«Պետք է սկզբից շատ կոշտ պատասխան տրվեր Թուրքիային՝ արդեն մտնում է ՀՀ ներքին դաշտ». Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ Թուրքիան պատասխան քայլ անի մեկ այլ հուշարձանով, Չավուշօղլուն ասել է. «Հուշարձանով չէ, բայց մտադիր ենք հավելյալ միջոցներ ձեռնարկել։ Կներկայացնենք նախագահին, եթե հավանություն լինի։ Որպես առաջնորդ՝ պետք է մեր հարգարժան նախագահի հավանությունը լինի այսպիսի քայլերում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կարևոր քայլեր արվելու են։ Արվելո՛ւ են, քանի որ հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»:
Ապրիլի 25-ին Երևանում տեղադրված հուշարձանի վերաբերյալ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն իրենց դժգոհությունը հայտնեցին։ Հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան հայկական ավիաընկերության համար փակեց իր օդային տարածքը։
Հայաստանում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և «Նեմեսիս» գործողությունն իրականացնող հայ վրիժառուներին, ինչո՞ւ վերջին հուշարձանի բացմանն այսպես արձագանքեց Թուրքիան, ինչո՞վ են պայմանավորված այս սպառնալիքները։
168.am–ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, ասաց, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում աստիճանաբար ավելի է կոշտանում։
«Ես նման դիտարկում ավելի վաղ էլ էի արել՝ հուշարձանի տեղադրումից առաջ։ Թուրքիան այսօր ճնշում է Հայաստանին ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլև սկսում է փորձել, այսպես ասած, սրբագրել, վերագրել հայ ժողովրդի պատմական հիշողությունն այն ուղղությամբ, որն իրեն ավելի ձեռնտու է։ Այսինքն՝ Թուրքիան արդեն մտնում է ՀՀ ներքին դաշտ։ Սա Թուրքիայի քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ՝ նա աստիճանաբար ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի վրա՝ փորձ կատարելով սրբագրել պատմական հիշողությունը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա բնորոշմամբ՝ սա է Թուրքիայի վարած քաղաքականությունը։
«Կարծում եմ՝ հենց սկզբից պետք է շատ կոշտ պատասխան տրվեր Թուրքիային, հայտարարելով, որ հուշարձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է, հայ ժողովրդի պատմական հիշողությունն է և պատմության ամենադաժան էջերից մեկն է՝ կապված Հայոց ցեղասպանության հետ։ Այն թուրք գործիչները, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո դատապարտվել էին մահվան, նրանք այդ դատավճռին արժանացել են թուրքական դատարանի կողմից։ Թեպետ, եթե ՀՀ իշխանությունը պաշտոնապես սկսի այդ արձանի մասին հերքումներ տալ Թուրքիային, սա կնշանակի արդարանալ, պարզապես պետք է ասվի, որ սա Հայաստանի ներքին հարցն է, իսկ Թուրքիան ՀՀ ներքին հարցերի հետ ի՞նչ կապ ունի»,- շեշտեց թուրքագետ ակադեմիկոսը։
Միաժամանակ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիան կարող է քննադատություններ հնչեցնել, բայց ոչ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, այն էլ՝ 21-րդ դարում։ Ժամանակակից աշխարհում պատժամիջոցներ կիրառում են, երբ պատերազմական գործողություններ են, և մի երկիր այլ երկրի համար փակում է իր օդային տարածքը։
«Հիմա 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության համար մի երկրում արձան են կանգնեցնում, և հարևան երկիրն իր օդային տարածքը փակում է, հետո պահանջում արձանը ապամոնտաժել։ Սա անընդունելի երևույթ է ժամանակակից աշխարհում, և պատահական չէ, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն ըստ էության բացասական մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի այդ մոտեցմանը։
Սա նախապայման է՝ ոչ միայն հայ-թուրքական բանակցությունների հետ կապված, այլ առհասարակ, կրկնում եմ՝ Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա գնալով ուժեղանում է, ավելին՝ նմանատիպ քայլեր Թուրքիայի կողմից կրկին լինելու են։ Էրդողանը ամիսներ առաջ իր ելույթներից մեկում օգտագործեց պահանջ բառը, թեպետ հայտարարում են, որ նախապայմաններ չունեն, բայց իրականում մենք տեսնում ենք՝ Թուրքիան դիրքորոշումն ավելի է կոշտացնում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ի դեպ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ի սկզբանե կոշտ պատասխան չեն տվել: Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Նեմեսես» հուշարձանի բացման առիթով պաշտոնական Թուրքիայի կոշտ արձագանքի վերաբերյալ հարցին պատասխանել էր, թե իր կարծիքով՝ սխալ որոշում է կայացվել.
«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։
Նույնաբովանդակ հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Ստամբուլում ասել էր.
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի՝ որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ էության մեր երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաների առաջին արձագանքները ոչ թե կոշտ չեն եղել, այլ իրենք էլ Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը սխալ են համարել:
Եվ միայն այսօր, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի դատապարտող և կոշտ հայտարարություններից մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Նեմեսիս հուշարձանի տեղադրումը մեր երկրի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի դրան միջամտել»: