Տպավորություն է, թե վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերն է՛լ ավելի հեռացած դիրքորոշումներով են մասնակցելու բրյուսելյան հանդիպմանը. Սկակով
Մինչ Արևմուտքը պատրաստվում է առաջիկա կիրակի օրը Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցություններին, ադրբեջանական կողմը հերքում է հունիսի 1-ին Արևմուտքի կողմից հայտարարված քառակողմ հանդիպմանը համաձայնություն տալու փաստը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը չի տվել Քիշնևում Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնություն: Բաքուն հայտարարել է, թե «ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է Քիշնևում ադրբեջանական կողմի ոչ պաշտոնական հանդիպման հնարավորության մասին՝ պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխարինվի, և այդ ձևաչափը չփոխվի»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի, իրենք առայժմ չեն ստացել այդ առնչությամբ հավաստիացումներ և հայտարարում են, որ Քիշնևի հանդիպման մասին վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շարլ Միշելի հետ։ Համաձայն տեղեկատվության, Բլինքենն ու Միշելը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Դրան հաջորդելու է Մոսկվայում Բայրամով-Միրզոյան հանդիպումը, նախորդել են Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր, Ադրբեջանը հայտնել է մեկ սպանվածի, մեկ ծանր վիրավորի մասին։
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում՝ եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում՝ հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:
Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար»։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ սահմանին այսօր առավոտյան գրանցված բախումը թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնում գրանցված առաջընթացը եղել է չնչին կամ բացակայել է:
Ըստ նրա, բացի այդ, բացասական միտումն այն է, որ հենց այս փուլում բանակցային մի քանի ձևաչափեր են սկսում գործել, և որքան էլ հայտարարվում է, որ բանակցությունների առարկան նույնն է, Խաղաղության համաձայնագիրը մեկն է, գործընթացի վրա ազդեցություն են ունենում միանգամից մի քանի երկիր, կենտրոն, այս դեպքում՝ ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան:
«Իրականում, այս ռեժիմում աշխատելը չափազանց բարդ է, քանի որ, բացի այն, որ բանակցում են կողմերը, իրենք են տիրապետում գործընթացին, արտաքին բոլոր խաղացողները մրցում են միմյանց հետ և պայքարում միմյանց դեմ: Սա նաև իրենց՝ կողմերի ստեղծած իրականությունն է, որոնք վերջին մեկուկես տարվա ընթացքում անընդհատ հանդիպումների մասնակցեցին Ռուսաստանում և Արևմուտքում, խառնելով օրակարգերը:
Այս դեպքում Արևմուտքի նպատակը, օրինակ, Ռուսաստանին գործընթացից հանելն է, որի համար նա դիտարկում է մեկ սցենար, իսկ Ռուսաստանը խնդիր ունի մնալ ռեգիոնում, որի համար կարևորում է մեկ այլ սցենար, այսինքն՝ նման ինտենսիվ բանակցային գործընթացում և բարդ տարածաշրջանում այս տարբերակով շատ բարդ է լինելու առաջ շարժվել:
Կարծում եմ՝ սա է նաև էսկալացիայի պատճառներից մեկը: Պետք է մեկ ազդեցիկ միջնորդ, և դա Շառլ Միշելը չէ, որին ողջ Արևմուտքն առաջ է մղում:
Ակնհայտ էր նաև, որ Ադրբեջանը չի համաձայնելու բանակցությունների Ֆրանսիայի մասնակցությամբ և ներկայումս անելու է ամեն բան Ֆրանսիային դուրս մղելու համար: Եվ ընդհանրապես նման քառակողմ-հնգակողմ ձևաչափերով հանդիպումները խոստումնալից չեն, թեև, ինչպես երևում է, հայտարարված Մոլդովայի հանդիպումը չի կայանա:
Ավելի կարևոր է լինելու առաջիկա հանդիպումը Բրյուսելում, սակայն տպավորություն է, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերը էլ ավելի հեռացած դիրքորոշումներով են մասնակցելու այս բանակցություններին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք նախարարական հանդիպմանը՝ Սկակովն ասաց, որ որոշ հարցեր կքննարկվեն՝ որպես նախորդ բանակցությունների շարունակություն, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ն կփորձի ինչ-որ կերպ ինտեգրվել գործընթացին, հասկանալ, թե որտեղ են կողմերը, քանի որ տպավորություն է, որ Մոսկվան վերջին ամիսներին տեղեկատվության խնդիր ևս ունի: