Ինչո՞ւ է Պուտինը հեռավորություն պահպանում Փաշինյանից ու Ալիևից

Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հրապարակային «հեռավորություն» է պահպանում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից։ Սոթքի դեպքերի ֆոնին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներ չի նախատեսում։ Պեսկովը հավելել էր, որ կողմերի հետ շփումներն ընդհանուր առմամբ շարունակվում են՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Պուտինն առանձին զրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն այդ օրը Մոսկվայում էր։

«Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները, որոնք բխում են եռակողմ փաստաթղթերից»,- ասել էր նա։

ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ ՌԴ-ն կողմերից զսպվածություն է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել՝ շեշտելով, որ կշարունակեն շփումները Երևանի և Բաքվի հետ։

Սոթքի դեպքերից մեկ օր առաջ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ՝ ինչպես վաշինգտոնյան բանակցություններին, այնպես էլ Երևանի՝ ՀԱՊԿ քննադատությանը։ Նա հերթական անգամ նշեց, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական Երևանի հրապարակային քննադատությունը Մոսկվան համարում է ոչ արդյունավետ։

Կարդացեք նաև

«Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ բովանդակային աշխատանքները վերսկսելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Այնուամենայնիվ, Մոսկվայում մայիսի 19-ին ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արգործնախարարների եռակողմ հանդիպում։

Մինչ դա, մայիսի 10-ին Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

168․am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի պասիվ դիրքավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ընդհանուր առմամբ առաջիկայում ի՞նչ ակնկալել մոսկովյան միջնորդությունից, ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահի դիրքավորումը բնական է։

Ըստ նրա՝ եթե նրա միջամտության կարիքը լինի, դրա համար նրան կդիմեն կամ Փաշինյանը, կամ Ալիևը։

«Սակայն, ամենայն հավանականությամբ, դրա կարիքը չկա, կամ կա, սակայն դիմում են ոչ թե նրան, այլ Բլինքենին: Հիմա գործընթացին բարձր մակարդակով ներգրավված են Բլինքենն ու Միշելը, ուստի բնական կլինի նաև այն, որպեսզի նրանք զանգեր անեն Երևան և Մոսկվա, ոչ թե Պուտինը, որը բազմաթիվ խնդիրներ ունի։ Նշեմ, որ նկատելի է՝ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես ՌԴ նախագահը չափազանց քիչ է հեռախոսազանգեր անձամբ նախաձեռնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Իսկ Հաղթանակի միջոցառումներին մասնակցելու հրավերը Փաշինյանն ընդունեց, իսկ Ալիևը՝ ոչ։ Այսինքն՝ ռեգիոնում կան որոշակի տրամադրություններ, նաև Արևմուտքում դիրքավորվելու ցանկություն, ի պատասխան որի՝ ՌԴ-ից նման վերաբերմունք է, թեև, կրկնեմ, եթե լինի կարիք և դիմում, ՌԴ նախագահը չի մերժի»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Երևանի դժգոհություններին արձագանքելով՝ ՌԴ-ն մի շարք առաջարկներով է հանդես եկել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի խողովակով։

«Հիշում եք, չէ՞, թե ինչ ճակատագրի արժանացան այդ բոլոր առաջարկները։ Բոլորը մերժվեցին, ռեգիոն բերվեցին ԵՄ դիտորդներ, որոնց ներկայության պայմաններում կրկին սրացում է, բայց նրանց որևէ մեկը չի մեղադրում։ Սակայն պատասխանատվությունն այսօր զարգացումների բերումով այլևս Ռուսաստանի վրա չէ, այլ Արևմուտքի։ Եվ ներկայումս ճիշտն այն է, որ տեսնենք՝ Արևմուտքն ինչպե՞ս է կարգավորում իրավիճակը, կամ կարգավորո՞ւմ է, թե՞ ոչ։ Ռուսաստանը 2020 թվականին պատերազմ կանգնեցրեց հրադադարի անհաջող մի շարք փորձերից հետո, բայց դա չգոհացրեց շատ խաղացողների։ Ներկայումս, կարծում եմ, կողմերն իրենք պետք է համոզվեն և հասկանան, թե Արևմուտքը որքանով է կարողանում իրենց օգնել հաղթահարել անվտանգային ճգնաժամը։ Երևանը դիմել էր ԵՄ-ին դիտորդական առաքելության խնդրանքով, և հարց է ծագում ներկայումս, թե դիտորդների ներկայությունն ի՞նչ դերակատարություն ունի ռեգիոնում։ Արդյո՞ք դա կողմերի համար է, թե՞ նրա, որպեսզի այդ տեղը ՀԱՊԿ առաքելությունը չզբաղեցնի։ Իսկ ՀԱՊԿ առաքելության մասով ՀՀ իշխանությունները շարունակում են լռություն պահպանել և ձգձգել»,- ասաց Լուկիանովը։

Ինչ վերաբերում է միջնորդական ջանքերին, Լուկիանովն ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է, կողմերի հետ կապը պահպանում, առաջարկներով հանդես գալիս։ «Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ առաջարկները կողմերն ընդունում են՝ ըստ իրենց նպատակահարմարության, երբ Արևմուտքում ինչ որ բան իրենց չի գոհացնում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ նման հանդիպման առաջարկ կար դեռ նախորդ տարվանից, երբ չեղարկվեց դեկտեմբերին նախատեսվող հանդիպումը, և այս ողջ ընթացքում հնարավոր չեղավ կազմակերպել այն։ Սա ևս ցուցիչ է»,- եզրափակեց ռուս վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս