«Եթե այսօր ՌԴ-ի դեմ սանկցիաներ են կիրառում, նույնը անում է Ալիևը, ինչո՞ւ սանկցիաներ չեն կիրառում». Սուրեն Մանուկյան

Ապրիլի 23-ից Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է կրկնակի շրջափակման մեջ։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքը փակելուց ամիսներ անց՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթեց Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրեց։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայցուցիչները։

Ադրբեջանի այս գործողությունների արդյունքում 120 հազար արցախահայեր զրկված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից, նրանց մեջ կան 30 հազար երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք։

Արդյոք մեծ չէ՞ հավանականությունը, որ Ադրբեջանն արցախահայությանը կենթարկի ցեղասպանության, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել։

168.amի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը պատասխանելով այս հարցերին, ասաց, որ այս տարի փետրվարին ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը տարածեց հատուկ հայտարարություն, որտեղ ասվում է, որ Բերձորի միջանցքի փակումն իր մեջ ցեղասպանական վտանգ է պարունակում։

Կարդացեք նաև

«Միջազգային այդ ընկերակցությունը 500 հոգանոց կազմակերպություն է, որն առաջին հերթին սուբյեկտիվ չէ, քանի որ այդ հարցն իրեն չի վերաբերում, բացի այդ էլ՝ այնտեղ մասնագետներ են, որոնք հանդես են գալիս ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական տեսանկյունից, նրանք քաղաքական որևէ հետաքրքրություն չունեն։ Ի վերջո, այսօր Հայաստանը նրանց որևէ բան չի կարող տալ, որ, ասենք, տնտեսական հետաքրքրություն ունեն, դրա համար են նման որոշում կայացրել՝ չէ՛։ Հետևաբար, մենք ունենք պաշտոնական փաստաթուղթ, որն ընդունել է ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպությունը, որը, կոպիտ ասած՝ իր փորձաքննությունն է տվել, քննել է այն, ինչ կատարվում է, և տվել է իր փորձագիտական գնահատականը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի այդ գործողությունները պարունակում են ցեղասպանական վտանգ, սրանից ավելի չեմ պատկերացնում՝ էլ ով ինչ պետք է ասի, որ մենք հասկանանք՝ այդ վտանգը կա»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան հստակ նշում է 5 գործողություն, որոնք համարվում են ցեղասպանություն։ Հետևաբար, երբեմն սխալ կարծիք կա, որ ցեղասպանությունը կոնկրետ տվյալ  պահին մարդկանց ֆիզիկական սպանությունն է, քանի որ Հայոց ցեղասպանության պարագայում դրան ենք ականատես եղել, երբ 8 տարիների ընթացքում՝ 1915-1923 թվականներին, 1,5 միլիոն հայ ուղղակի ֆիզիկապես սպանվեց։

«Երբ նայում ենք Ցեղասպանության Կոնվենցիան, բացի մարդկանց խմբի սպանությունից, որն առաջին կետն է, այնտեղ կա ևս 4 կետ, դրանցից 3-րդ կետի համաձայն՝ ցեղասպանություն է նաև մարդկանց խմբի համար այնպիսի պայմանների ստեղծումը, որը կբերի այդ խմբի ոչնչացմանը։

Այսինքն՝ եթե մենք արցախահայությանը դիտարկում ենք՝ որպես հայության մի մաս, և եթե Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված այնպիսի պայմաններ են ստեղծել, որը կբերի այդ մարդկանց ոչնչացմանը, և կապ չունի՝ ֆիզիկակա՞ն ոչնչացում է, թե՞ պարզապես այդ մարդկանց կստիպեն այդ տարածքը լքել։ Նրանք մի սերունդ հետո կձուլվեն ռուսաստաններում ու ամերիկաներում, և այդպիսով արցախահայությունը կոչնչանա այնպես, ինչպես այսօր արևմտահայերն են, որոնք գրեթե կորցրել են իրենց կերպարը, մեծ մասը։

Այսինքն՝ Կոնվենցիայի այս 3-րդ կետը կարծես թե նկարագրում է Արցախի այսօրվա իրավիճակը, Ադրբեջանը ստեղծել է այնպիսի պայմաններ, որը բերելու է արցախահայության ոչնչացմանը։ Եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, որպեսզի այդ ճանապարհը բացվի, ապա բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչի կարող է բերել, որովհետև մենք Երևանում նստած՝ այդ մարդկանց կարող ենք ասել՝ դիմացեք, բայց այնպիսի պայմաններ են ստեղծված, որ այդ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»,- հավելեց մեր զրույցակիցը։

Ս. Մանուկյանի բնորոշմամբ՝ զարմանալի է ՀՀ կառավարության վերջին շրջանի պասիվությունը, քանի որ կարծում է, որ այսօր Արցախի թեման ավելի շատ պետք է բարձրացվի, սակայն հակառակն է։

«Այդ թեման պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տարվեր, բայց գոնե ինձ համար շատ անհասկանալի վիճակ է։ Բնականաբար, իրենք ավելի շատ տեղեկատվության են տիրապետում, քան ես, գուցե ինչ-որ բաներ կան, որոնց ես չեմ տիրապետում, բայց որևէ բանական արդարացում չեմ տեսնում՝ հարցը ևս մեկ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չտանելու համար»,- ընդգծեց Սուրեն Մանուկյանը։

Միաժամանակ նա ասաց, որ Ցեղասպանության Կոնվենցիան համընդհանուր փաստաթուղթ է, և հայկական կողմը պետք է փաստը բարձրաձայնի այն աստիճանի, որ աշխարհը հասկանա, որ իսկապես ահագնացող վտանգ կա։

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների կողմից կան բազմաթիվ ընդունված փաստաթղթեր՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանից, որը ՄԱԿ-ի դատարանն է, և, վերջին հաշվով՝ այն ՄԱԿ-ի մարմիններից ամենաբարձրն է համարվում, նույնիսկ Անվտանգության խորհուրդն այդքան բարձր չի համարվում։

«Մենք ունենք այդ դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Բերձորի ճանապարհը։ Մենք հնարավոր բոլոր ապացույցներն ունենք, որ ցեղասպանության վտանգը կա, ավելին՝ Ցեղասպանության Կոնվենցիան համընդհանուր է բոլորր համար, և այն երկրները, որոնք դառնում են ՄԱԿ-ի անդամ, այդ Կոնվենցիան ընդունում են, որը պետությունների վրա դնում է երկու պարտավորություն։

Առաջինը՝ պատժել ցեղասպանության հեղինակներին, երբ ցեղասպանությունը եղել ու ավարտվել է, և երկրորդը՝ կանխարգելել։ Ուստի այդ Կոնվենցիայով Հայաստանը պարտավորություն ունի՝ թույլ չտալու, որպեսզի ցեղասպանություն տեղի ունենա։ Այսինքն՝ աշխարհի ցանկացած պետություն կարող է հենվել այդ Կոնվենցիայի վրա և իրականացնել ցանկացած գործողություն՝ պատճառաբանելով, որ դիմում է  նման գործողությունների՝ թույլ չտալու համար, որպեսզի ժողովրդին ցեղասպանեն։

Տեսական բան եմ ասում, որը քիչ հավանական է, տեսականորեն, եթե վաղը Հայաստանն իր Զինված ուժերով փորձի Բերձորի միջանցքը բացի, միշտ կունենա արդարացում միջազգային հանրության առջև։ Այսինքն՝ կարող է ասել՝ դատարանը որոշում է կայացրել, տարբեր միջազգային կառույցներ ընդունել են, որ ցեղասպանական վտանգ կա, և որպես ՄԱԿ-ի անդամ՝ կատարում եմ Կոնվենցիայի այն կետը, որն ինձ վրա պարտավորություն է դնում կանխարգելել ցեղասպանությունը։

Ցավոք, այս ամենը չի աշխատում, պարալիզացվել է ու չի աշխատում, նման պայմաններում դժվար է ասել՝ ինչ պետք է անել, պարզապես պետք է շարունակենք ճնշումներ գործադրել, սրա մասին բարձրաձայնել։ Նաև պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք գնալու կտրուկ քայլերի, որովհետև այլ բան չի մնում։ Պիտի աշխատենք բոլոր պետությունների հետ՝ առանձին-առանձին, պիտի ալիևների դեմ սանկցիաներ կիրառեն, պետք է ասենք՝ եթե այսօր Ռուսաստանի դեմ սանկցիաներ եք կիրառում, նույնը անում է Ալիևը, ինչո՞ւ սանկցիաներ չեք կիրառում։ Այս ամենի այլընտրանքը լուռ նստելն ու տեսնելն է, թե ինչպես է արցախահայությունը ոչնչանում»,- եզրափակեց Սուրեն Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս