Բաժիններ՝

Մյանմայում հզոր ցիկլոնի հետևանքով կա առնվազն 6 զոհ, 700 վիրավոր

«Մոկո» հզոր ցիկլոնը Մյանմայում հանգեցրել է սաստիկ հեղեղումների: Անբարենպաստ եղանակի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, 700 մարդ տուժել է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Մայիսի 14-ի կեսօրին «Մոկո»-ն մոլեգնել է երկրի առափնյա մասում գտնվող Ռակհայն նահանգում և հանգեցրել հեղեղումների: Տեղի բնակիչներն ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներ և շենքերի վերին հարկեր։ Այսօր առավոտյան փրկարարները տարհանել են ծուղակում հայտնված շուրջ 1000 մարդու:

Մի քանի քաղաքներում ցիկլոնի հետևանքով փլուզվել են բջջային կապի աշտարակներ, փոթորիկը վնասել է նաև տներն ու էլեկտրական տրանսֆորմատորները։

Տեղական լրատվամիջոցների և փրկարարական խմբերի հաղորդագրությունների համաձայն՝ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։ Մյանմայի օդերևութաբանական վարչությունում հաղորդել են, որ Սիտուե քաղաքից ոչ հեռու քամու արագությունը հասել է 209 կմ/ժ-ի։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկուշաբթի կեսօրից հետո «Մոկո»-ի ուժգնությունը նվազել է:

Ցիկլոնի հետևանքով մի քանի մարդ տուժել է նաև հարևան Բանգլադեշում։ Երկրի իշխանությունները հազարավոր մարդկանց էին տարհանել նախքան փոթորկի մոտենալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս