելի հայտարարությունից հետո, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այսօր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ տարածքով։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է շատ կտրուկ պատասխան տան։
«Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր 29.800 քկմ տարածքից, ինչ-որ տեղ ենթադրվում էր, որ ինքը որպես ՀՀ ղեկավար՝ տեր է կանգնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, չհաշված, որ Արցախը մոռանում է։ Սակայն 86.600 քկմ տարածքի վրա հղում կատարելով՝ հստակ իր նպատակի մասին է ասում։ Բայց որևէ մեկը, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը, իրավունք չունի և չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրավունքը, սա միանշանակ է»,- նշեց Արթուր Մոսիյանը։
Նրա խոսքով՝ Արցախն այս ամենով հանդերձ՝ շարունակելու է պայքարել իր իրավունքներին տեր կանգնելու համար։
«Այդուհանդերձ պետք է հասկանանք, որ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ, սա համայն հայության հարցն է, և ամբողջ մեր հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու սփյուռքում, պետք է տեր կանգնի իր երկրին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Արցախում սկսված քաղաքական կոնսուլտացիաներին, որ պետք է իրականացներ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արթուր Մոսիյանը փոխանցեց, որ քաղաքական որևէ կոնսուլտացիայի մասին, այս պահին գոնե, ինքը տեղյակ չէ։
«Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կոնսուլտացիաներ է սկսում հավաքի մասնակիցների հետ, ես այդքան գիտեմ։ Այս պահին մեզ որևէ մեկը որևէ հարցով չի դիմել»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։