«43 համարի կոշիկ հագնող զինվորի ծնողին տվել են փոքր հասակով զինվորի մասունքներ ու ասել՝ հարմարվեք». Թագուհի Թովմասյան

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հանդիպում 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ։

Հանդիպման մի մասը բաց էր լրագրողների համար, մյուս մասը՝ փակ։

Փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ասաց, որ ծանր զրույց է տեղի ունեցել ծնողների հետ։

«Մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ մարդկանց պատկան մարմինները տվել են երեք ձեռք ու ասել են՝ ձեր որդին է, տարեք հուղարկավորեք, դրա համար մարդիկ հրաժարվում են հուղարկավորել երեք ձեռքը։ Մի ծնողի դեպքում էլ՝ 1,82 հասակով տղա ունի, 43 համար կոշիկներ է հագնում, բայց ըստ էության իրեն տվել են շատ ավելի փոքր համարի կոշիկներ հագնող տղայի մասունքներ, 1,60 հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ և ասում են՝ դուք պետք է հարմարվեք այդ իրավիճակի հետ, ձեր երեխան է։ Այսինքն՝ տեղի  են ունենում իրադարձություններ՝ նույնականացման դաշտում, որոնք ուղղակի սյուրռեալիզմի դրսևորումներ են, և ծնողների համար ողբերգություն է պատերազմից 2,5-3 տարի հետո այսպիսի իրավիճակում թողնելը»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ծնողներ կան, որոնք Քննչական կոմիտեից ավելի շատ փաստեր են հավաքել, հետաքննություն են իրականացրել՝ իրենց որդիների գերի ընկնելու, զոհվելու հանգամանքների վերաբերյալ, և այդ տվյալները համադրելով՝ կարելի է  ասել, որ նրանք առնվազն գերեվարվածների շարքերում պետք է լինեն։ Սակայն այդ գերիները որևէ կերպ չեն հաստատվում։

«Ծնողները շատ վրդովված էին, որ իշխանությունների շատ ներկայացուցիչներ խոսում են ընդամենը 33 գերեվարված քաղաքացիների կամ զինվորների մասին, սա էլ այն դեպքում, երբ իրականում նրանց թիվը շատ ավելին է։ Ծնողների պնդմամբ, և իրենք ունեն փաստեր, թե ինչպես են իրենց որդիները գերեվարվել»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս