Կան բանկեր, որոնք գտնվել են «հատակին»

Հայտնի գործոնների արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում անցած տարվանից հսկայական շահույթներ են գեներացվում։ Չնայած դրան, կան նաև բանկեր, որոնք շահութաբերության մակարդակով գրեթե «հատակին» են. վնասով չեն աշխատում, բայց գտնվում են շահութաբերության շատ ցածր մակարդակում։

Անցած տարվանից մեկնարկած բարձր շահութաբերությունը բանկերի մեծ մասը պահպանել է նաև այս տարվա ընթացքում։ Առաջին եռամսյակում բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 70 մլրդ դրամ, ինչն ավելի քան կրկնակի գերազանցել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։

Իհարկե, նախորդ տարվա սկզբին բանկերը բոլորովին այլ միջավայրում ու պայմաններում էին գործում, քան այս տարի։ Նախորդ տարվա սկզբին դեռևս չկային այն գործոնները, որոնք դարձան բանկերի բարձր շահութաբերության ապահովման հիմքը։ Ամեն ինչ փոխվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, երբ ռուսական կապիտալի մեծ հոսքեր արձանագրվեցին դեպի Հայաստան։ Այդ հոսքերի սպասարկումը մեծապես ավելացրեց Հայաստանի բանկային համակարգի սպասարկման ծառայությունների ծավալը։

Մյուս կողմից՝ ի հայտ եկան ռիսկեր, որոնք կառավարելու պատճառաբանությամբ, բանկերը գնացին իրականացվող մի շարք ծառայությունների միջնորդավճարների բավական կտրուկ բարձրացման ու թանկացման։

Այս երկու գործոններն էլ նպաստեցին բանկային համակարգում շահույթների կտրուկ ավելացմանը։

Անցած տարի դրանք հասան 263 մլրդ դրամի, ինչը միջին փոխարժեքով համարժեք էր ավելի քան 600 մլն դոլարի։ 2022թ. բանկային համակարգի շահույթներն ավելացան 3 անգամով։ Մինչև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու կապիտալի հսկայական հոսքերը դեպի Հայաստան, բանկերի զուտ շահույթները կազմել էին 87 մլրդ դրամ։ Մեկ տարում դրանք ավելացան 176 մլրդ դրամով։

Այս տարվա սկզբին էլ բանկերի շահույթները մեծ տեմպերով աճում են։ Դրանք ոչ միայն ավելի քան կրկնակի գերազանցել են նախորդ տարվա մակարդակը, այլև համարժեք են 2021թ. ամբողջ տարվա ընթացքում ստացված շահույթի գրեթե 80 տոկոսին։

Անցած տարվա առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթները կազմել էին 32,5 մլրդ դրամ։ Այս տարի հասել են 70 միլիարդի կամ շուրջ 180 մլն դոլարի։ Եվ սա՝ միայն տարվա առաջին երեք ամիսներին։ Իհարկե, այսպիսի հսկայական տարբերություն հաջորդ եռամսյակներում այլևս չի լինի, որովհետև անցած տարի բանկային համակարգում բարձր շահույթներ սկսեցին գեներացվել միայն առաջին եռամսյակից հետո։ Երկրորդում դրանք ամենաբարձրն էին՝ շուրջ 80 մլրդ դրամ։ Հետագա եռամսյակներում ևս շահութաբերությունը շարունակեց մնալ չափազանց բարձր։

Նախորդ տարվա այս դրսևորումներից հետո դժվար է սպասել, որ նույնպիսի կրկնակի կամ եռակի աճեր կլինեն նաև այս տարի։ Բայց եթե պահպանվեն առաջին եռամսյակի միտումները, ամենայն հավանականությամբ, այս տարի էլ բանկերի շահույթները պակաս բարձր չեն լինի նախորդ տարվանից։

Թեև ոչ բոլոր բանկերն են կարողանում արդյունավետ կառավարել ընձեռված հնարավորություններն ու բարձր շահույթներ ապահովել։ Մի շարք բանկերում շահութաբերությունը շարունակում է մնալ նույնքան ցածր, ինչքան նախկինում։

Երբեմն էլ նկատվում է շահույթների նվազում։ Առաջին եռամսյակում այդպիսի արդյունք է ցույց տվել, մասնավորապես՝ «Արմսվիսբանկը», որի զուտ շահույթը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրեթե կրկնակի կրճատվել է։ Անցած տարի այն կազմել էր 1,6 մլրդ, այս տարի՝ 888 մլն դրամ։ Շահույթի որոշ նվազում է նկատվել նաև «Ֆաստ Բանկում»։

Զուտ շահույթների բավական ցածր ցուցանիշներ են արձանագրել «Բիբլոս Բանկ Արմենիան» և «Հայբիզնեսբանկը»։ Առաջինի շահույթը կազմել է 274 միլիոն, երկրորդինը՝ 380 մլն դրամ։ «Հայբիզնեսբանկի» շահույթն ավելացել է ընդամենը 12 միլիոնով, «Բիբլոս Բանկ Արմենիայինը»՝ 46 միլիոնով։

Անցած տարվա կորուստներից հետո, կարծես վերականգնվում է «ՎՏԲ Հայաստան Բանկը»։

Հայտնվելով միջազգային պատժամիջոցների տակ՝ անցած տարին այն վնասով փակեց։ Բանկի վնասները կազմեցին ավելի քան 1,8 մլրդ դրամ։ Բայց այս տարվա սկիզբը կարծես խոստումնալից է. բանկի զուտ շահույթն անցնում է 1 մլրդ դրամից։ Անցած տարվա նույն եռամսյակում վնասը կազմել էր 632 մլն դրամ։

«Հայբիզնեսբանկից» և «Բիբլոս Բանկ Արմենիայից» բացի, մյուս բոլոր բանկերը 1 միլիարդից ավել զուտ շահույթ են ունեցել այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով։ Առանձին բանկերի մոտ շահույթներն անգամներով ավելացել են։

Ամենաշատ շահույթն ապահովել է «Արդշինբանկը», որն առաջինն էր շահույթի ցուցանիշով նաև անցած տարի։ Բանկի անցած տարվա զուտ շահույթը գերազանցեց 62 մլրդ դրամը՝ կազմելով բանկային համակարգի զուտ շահույթի ավելի քան 23 տոկոսը։

Այս տարվա առաջին եռամսյակում էլ «Արդշինբանկը» 16,7 մլրդ դրամի կամ ավելի քան 40 մլն դոլարի շահույթ է ստացել, ինչը կրկին ամենաբարձրն է մյուս բանկերի համեմատ։ Նախորդ տարվա նկատմամբ «Արդշինբանկի» շահույթները 3,6 անգամով ավելացել են։ Նախորդ տարի դրանք կազմել էին 4,6 մլրդ դրամ։ Այս տարի գրեթե 12,1 միլիարդով ավել շահույթ է ստացվել։

Շահութաբերությամբ մյուս բոլոր բանկերը զիջում են «Արդշինբանկին»։ Համեմատաբար ավելի մոտ է «Ամերիաբանկը», որի զուտ շահույթն առաջին եռամսյակին կազմել է 11,3 միլիարդ։ Նախորդ տարվա համեմատ բանկի շահույթներն ավելացել են, բայց շատ ավելի ցածր տեմպով, քան «Արդշինբանկինը», նաև մի շարք այլ բանկերի պարագայում։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում «Ամերիան» շահույթների մակարդակով առաջինն էր՝ 7,5 մլրդ դրամով, և բավական առաջ էր «Արդշինբանկից»։ Այս տարի զգալիորեն հետ է մնացել։

Նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել են «Ինեկոբանկի» շահույթները՝ հասնելով 6,8 մլրդ դրամի։

Շահույթների գրեթե 10 անգամ աճ է գրանցել «Յունիբանկը», չնայած զուտ շահույթի մակարդակով այն էապես հետ է մնում առաջին եռյակից։

Առաջին եռյակին, որոնք կենտրոնացրել են բանկային համակարգի շահույթների գրեթե կեսը, մեծապես զիջում են նաև մյուս բանկերը։ Այնուհանդերձ, նրանց մոտ ևս նկատելի է շահույթների ավելացում, երբեմն՝ նաև կտրուկ ավելացում։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո մեր բանկային համակարգը հայտնվել է մի միջավայրում, որտեղ բանկերի ճնշող մասը մեծ գումարներ են աշխատում։ Բայց ոչ իրենց հիմնական գործառույթի՝ տոկոսային եկամուտների, այլ առաջին հերթին՝ միջնորդավճարների ու դրանց կտրուկ թանկացման հաշվին։ Որպես հետևանք այդ թանկացումների, տուժում են ոչ միայն այլ երկրների, այլև մեր այն քաղաքացիները, ովքեր դրսից գումարներ են ստանում՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս