Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, հետևողական աշխատանքի շնորհիվ, շարունակում են ամրապնդվել և խորանալ:

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում պարոն Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգության և տարածաշրջանային նշանակության հարցերի: Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում է։ Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Տեսանյութեր

Լրահոս