ԱԽՔ-ը, Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանի շատախոսությունը. Չեխիա այցի չերևացող կողմը
Մայիսի 4-5-ը Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Չեխիայի Հանրապետությունում էր պաշտոնական այցով:
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում ունեցավ Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ, հաջորդիվ հանդիպեց Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Բացի պաշտոնական հանդիպումներից, երեկ նա հանդիպեց Չեխիայի հայ համայնքի հետ, ապա եղավ «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, իսկ ավելի վաղ նրան տարել էին Պրահայի մասնավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ ինչ-որ տասներորդական նշանակության ուղեղային կենտրոն՝ դասախոսություն կարդալու, որն անգամ այդ կենտրոնի յութուբյան ալիքով չէր հեռարձակվում:
168.am-ն ուշագրավ մանրամասներ է իմացել Փաշինյանի պրահյան չստացված այցից: Մեր տեղեկություններով՝ չեխական կողմը դժգոհ է մնացել Նիկոլ Փաշինյանի հետ անբովանդակ հանդիպումներից:
«Առանց օրակարգի, ոչինչ չասող, անբովանդակ այց էր. ինչի՞ էր եկել, չհասկացանք»,- չեխական կողմի տպավորությունները փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ) մոտ կանգնած մեր աղբյուրը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր արտասահմանյան այցերն են այդպիսին: Դեսպանները պարզապես ամեն ինչ անում են, որ Փաշինյանի համար ուղևորություն կազմակերպեն, որ համ ինքը զբաղվի, համ ժողովրդին զբաղեցնի:
Ինչևէ, մեզ փոխանցեցին նաև, որ Նիկոլ Փաշինյանը չեխերի մոտ բողոքել է և՛ ՌԴ-ից, և՛ ԱՄՆ-ից, ասել, որ Եվրոպան պետք է զորք ուղարկի, ինչից չեխական կողմն ապշել է, բայց համենայն դեպս տեղեկացրել է, որ Եվրամիությունը զորք չունի, որ ուղարկի տարածաշրջան:
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցում էր Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը: Արևմտյան քամիները համառ լուրեր են պտտում, որ ամերիկյան կողմը հենց Արմեն Գրիգորյանին է տեսնում որպես Նիկոլ Փաշինյանին փոխարինող, և պատահական չէ, որ ԱԽ քարտուղարը վաղուց և այդքան ներգրավված է Արցախյան բանակցային գործընթացներում, մի բան, որ բնորոշ չի եղել ՀՀ-ի որևէ ԱԽՔ-ի:
Դե, իսկ պատվիրակության մյուս անդամներին, հատկապես ՔՊ-ական պատգամավորներին, ինչպես ասում են՝ «ձեռքի հետ» տարել էին՝ ինքնաթիռում տեղ կար, թող «ֆռֆռան», երկիր տեսնեն, շոփինգ անեն…
ԱԳՆ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների պնդմամբ՝ պրոտոկոլի կոպիտ խախտում էր նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հանդիպումը Չեխիայի պաշտպանության նախարարի հետ:
Որևէ պաշտոնեական կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի այս հանդիպումը տարակուսանք է հարուցել դիվանագիտական կորպուսում:
«Իր կարգավիճակով նա կարող էր հանդիպել կա՛մ Չեխիայի վարչապետի, կա՛մ առավելագույնը նախագահի տիկնոջ հետ, բայց ոչ երբեք՝ պաշտպանության նախարարի, եթե անգամ նա կին էր»,- ասացին ԱԳՆ-ից:
Բայց առհասարակ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գլոբալ շատախոսության պատճառի բացատրությունը շատ լավ տալիս են նրան լավ ճանաչող ՔՊ-ականները:
«Ըստ ամենայնի վիճակը շատ ծանր է, եթե սկսել է շատ խոսել: Սովորաբար այդպես է անում, երբ իրականում ամեն բան շատ վատ է»,- ասաց ՔՊ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը: