Վատ անգլերենով վատ ստեր՝ Պրահայի «Ճ» դասի ուղեղային կենտրոններից մեկում. Ո՞ւր էին տարել Փաշինյանին

Երեկ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հպարտորեն տեղեկացրեց, որ Չեխիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին:

Փաստորեն արևմտյան քաղաքականության թեզերը կրող Արևելյան Եվրոպայի մայրաքաղաք համարվող Պրահայում «Հայաստանի Հանրապետության վարչապետի» հետ հանդիպում էր կազմակերպվել ուղեղային կենտրոններից մեկում, որի անունը թեպետ բավականին ճոխ է հնչում՝ «անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն», սակայն ըստ էության բովանդակային առումով սնանկ, ոչինչ չասող, հինգերորդական նշանակության կազմակերպություն է:

Մակերեսային ուսումնասիրությունն իսկ ցույց տվեց, որ «սուվերեն Հայաստանի դեմոկրատական վարչապետին» տարել են իր նշանակությամբ ոչինչ չասող, մասնավոր ուսումնական հաստատություններից մեկի ուղեղային կենտրոն, որը զբաղվում է տրանսատլանտիկ հարաբերություններով:

Կարդացեք նաև

168.am-ն այս համատեքստում սկսեց փնտրել, թե Չեխիայում ինչ լուրջ ուղեղային կենտրոններ կան:

Պարզեցինք, որ այն ուղեղային կենտրոնը, ուր տարել են Նիկոլ Փաշինյանին, Չեխիայի նմանատիպ կենտրոնների նույնիսկ լավագույն տասնյակում չկա:

Այսինքն՝ «Հայաստանի վարչապետ կոչվածին» Չեխիայում ՀՀ դեսպանությունը կարողացել է տանել ինչ-որ «Ճ» դասի կենտրոն, ուր փորձել են պերֆորմանս իրականացնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Այդ պերֆորմանսի որակի մասին առհասարակ քննարկելու որևէ բան չկա. եթե շատ կարճ՝ «վատ անգլերենով վատ ստեր»:

Նիկոլ Փաշինյանի համար ու նրա մասնակցությամբ կազմակերպված այդ պերֆորմանս կոչվածի որակի մասին կարելի է դատել միայն փաստով, որ անգամ այդ եսիմորերորդական նշանակության ուղեղային կենտրոնի անիմաստ յութուբյան ալիքն այն չէր հեռարձակում, այնինչ ենթադրվում էր, որ «սուվերեն, ժողովրդավարական Հայաստանի վարչապետի» դասախոսությունը պետք է հեռարձակվեր ուղիղ եթերով:

Հատկանշական է, որ այդ ուղեղային կենտրոնում առնվազն վերջին երկու տարվա ընթացքում որևէ երկրի ղեկավար հանդես չի եկել որևէ բանախոսությամբ:

Տեսանյութեր

Լրահոս