Ունենք մտահոգություն, որ իշխանությունը փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրում. Արթուր Խաչատրյան
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ երեկ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ինչ փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը, ավելի շատ սազական էր գիտագործնական սեմինարի։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այս ամենը քանդենք, փշրենք և ստեղծենք մեկ ուրիշ հայրենասիրական մոդել, և այդ հայրենասիրական մոդելը նշանակում է՝ վերջ, 29.800 քկմ՝ ինչ ուզում է լինի, մենք խաղաղություն ենք ուզում։
Այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է, որ շատ հեռուն գնացող է։ Հիշենք, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Առաջին պահանջ՝ Կաշենի հանք, հանքը փակվեց, վերացվե՞ց շրջափակումը։ Հետո Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկում: Ռուբեն Վարդանյանը պաշտոնազրկվեց, և՞,… այսինքն՝ սա թուրք-ադրբեջանական պետության էությունն է, հավելյալ ճնշումներ, հավելյալ պահանջներ, և ինչքան հետ ես գնում, իրենք այդքան ավելի լկտիանում են, ավելի պահանջներ են ներկայացնում։ Մեր խորին համոզմամբ՝ այս նույն գործընթացը Վաշինգտոնում է տեղի ունենում։
Առավոտյան լուրերը գոնե այսպես էին ասում, որ բանակցություններում կա առաջընթաց, ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում։ Էս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչը մոռացության տալ, ամեն ինչ ուրանալ, մեղքերը նախկինների վրա բարդել: Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում