Օլիմպիական խաղերից հետո ցանկանում էի հեռանալ, բայց ինքս իմ մեջ ուժ գտա և մնացի սպորտում. Անդրանիկ Կարապետյան
Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն՝ երկամարտի 374 կգ արդյունքով, և դարձավ արծաթե մեդալակիր:
«Հաջողությունս նվիրում եմ տղայիս: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ, երբ արդեն բռնել էի ծանրաձողս, լսեցի տղայիս ձայնը, որը տրիբունայից կանչեց՝ «պապա»: Ինքս ինձ խոստացա, որ կբարձրացնեմ հանուն նրա»,-լրագրողների հետ զրույցում նշեց Եվրոպայի փոխչեմպիոնը:
Իսկ, թե Անդրանիկ Կարապետյանն ինչո՞ւ ընտրեց ծանրամարտը, ի՞նչ դեր խաղաց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում որդու ձայնը, ու ի՞նչ նպատակներ ունի, փորձել ենք պարզել մարզիկից:
-Անդրանիկ, ծանրամարտով սկսել եք զբաղվել 12 տարեկանից: Ինչո՞ւ ընտրեցիք այս մարզաձևը:
– Ի սկզբանե եղբայրս էր զբաղվում ծանրամարտով: Իր հետ ես էլ սկսեցի հաճախել ծանրամարտի, և ընթացքում արդեն շատ սիրեցի այս սպորտաձևը:
-Հարցազրույցներից մեկում՝ հարցին՝ ո՞ւմ կուզեիք, որ հանդիսատեսի շարքում տեսնեիք մրցման ժամանակ, պատասխանել էիք, որ ոչ ոքի, քանի որ, գուցե լարվածություն առաջանա: Այս անգամ կարծես թե հակառակը եղավ: Ձեր փոքրիկի ձայնն օգնեց ծանրաձողը բարձրացնելիս: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր մոտեցման մեջ փոփոխություն է եղել:
-Կարծում եմ` այո: Ընտանիքիս աջակցությունը ոչ միայն լարվածություն չառաջացրեց, այլ նաև շատ օգնեց:
-Կուզեի՞ք, որ Ձեր որդին շարունակեր Ձեր ուղին:
-Եթե ինքը ցանկանա, ես դեմ չեմ լինի, բայց նաև եթե չցանկանա, չեմ ստիպի:
-Մարզաձևն ի՞նչ բարդություններ և առավելություններ ունի:
-Կարծում եմ՝ միայն ծանրամարտը չէ, բոլոր սպորտաձևերն էլ խլում են կյանքիդ լավագույն տարիները, բայց, միևնույն ժամանակ, ձեռք ես բերում մեծ ճանաչում և փառք: Ծանրամարտում և´ ուժն է կարևոր, և՛ խելքը: Իրար հետ փոխկապակցված են:
– Կա՞ ծանրորդ, ում միշտ ցանկացել եք նմանվել, կամ իրեն միշտ հետևում եք:
– Միշտ հետևում եմ մեր հայ մարզիկներին:
-Եղե՞լ է պահ, որ ցանկացել եք հեռանալ մարզաձևից:
-Այո: Օլիմպիական խաղերից հետո ցանկանում էի հեռանալ, բայց ինքս իմ մեջ ուժ գտա և մնացի սպորտում: