«Վիրավորում ստացած 4 զինծառայողներից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար». Անահիտ Ավանեսյան

Այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով հայկական կողմում այս պահի դրությամբ կա 4 վիրավոր։

«4 վիրավորներից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար։ Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տարբեր տիպի վիրավորում են ստացել՝ բեկորային, նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի, նոր կիրականացվի տեղափոխում»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հաստատեց նաև վաղ առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը կրակել է նաև շտապօգնության մեքենայի ուղղությամբ, դրա վերաբերյալ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, քանի որ  որևէ կերպ չի կարելի արդարացնել նման ագրեսիան։

«Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություն իրականացնող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ, և որևէ ձևով նրանց թիրախավորելն ընդունելի չէ»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախում գտնվող բուժառուներին, որոնց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Կարմիր խաչի մեքենաներով տեղափոխել Հայաստան, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին տրամադրվում է բժշկական օգնություն, ինտենսիվ աշխատում են Արցախի Առողջապահության նախարարության հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս