Նեմեսիս հուշարձանի տեղադրումը մեր երկրի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի դրան միջամտել. Արմեն Գրիգորյան

Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները եւ առաջ շարժվենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:

Խոսելով տարաձայնությունների մասին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Բնականաբար, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, դա պարտադիր է: Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում: Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, եւ եթե լուծում գտնենք, ապա առաջ կշարժվենք: Այս պահին վերջնական լուծում չկա»:

Տեսանյութեր

Լրահոս