Քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ ասող Փաշինյանը հիմա ավելի մեծ չափերով է տուգանում. միայն առաջին եռամսյակում ավելի քան 10 մլն դոլար են գանձել քաղաքացիներից

Կառավարությունն ամեն տարի խոստանում է միջոցներ ձեռնարկել պետական բյուջեի կապիտալ ծախսերը ժամանակին կատարելու համար, բայց ամեն տարի կանգնում է նույն խնդրի առաջ։ Չի եղել տարի, որ կապիտալ ծախսերը լիարժեք կատարվեն։

Անցած տարվա վերջին, երբ տեսան, որ նախատեսված ծախսերը չեն կարողանում կատարել, ճշգրտված պլանը նույնիսկ կրճատեցին, բայց էլի չկարողացան կատարել։

Այս տարվա սկզբին էլ նույն պատկերն է։ «Լավագույն» ավանդույթները շարունակվել են. կապիտալ ծախսերը կատաստրոֆիկ տեմպերով թերակատարվել են։

Առաջին եռամսյակի ընթացքում նախատեսել էին իրականացնել գրեթե 99 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, բայց կատարել են ընդամենը 30 միլիարդը։

Թերակատարումը կազմել է 70 տոկոս։

Տարեսկզբի առաջին երեք ամիսներին 68 մլրդ դրամով կամ 176 մլն դոլարով ավելի քիչ կապիտալ ծախսեր են իրականացրել, քան նախատեսել էին։

Սա պարզապես խայտառակ կատարողական է, այն էլ այնպիսի ծախսերի առումով, որոնք կարևոր տնտեսական, նաև պաշտպանական նշանակություն ունեն։

Տարեսկզբին կատարված կապիտալ ծախսերը պակաս են եղել նույնիսկ նախորդ տարվանից։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում կատարել էին՝ 37 միլիարդի, այս տարի կատարել են 30 միլիարդի կապիտալ ծախս՝ 7 միլիարդով պակաս։

Կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումը կառավարությունում պատճառաբանել են պաշտպանության ոլորտի ծախսերի չկատարմամբ։

«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշի ծրագրից շեղումը, ինչպես նաև նախ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերով: Վերջիններիս՝ ծրագրից շեղումը և նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազումը հիմնականում արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերում, որոնք կազմել են 19,5 մլրդ դրամ՝ 67,9 տոկոսով զիջելով նախատեսված ցուցանիշը և 28,9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը  առաջին եռամսյակի բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ։

Ստացվում է, որ առաջին եռամսյակում «պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման» շրջանակներում նախատեսել են իրականացնել 60 մլրդ դրամի ծախս, բայց կարողացել են իրականացնել ընդամենը 19,5 միլիարդը. 40,5 միլիարդի թերակատարում են տվել։

Այս իրավիճակը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականը բարելավելու ուղղությամբ կառավարության քայլերը նկատելի արդյունք չեն տալիս։ Վիճակը մի բան էլ սրվել է, ինչն ավելացնում է մտահոգությունները, որ կրկին վտանգի տակ է այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կատարումը։ Հատկապես որ, բյուջեով պլանավորվել է դրանք անհամեմատ ավելացնել։ Այնինչ՝ ավելանալու փոխարեն, թերակատարման հետևանքով մի բան էլ կրճատվել են։

Կառավարությունը ձախողել է բյուջեի ոչ միայն կապիտալ, այլև մյուս ծախսերը։

Ճշգրտված պլանով որոշել են առաջին եռամսյակում կատարել շուրջ 553 մլրդ դրամի ծախս, սակայն կատարել են միայն 423 միլիարդը։ 120 միլիարդի թերակատարում է արձանագրվել առաջին եռամսյակում, որից 68 միլիարդը՝ կապիտալ, մնացածը՝ այլ ծախսերի հաշվին։

Բյուջեն պլանավորել են դեֆիցիտով, սակայն մի կողմից՝ եկամուտների աճի, մյուս կողմից՝ նախատեսված ծախսերի գրեթե 24 տոկոս թերակատարման պատճառով, փակել են պրոֆիցիտով։ Թվում է, թե լավ է, որ դեֆիցիտի փոխարեն՝ պրոֆիցիտ ունենք։ Բայց դա բացառապես ի վնաս տնտեսության է։ Տնտեսությունից գումարները հավաքել են, որպեսզի կատարեն նախատեսված ծախսերը և իրացման միջոցով գումարները վերադարձնեն տնտեսություն, խթանեն տնտեսական պրոցեսները, սակայն չեն հաջողել։

Թե դրա հետևանքով ինչքա՞ն վնասներ է կրել տնտեսությունը, կառավարությունը չի հաշվում, երբեք էլ չի հաշվել, չնայած վերջին 5 տարիներին մշտապես նույն խնդիրն է եղել։ Այնինչ՝ յուրաքանչյուր դրամ, որը դուրս է գալիս տնտեսությանից ու ժամանակին չի վերադառնում՝ կորուստ է տնտեսության համար, բացասաբար է ազդում տնտեսության ակտիվության ու տնտեսվարողների շրջանառությունների վրա։ Դրա հետևանքով թուլանում են տնտեսության խթանները, որոնք պետք է ստեղծվեն բյուջետային ներդրումների արդյունքում։

Հատկապես որ, ծախսերի թերակատարումն ուղեկցվում է եկամուտների ավելացմամբ։

Բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների պլանը նույնիսկ գերակատարվել է։ Սակայն գերակատարվել է ոչ միայն տնտեսության, այլև քաղաքացիներից հավաքված գումարների հաշվին։ Այն գումարների, որոնք ստացվել են քաղաքացիներին տուգանելու արդյունքում։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր քաղաքացու՝ տուգանքի «մատերիալ» չլինելու մասին, բայց հիմա նրա ղեկավարած կառավարությունը շատ ավելի մեծ չափերով է տուգանում քաղաքացուն։ Միայն առաջին եռամսյակում ավելի քան 10 մլն դոլար են գանձել քաղաքացիներից՝ ճանապարհային երթևեկության խախտումների դիմաց նշանակված տուգանքների միջոցով՝ 38,2 տոկոսով ավելի շատ, քան նախատեսել են։

«2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի՝ ծրագրված ցուցանիշի 45,1 տոկոսով գերազանցումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով աճը հիմնականում պայմանավորված են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում գանձված գումարների աճով, որոնք կազմել են  շուրջ 4,1 մլրդ դրամ՝ 38,2 տոկոսով (1,1 մլրդ դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը և 19,2 տոկոսով (658,7 մլն դրամով)՝ նախորդ տարվա ցուցանիշը»,- սա մեջբերում է առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունից։

Բայց առաջին տարին չէ, որ այդպես է։ Անցած տարի էլ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքները կազմել էին գրեթե 16 մլրդ դոլար։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի առնվազն 40 մլն դոլար։

Այդքան գումարով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անցած տարի քաղաքացիներին տուգանել է միայն ճանապարհային խախտումների համար։ Եվս 10 միլիոնով՝ այս տարվա առաջին երեք ամիսներին։ Ու դեռ խոսում էին քաղաքացուն տուգանքի «մատերիալ« չդարձնելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս