Եկատերինբուրգում կայացել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի գալա համերգը
Մայիսի 12-ին «Ռուսաստանի տարածաշրջաններում Հայաստանի օրեր» նախագծի շրջանակներում Եկատերինբուրգի Սվերդլովսկյան պետական մանկական ֆիլհարմոնիայի Եկատերինինսկի դահլիճում կայացել է «Հայաստան-Ռուսաստան. Մշակույթների երկխոսություն» խորագրով գալա համերգը։
Այս մասին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Վասիլի Կոզլովը։
Վ.Հարությունյանն իր խոսքում նշել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագիծը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա տոնից հետո անցկացնելու խորհուրդը ՝ ընդգծելով, որ դա խորհրդային ժողովրդի ընդհանուր հաղթանակն էր ֆաշիզմի դեմ։ ՀՀ դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են եղբայրական կապերը, դարավոր պատմությունը, ընդհանուր հաղթանակներն ու մշակութային անքակտելի կապերը։
Իր հերթին, Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Վ.Կոզլովը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախաձեռնության և հայկական հարուստ մշակույթին առավել հանգամանալից ծանոթանալու հնարավորության համար և վստահություն հայտնել, որ նախագիծը կնպաստի երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի հետագա զարգացմանը:
Երեկոն շարունակվել է Ռուսաստանի պետական ակադեմիական Մարիինյան թատրոնի մենակատարների, Մոսկվայի Ս.Փարաջանովի թատրոնի արտիստների, Ա.Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի մենակատարների, «Արարատ Բենդ» ազգային նվագարանների համույթի և այլ երաժշտական խմբերի ելույթներով։
Միջոցառմանը Սվերդլովսկի մարզի կառավարության, Եկատերինբուրգի վարչակազմի, ինչպես նաև ծրագրի իրականացմանն աջակցած այլ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվել են դեսպանության շնորհակալագրեր:
«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագիծը մեկնարկել է նախօրեին՝ Եկատերինբուրգի «Главный проспект» պատկերասրահում կայացած «Սարյանից մինչև Փարաջանով» խորագրով կերպարվեստի ցուցահանդեսի բացմամբ։ Նախագծի շրջանակներում կանցկացվեն նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա հիմնված մուլտֆիլմերի և Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրումներ, ինչպես նաև Պ.Տրետյակովի հիմնադրամի՝ Հայաստանի մշակույթին և արվեստին նվիրված «Ռուսական արվեստ» ամսագրի հատուկ թողարկի շնորհանդեսը:
«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրերի» փակումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 16-ին Սվերդլովսկյան Պետական ֆիլհարմոնիայում՝ Ուրալի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ նշանավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ։
«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և դեսպանության մշակութային կենտրոնը։ Նախագիծն իրականացվում է Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի, Եկատերինբուրգի վարչակազմի և քաղաքի հայ համայնքի աջակցությամբ։ Ծրագրի ղեկավարն է Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։