Մոսկվայի «ՄՈՍՍՈՎԵՏ»-ի անվան թատրոնը գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեց Ֆլորիան Զելլերի «Մամա» պիեսը
Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում մայիսի 11-ին բացառիկ հյուրախաղով Գյումրիում էր Մոսկվայի «ՄՈՍՍՈՎԵՏ»-ի անվան պետական ակադեմիական թատրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Մամա» պիեսով, որը դրամատուրգի «Պապա», «Մամա», «Որդի» բեմական եռերգության մի մասն է։ Բեմադրության ռեժիսորն է Պավել Պարխոմենկոն, նկարիչը՝ Յուլիանա Լայկովան, գլխավոր դերում՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովան:
Գլխավոր հերոսը փորձում է պարզել իր կյանքը, հասկանալ, թե ով է նա և ինչու է իր առջև ավերակներ և լիակատար մենակություն: Միակ բանը, որ ջերմացնում է նրան, սերն է որդու նկատմամբ, որը ֆիքսված գաղափար է դարձել հերոսուհու համար, ով հայտնվում է կա՛մ իրականում, կա՛մ մտքում ու միայն շատ կարճ ժամանակով։
«Առաջին անգամ եմ Հայաստանում ու զարմացած եմ՝ այսքան հյուրասեր ու հյուրընկալ է այս երկիրը: Մարդիկ պատրաստակամ են: Ասեմ, որ թեև ժամանակը շատ կարճ էր, բայց արդեն սիրահարվել եմ Գյուրմրիին: Ամեն ինչ շատ տպավորիչ է: Այստեղ ամեն մի քար ու թուփ ուրիշ է, շնչելն է ավելի հեշտ՝ ասես պատմական ամրոցում լինեմ»,- ներկայացման ավարտից հետո, չթաքցնելով հուզմունքը, նշում է Անաստասիա Սվետլովան, անկեղծանալով՝ մինչ Գյումրի գալը իրենց տեղեկացրել էին գյումրեցի «բարդ» հանդիսատեսի մասին: «Ներկայացումը շատ բարդ է, հոգեբանական, ասել էին, որ պատրաստ լինենք, եթե չհավանեն՝ կթողնեն ու կգնան, բայց հավանելու դեպքում ջերմ ընդունելության կարժանանաք, բայց անկեղծ, նման երկարատև հոտնկայս ծափերի ու ջերմության չէինք սպասում: Սիրտս այս քաղաքը շատ սիրեց»,-ասում է դերասանուհին, նշելով, որ ուրախ կլինի ևս մեկ անգամ գալ ու խաղալ գյումրեցի հանդիսատեսի համար:
Վերջում դերասանուհին հավելեց՝ ներկայացումը թեև ստեղծված էր կամերային թատրոնի համար, սակայն Գյումրու դրամատիկականի բեմում այն բոլորովին այլ զգացողություն տվեց նաև դերասաններին:
Արմենուհի Մխոյան