Բաժիններ՝

Որդերի, սթիլերների և մայներների նոր տեսակներն աշխարհով մեկ գրոհում են օգտատերերին

Վնասաբեր ծրագրերի նույնիսկ վաղուց հայտնի տեսակները, ինչպիսիք են որդերը, սթիլերները և մայներները, դեռ կարող են վտանգ ներկայացնել ժամանակակից սարքերի համար: «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է նման սպառնալիքների նոր նմուշների ի հայտ գալու մասին, որոնք գրոհել են օգտատերերին աշխարհով մեկ:

Որդեր։ Դա վնասաբեր ծրագրերի մի տեսակ է, որոնք ունակ են իրենց վերարտադրել այլ սարքերում: 2022-ի հունիսին նկատվել է այս տեսակի նոր վնասաբեր ծրագիր՝ RapperBot-ը։ Սա Mirai բոտնետի վրա հիմնված որդ է: Այն վարակում է IoT-սարքերը, որպեսզի հետագայում գործարկի DDoS-գրոհներ թիրախների վրա, որոնք օգտագործում են HTTP-ից տարբերվող արձանագրություններ: Այժմ RapperBot-ը գրոհում է միայն Telnet-ծառայությունները, ընդ որում՝ շոշափելի հաջողությամբ։ 2022-ի չորրորդ եռամսյակում գրանցվել են ավելի քան 2 հազար եզակի IP-հասցեներից 112 հազար օգտատերերի վարակելու փորձեր։ RapperBot-ն այլ որդերից առանձնանում է իրավազորման համար տվյալների ընտրության «ինտելեկտուալ» եղանակով։ Այն ոչ թե պարզապես տեղադրում է տարբեր տվյալները, այլ վերլուծում է, թե ինչ տեղեկատվություն է պահանջում սարքը միանալու փորձի ժամանակ՝ հասկանալու համար, թե ինչ սարք է դա, և դրա հիման վրա ընտրում է հաշվառման համընկնող տվյալները:

Մայներներ։ Համեմատաբար վերջերս՝ 2021-ին, հայտնվել է CUEMiner ընտանիքը։ Դա բաց սկզբնական կոդով վնասաբեր ծրագիր է: Վնասաբեր ծրագրի նորագույն տարբերակը հայտնաբերվել է 2022-ի հոկտեմբերին։ Այն ներառում է բուն մայները և համակարգի մոնիտորինգի գործիք։ Եթե այս գործիքը չի հայտնաբերում գործընթացներ, որոնք սպառում են համակարգի շատ ռեսուրսներ (օրինակ՝ խաղեր), սկսում է աշխատել մայները: Եթե գործարկվում է խաղ կամ ռեսուրսատար այլ գործընթաց, մայները դադարեցնում է աշխատանքը և վերսկսում միայն գործընթացի կանգառից հետո: Սա թույլ է տալիս դրան ավելի երկար աննկատ մնալ: CUEMiner-ը տարածվում է լեգիտիմ, բայց իրականում կոտրված ծրագրային ապահովման քողի տակ, որի մեջ տեղադրված է տրոյացի: Դա տեղի է ունենում կամ BitTorrent-ի հետ կամ OneDrive պահոցից ներբեռնելու միջոցով: Բաց սկզբնական կոդով ծրագրերի մեջ վնասաբեր ԾԱ-ի ներդրումը սիրող չարագործների շրջանում տարածված մեթոդ է: Դրա օգնությամբ նրանք զանգվածային արշավներ են իրականացնում։

Սթիլերներ կամ տեղեկատվություն գողանալու ծրագրեր: Եվս մեկ վնասաբեր ծրագիր, որի առաջին նմուշները «Կասպերսկի»-ի փորձագետները հայտնաբերել են վերջերս՝ 2023-ի սկզբին, Rhadamanthys սթիլերն է։ Այն տարածվում է Google Ads ծառայության միջոցով։ Rhadamanthys-ը շատ նմանություններ ունի Hidden Bee մայների հետ, որն ուղղված է անմիջականորեն կրիպտոարժույթի կորզմանը: Երկու նմուշներում էլ օգտագործվում են պատկերներ՝ օգտակար բեռնվածքը քողարկելու համար, և նման shell-կոդեր՝ ինիցիալիզացիայի համար, ինչպես նաև վիրտուալ ֆայլային համակարգեր՝ օպերատիվ հիշողության մեջ տվյալների պահպանմամբ, և Lua լեզու՝ պլագիններ և մոդուլներ բեռնելու համար:

«Բաց սկզբնական կոդով վնասաբեր ծրագրերը, կոդի կրկնօգտագործումը և արդեն հայտնի վնասաբեր ծրագրերի թարմացումը բոլոր այն մեթոդներն են, որոնք լայնորեն կիրառվում են չարագործների կողմից։ Այժմ նրանց պետք չէ մեծ փորձ ունենալ լայնածավալ արշավներ իրականացնելու և աշխարհով մեկ զոհերին գրոհելու համար: Նաև թափ է հավաքում այնպիսի մեթոդը, ինչպիսին է malvertising-ը, երբ չարագործները ցուցադրում են օրինական հավելվածների գովազդ, բայց հղումները տանում են ֆիշինգային կայքեր: Նման գրոհներից բիզնեսը պաշտպանելու համար կարևոր է տեղեկացված լինել այն մասին, թե ինչ է կատարվում կիբեռանվտանգության ոլորտում, և օգտագործել պաշտպանության նորագույն միջոցներ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Դմիտրի Գալովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս