Ո՞ւր է ձեր արժանապատվությունը. Ռուբեն Վարդանյանը՝ միջազգային հանրությանը

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը»  գործակալության համահիմնադիր և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Նա ողջունել է երիտասարդների նախաձեռնությունը, հանրահավաքի  բազմահազար մասնակից արցախցիներին և շնորհավորել  մայիսյան  հաղթանակների կապակցությամբ. «Մայիսի 9-ը միշտ մեր տոնն է լինելու, մենք միշտ հիշելու ենք մեր հաղթանակները և կերտելու ենք նոր հաղթանակներ, ես համոզված եմ: Ես վստահ եմ, որ միայն դուք կարող եք ձեզ և ամբողջ Արցախ համար արժանապատիվ ապագա կերտել»:

Նա նշել է, որ հաճախ  է օգտագործում արժանապատվություն բառը՝ այն համարելով մեր ժողովրդի խորքային առավելությունը. «Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի, և մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին»:

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է այն վեց կարմիր գծերին, որոնց խախտումը ցանկացած պարագայում անընդունելի է արցախցիների համար. «Ապրիլի 23-ին Ադրբեջանը, տեղադրելով անցակետ, խախտեց այդ կարմիր գիծը: Ես ուզում եմ պարզ խոսել ձեզ հետ. կարմիր գիծն ինձ համար դա այն է, երբ դու այլևս չես կարող ասել՝ լավ, դա ինձ հետ չի կատարվում, ես ձեզ լավ չեմ լսել, գուցե ես ճիշտ չեմ հասկացել, երբ որ քեզ ամենավատ բառերով վիրավորում են, դու պետք է պատասխան տաս, և այդ պատասխանը  միակն է՝ դու պետք է պայքարես, այլ տարբերակ չկա: Այլ տարբերակում դու դառնում ես ստրուկ, դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել և սրբել ոտքերը: Ինձ համար և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք համակերպվել նրա հետ, որ մեր անձնագիրը ուրիշներն են ստուգելու: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը Հայաստան»:

Խոսելով շրջափակման  մասին՝ նա ընդգծել է, որ արցախցիները  հայտնվել են բազմաթիվ խնդիրների առջև,   բայց դիմանում են և չեն ընկճվում: «Այո, վիճակը ծանր է, բայց մենք գիտենք, որ այս ճանապարհով ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել, սա ռեօկուպացիա է, իսկ մենք դա ոչ մեկին թույլ չենք տալու: Ասենք ո՛չ ռեօկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերը, մեր գերեզմաննները, մենք պաշտպանում ենք մեր հողի վրա մեր օրենքներով ապրելու մեր իրավունքը, մենք ոչ մեկի վրա հարձակվել չենք ուզում, մենք պարզապես ուզում ենք հանգիստ և երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող տեղի ունենալ այնպիսի իրավիճակում, երբ  ճակատին ատրճանակ են  ուղղում: Բանակցությունների կողմերը պետք է հարգեն միմյանց, բանակցությունները պետք է լինեն միայն այն ժամանակ, երբ մենք, իսկապես, կարողանանք աշխարհին ասել, որ մենք՝ որպես անկախ Արցախ, կարող ենք նստել և խոսել հարևանի հետ, այլ տարբերակ չկա:  Մենք ունենք նպատակ, որը կերտվել է 88 թվականին, մինչև դա ևս մեր  երազանքն էր՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ: Այդ նպատակը չի փոխվել, մենք բազմիցս վերահաստատել ենք այն: Այս օրերին շատ կարևոր է, որ մենք բոլորս նորից հայտարարենք, որ այլ նպատակ չի կարող լինել»:

Խոսելով պահանջագրի մասին՝ նա այն կարևոր է համարել. «Այն յուրահատուկ պահանջագիր է, այն ոչ միայն դիմում և պահանջում է ուրիշներից,  այլ այս երիտասարդներն առաջին անգամ շատ կարևոր խոսք են ասում, իրենք ասում են՝ լուծեք հարցերը, այլապես մենք ենք լուծելու այնպես, ինչպես կկարողանանք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք, մենք չենք թողնելու, որ այս հարցը չլուծվի: Եվ դա շատ կարևոր է՝ մնալ արժանապատիվ»:

Նա իր կոչն է ուղղել Հայաստանին և հայկական աշխարհին: «Կոչ եմ անում ողջ Հայկական աշխարհին՝ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք՝ որտեղ են միլիոնավոր ստորագրությունները, ինչու է  ընդամենը 120 հազար, ինչու ողջ Հայկական աշխարհը մեր կողքին կանգնած չէ: Արժանապատվությունը բոլորին է վերաբերում, ոչ թե միայն արցախցիներին: Մենք բոլորս դա միասին պետք է անենք:

Ես հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը ունի խնդիրներ, որպես պաշտոնյաներ՝ դուք ինչ-որ սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, ի՞նչն է խանգարում ձեզ մարդ մնալ, ի՞նչն է  խանգարում ձեզ միանալ այս շատ կարևոր շարժմանը: Ձեր ընտանիքները, ձեր երեխաները ինչու չեն ստորագրել: Որտե՞ղ եք դուք: Դուք պետք է ցույց տաք, որ նախ դուք հայ եք, հետո՝ ղեկավար: Կարևոր է իմանալ, որ արժանապատվությունը շատ դժվար է կերտվում, ու շատ հեշտ է կորսվում: Մի՛ արեք դա, դուք, որ ձեր տաք տեղերում նստած գոռում եք Արցախի մասին, ինչո՞ւ կանգնած չեք Արցախի կողքին: Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ողջ Հայկական աշխարհի: Հավատացեք՝ այլ տարբերակ չկա, եթե չլինի Արցախը, չի լինի Հայկական աշխարհը»:

Նշելով, որ այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրն է՝ Ռուբեն Վարդանյանը դիմել է  ռուս խաղաղապահներին. «Ադրբեջանցիները, տեղադրելով այս անցակետը, ձեր դեմ են քայլ արել: Նրանք ուզում են, որ դուք այստեղ չլինեք, որ դուք այստեղից դուրս գաք: Նրանք ամեն կերպ ուզում են, որ հայերը հիասթափվեն: Բայց դա չի լինելու: Մենք միասին անցել ենք Հայրենական մեծ պատերազմը, իրար կողք ենք հիմա: Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր նպատակին և ամեն ձևով հանել խաղաղապահներին Արցախից: Վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում և կողք կողքի պիտի կանգնենք, որ կատարեք ձեր պարտականությունները: Կատարեք այնպես, ինչպես հարկն է: Այո, գիտեմ, որ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»:

Նա դիմել է նաև միջազգային հանրությանը. «Ո՞ւր է ձեր արժանապատվությունը: Ադրբեջանը  բացահայտ հայտարարում է, թե չի ենթարկվելու ոչ մի դատարանի որոշման, չի ենթարկվելու ոչ մի պայմանագրի: Ի՞նչ է դա: Արժանապատվություն չունե՞ք, ո՞ւժ չունեք, չեք կարո՞ղ ասել` Ադրբեջան, կատարի՛ր քո պարտականությունները: Դա միակ ճանապարհն է, որ մենք պահպանենք մեր արժանապատվությունը, և ուրիշներն էր զգան իրենց մեղքն ու փոխեն վերաբերմունքը»:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝  երբ հայրենիքը վտանգի առաջ է, ղեկավարը  դառնում է ղեկավար-առաջնորդ. «Մեր բոլոր ղեկավարները պետք է հասկանան, որ հայրենական պատերազմի ժամանակ դու ղեկավար չես, դու ղեկավար-առաջնորդ ես: Ամեն խոսքդ, քայլդ, պահելաձևդ շատ կարևոր է մարդկանց համար: Մեզ մոտ շատ ուժեղ էներգիա է կուտակված, ես դա ամեն օր զգում եմ: Դա պահանջում է, որ մարդիկ, որոնք ունեն հնարավորություն, պատասխանատվություն վերցնեն և իսկապես մեզ բոլորիս միավորեն: Որ դառնանք մի գունդ, մի պատ, որը կպաշտպանի իր հայրենիքը: Ճգնաժամն իսկապես  շատ մեծ վտանգ է, բայց ճգնաժամը նաև մեծ հնարավորություն է: Երևի այս ճգնաժամը մեզ հնարավորություն է տալիս մաքրվելու, հասկանալու մեր սխալները, փոխվելու, այս ճգնաժամը մեզ հնարավորություն  է տալու 30 տարում կուտակված մեր սխալները դնելու մի կողմ, սկսելու նոր կյանք նոր ձևով, նոր մոտեցումով, արդար, թափանցիկ, երբ մեր պետությունն ու ժողովուրդը զգում են իրենց հանդեպ հավատը ու միասին են կառուցում անվտանգությունը»:

Ռուբեն Վարդանյանը խոսել է վերջին երեք ամսվա ընթացքում կատարած աշխատանքների  ու Արցախի ապագայի շուրջ քննարկումների մասին, որոնց մասնակցել են  Արցախի խորհրդարանում ներկայացված ուժերից չորսը, տարբեր տարիքի ու մասնագիտության  բազմաթիվ մարդիկ. «Մենք ունենք այդ տեսլականը, մենք ունենք ճանապարհային քարտեզը: Մենք ունենք քայլերի, նպատակների կոնկրետ ցուցակը: Մենք այն փոխանցել ենք և՛ նախագահին, և՛ Ազգային ժողովի ղեկավարին, և՛ բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստ են վերցնել ու առաջ գնալ այդ ծրագրերով: Մենք ձեր կողքին կլինենք, կարող ենք միասին իրագործել դրանք: Բայց ուզում եմ ասել, եթե անգամ դուք չանեք, միևնույն է, մե՛նք դա կանենք, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Մենք ասել ենք ու ասում ենք՝ իհարկե, շատ ծանր է ճանապարհը, շատ խնդիրներ կան, բայց այսօր մենք պետք է խոսքից անցնենք գործի։ Հայրենական պատերազմ նշանակում է՝ մենք բոլորս զինվոր ենք,  ոչ թե միայն բանակը, ու այս իրողությունը պետք է ընդունենք բոլորս։ Մենք պետք է հասկանանք, որ մեր կենսաձևը պետք է լինի ավելի կտրուկ, ավելի խիստ։ Այո՛, պատժի մեխանիզմները պետք է լինեն ավելի խիստ, այո՛, ինչ-որ սահմանափակումներ կլինեն, բայց ուրիշ ճանապարհ չկա, մենք չենք կարող հաղթել դրսի թշնամուն, եթե ներսում այդ ուժը չունենանք։

Մենք անպայման պետք է շփվենք ժողովրդի հետ։ Ես չեմ ընդունում, որ մենք ուղղակի հայտարարություններ ենք անում, մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնց մասին ժողովուրդը չգիտի։ Մենք պետք է սովորենք, որ ժողովրդին պետք է տեղեկացնել այն ամենի մասին, ինչ արվում է։  Միակ ճանապարհը համախմբվածության մեջ է։ Այդ պատճառով, ղեկավարնե՛ր, դուք պետք է արժանապատիվ լինեք մեր ժողովրդի համար, մարդիկ պետք է ձեզ հավատան ու հարգեն։ Դա շատ կարևոր է։

Պայքարն Արցախի համար դա նաև մարդկային կեցվածքն է, հավատարմությունը սկզբունքներին, համընդհանուր նպատակն անձնականից վեր դասելու կարողությունը։ Այսօր ձեզ հետ մենք կերտում ենք պատմությունը, պատմության մեջ մե՛նք ենք հիշվելու, մե՛նք ենք մնալու, ոչ թե վախկոտներն ու անտարբերները։

Մե՛նք ենք մնալու՝ որպես մարդիկ, որոնք կանգնել և պաշտպանել են հայ լինելու արժանապատվությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է այս տարիների ընթացքում մեր ամենակարևոր  էջը»։

Տեսանյութեր

Լրահոս