Ադրբեջանի գործողություններն արհամարհանք են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին. ՀՀ ԱԳՆ

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:

Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Տեսանյութեր

Լրահոս