Սերբիայի դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասը «սպանությունների ցանկ» էր կազմել դեռ շաբաթներ առաջ
Բելգրադի դպրոցներից մեկում մայիսի 3-ին հրաձգություն իրականացրած 13-ամյա տղան սպանությունները պլանավորել է մի քանի շաբաթ և ունեցել է «սպանությունների ցանկ»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ձերբակալվել են նաև տղայի հայրն ու մայրը: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:
Հրաձգության հետևանքով սպանվել է 8 աշակերտ, ինչպես նաև դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և ուսուցչուհին վիրավորվել են: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հարձակման համար տղան օգտագործել է իր հոր երկու ատրճանակները, որոնք օրինականորեն գրանցված են եղել: Նշվում է, որ նախքան հարձակումը տղան մի քանի անգամ հոր հետ գնացել է հրաձգարան:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ տղային ուղարկելու են հոգեբուժական հիվանդանոց: Համաձայն Սերբիայում գործող օրենքների՝ նրան չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նրա 14 տարին չի լրացել: Վուչիչը հնարավոր է համարել, որ այս սպանություններից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը կարող է իջեցվել մինչև 12-ի:
Ըստ ոստիկանության՝ տղան հարձակումը պլանավորել է մեկ ամիս առաջ և իր մոտ ունեցել է երեխաների «առաջնահերթությունների ցուցակ», որոնց պետք է առաջինը թիրախավորեր, ինչպես նաև դասասենյակների ցուցակ, ուր պետք է առաջինը մտներ:
Զոհերի և տուժածների մեծ մասը ծնված են 2009 թ.-ին, այսինքն՝ հարձակման պահին 13 կամ 14 տարեկան են եղել:
Մայիսի 5-ից Սերբիայում եռօրյա սուգ է հայտարարվել: