«Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ»․ սրանով ամեն ինչ ասված է
Մարդն ի՞նչ է փնտրում երկնքում․ ուրախություն ու երջանկություն։ Նա փնտրում է հավիտենականը՝ ամենքից ու ամեն ինչից հեռու, ցանկանում է ուրախություն գտնել Աստծու մեջ։ Աստված խորհուրդ է, լռություն։ Նա անսահման է, Նա ամեն ինչ է։ Ամբողջ տիեզերքը միավորված է առ Աստված այն նույն ձգտումով, որով ապրում է մարդու հոգին։ Բոլորն էլ երկրի վրա փնտրում են երկնային ինչ-որ բան, ուղղակի չգիտեն այդ մասին։ Բոլոր արարածները ուղղված են Նրա կողմը, թեկուզև անգիտակցորեն․․․
Ձեր միտքն անդադար ուղղե՛ք դեպի Նա։ Սիրեցե՛ք աղոթքը, Աստծու հետ զրույցը։ Ամեն բան ամփոփված է Տիրոջ, Քրիստոս Փեսայի հանդեպ սիրո, նախանձախնդրության մեջ։ Դարձե՛ք արժանի Քրիստոսի սիրուն։ Խավարում չապրելու համար միացրե՛ք աղոթքի անջատիչը, որպեսզի Աստծու լույսը սփռվի ձեր հոգում։ Ձեր էության խորքում կհայտնվի Քրիստոս։ Այնտեղ՝ խորքում Աստծու արքայությունն է։ «Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ․ 17։21)։
Աղոթքը կատարվում է միայն Սուրբ Հոգու մեջ։ Նա հոգուն սովորեցնում է աղոթել։ Քանի որ մենք չգիտենք, թե ինչպես և ինչի մասին աղոթել, «բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով» (Հռոմ․ 8։26)։ Ջանքերի կարիք չկա։ Աստծուն դիմենք որպես խոնարհ ծառաներ՝ աղերսող ու խնդրող ձայնով։ Այդ ժամանակ մեր աղոթքը հաճելի կլինի Աստծուն։ Եկեք երկյուղածությամբ կանգնեք Խաչյալի առջև ու ասենք՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Դրանով ամեն ինչ ասված է։
Երբ մարդու միտքը մղվի աղոթելու, աստվածային շնորհը մեկ ակնթարթում կգա։ Այդժամ մարդը դառնում է բարեշնորհ և ամեն ինչին նայում է այլ աչքերով։ Ամեն ինչ սիրելու մեջ է՝ Քրիստոսին, աղոթքը, աստվածայինի մասին խորհելը, ընթերցանությունը։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը