Ոչ ռեզիդենտները հանում են գումարները

Ռուս-ուկրաինական հակամարտության ու միջազգային պատժամիջոցների հետևանքով անցած տարի Ռուսաստանից բավական խոշոր գումարներ տեղափոխվեցին Հայաստան։ Այդ գումարների մի մասը, ապահովության համար, որպես ավանդ՝ ներդրվեցին հայաստանյան բանկերում։ Դրա արդյունքում արձանագրվեց բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների հսկայական աճ, ինչպիսին նախկինում երբևէ չէր եղել։

Դրամային արտահայտությամբ դրանք ավելացան 531 միլիարդով, ինչը համարժեք էր շուրջ 1,3 մլրդ դոլարի։ Բայց եթե հաշվի առնենք նաև փոխարժեքների ազդեցությունը, ապա տարբերությունն անհամեմատ ավելի մեծ կլինի։

Անցած տարվա վերջին ոչ ռեզիդենտների ավանդները կազմեցին 3,5 մլրդ դոլար։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ընդամենը 1,8 միլիարդի կարգի էին։

Նման կտրուկ աճից հետո, սակայն, այս տարվա սկզբին դրանք սկսել են նվազել։

Նվազում նկատվեց նախ հունվարին. նախորդ ամսվա համեմատ՝ ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվեցին գրեթե 35 մլն դոլարով։ Կրճատումը շարունակվեց նաև հաջորդ ամիս։ Սակայն անհամեմատ ավելի մեծ տեմպով։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ այդ ամսին հայաստանյան բանկերում պահվող ոչ ռեզիդենտների ավանդները պակասել են ավելի քան 264 մլն դոլարով։

Եթե անցած տարվա դեկտեմբերին դրանք կազմել էին 1 տրիլիոն 428 մլրդ դրամ, ապա այս տարվա փետրվարին կազմեցին 1 տրիլիոն 311 մլրդ դրամ։

Եվս 35 մլրդ դրամով կամ շուրջ 90 մլն դոլարով արտաքին ավանդները նվազել են նաև մարտին։

Երեք ամսվա ընթացքում հայաստանյան բանկերում պահվող ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվել են գրեթե 152 մլրդ դրամով կամ շուրջ 390 մլն դոլարով։

Նվազել են՝ ինչպես արտարժութային, այնպես էլ՝ դրամային ավանդները։ Բայց, իհարկե, գերակշռողը տարադրամային ավանդներն են։

Այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդային գումարները հայաստանյան բանկերում պակասել են ավելի քան 143 մլրդ դրամով, դրամայինը՝ 8 միլիարդով։ Անցած տարվա վերջին այլ երկրների քաղաքացիների ու կազմակերպությունների տարադրամային ավանդները կազմում էին 1 տրիլիոն 213 մլրդ դրամ, այս տարվա ապրիլի սկզբի դրությամբ դարձել են 1 տրիլիոն 69 միլիարդ։ Դրամային ավանդները 215 միլիարդ էին, դարձել են 207 մլրդ դրամ։

Դժվար է միանշանակ ասել, թե այս դրսևորումներն ինչի հետևանք են, բայց տպավորություն է, որ դրսից եկած գումարները սկսել են դուրս բերվել Հայաստանից։

Դրա վկայություններից մեկն էլ, թերևս, այն է, որ բանկերից հանել են հիմնականում տարադրամային միջոցների տեսքով պահվող գումարները։

Նման ենթադրության համար հիմք է տալիս նաև այն, որ վերջին շրջանում Հայաստանում հանգրվանած Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժն ակտիվացել է։

Տեղափոխվածներն ավելի հաճախ են սկսել դժգոհել՝ ինչպես տարադրամի փոխարժեքներից, այնպես էլ՝ Հայաստանում ձևավորված բարձր գներից։ Այդ գործոնները պատճառ են դարձել, որպեսզի նրանց մի մասը հեռանա Հայաստանից։ Հեռանալով՝ նրանք հանում են նաև իրենց գումարները։

Երեք ամսում բանկային համակարգից 390 մլն դոլարի դուրսբերումն արդեն բավական մեծ տեղաշարժ է։ Թեև, դրանով հանդերձ, ոչ ռեզիդենտների ավանդները Հայաստանի բանկային համակարգում շարունակում են անհամեմատ գերազանցել նախորդ տարվա մակարդակը։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլի սկզբին ոչ ռեզիդենտների ավանդներն ավելի քան 451 մլրդ դրամով գերազանցում են անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշը։

Սա նշանակում է, որ չնայած նկատվող տեղաշարժերին, ոչ ռեզիդենտները դեռևս բավական մեծ գումարներ են պահում հայաստանյան բանկերում, ինչը լավ ռեսուրս է տնտեսության համար։ Սակայն այն ոչ միշտ է ծառայում իր նպատակին։ Գումարները կան, բայց տնտեսությունը չի կարողանում կլանել։ Դրանք մնում են բանկերում ու վերածվում չաշխատող կապիտալի։

Պատահական չէ, որ այսօր հայաստանյան բանկերում ավելի շատ ավանդներ կան, քան տրամադրված վարկերն են։ Ավանդներն ավելի քան 1,1 տրիլիոն դրամով կամ շուրջ 2,9 մլրդ դոլարով գերազանցում են վարկերին։

Հայաստանի քաղաքացիներին կամ ռեզիդենտներին բանկերի տրամադրած վարկերը ապրիլի սկզբի դրությամբ 3,9 տրիլիոնի կարգի են։ Դրանք՝ ինչպես տարեսկզբի, այնպես էլ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են, բայց աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան ավանդներինը։

Վարկերը մեկ տարվա ընթացքում ավելացել են գերազանցապես հիփոթեքի հաշվին։

Վարկային ընդհանուր պորտֆելը բանկերում աճել է 239 միլիարդով, միայն հիփոթեքինը՝ գրեթե 200 միլիարդով։

Չնայած փողի առատությանը, բանկերի վարկային կապիտալը վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է արդյունաբերության մեջ։ Մեկ տարի առաջ ռեզիդենտներին տրամադրված վարկերն արդյունաբերության հատվածում կազմել էին 560 մլրդ դրամ, այս տարվա մարտի սկզբի դրությամբ կազմել են 517 միլիարդ։ Կրճատվել են շուրջ 43 մլրդ դրամով։

Բանկերի վարկային պորտֆելը նվազել է նաև այլ ոլորտներում։ Այնինչ կտրուկ աճել է հիփոթեքի պորտֆելը՝ անցնելով 897 մլրդ դրամից։

Հիփոթեքը 380 միլիարդով գերազանցում է արդյունաբերությանը տրամադրած վարկերին։

Վերջին տարիներին հիփոթեքի պորտֆելն արագորեն աճում է, իսկ արդյունաբերությանը՝  նվազում։ Երկու տարի առաջ արդյունաբերությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելը ռեզիդենտների մասով հասնում էր 629 միլիարդի։ Այս տարի եղել է 517 միլիարդի կարգի։ Նույն ընթացքում հիփոթեքը 504 միլիարդից դարձել է 897 միլիարդ՝ ավելանալով 393 միլիարդով։

Ահա նման դրսևորումների մեջ է բանկային համակարգի ու տնտեսության կապը։ Այդ կապը գնալով բարակում է՝ մնալով հիմնականում հիփոթեքի հույսին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս