Արցախում մեծ մտահոգություն կա, որ կադրային որոշ նշանակումներ կամ որոշ ուժերի ակտիվացումը պայմանավորված է ՀՀ իշխանության ուղղորդմամբ. Տիգրան Աբրահամյան
Արցախում ցանկանում են անցնել կիսանախագահական կառավարման մոդելի, արդյո՞ք ճիշտ ժամանակ է ընտրված կառավարման կարգի վերափոխման համար, և ի՞նչ է տալու այն մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությանը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:
Այս և Արցախի ներքաղաքական իրավիճակին վերաբերող այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Կառավարման մոդելի փոփոխության մասին հարցադրումը պետք է վերլուծել և գնահատել երկու հարթությունում: Առաջին՝ հաշվի առնելով Արցախի ճգնաժամային իրավիճակը, որի պայմաններում, իսկապես, խորհրդարանի՝ նախագահ ընտրելու լիազորություններն արդարացված են, որովհետև իրավիճակի բերումով կարող ենք ունենալ այնպիսի իրադրություն, ժամանակահատված, երբ միակ որոշումը կամ հնարավորությունը սա լինի: Բայց սա ունի երկրորդ հարթությունը, որը շատ ավելի վտանգավոր է, դա այն է, որ այսօր գործող նախագահը և խորհրդարանում մեծամասնություն ներկայացնող ուժերից մեկը՝ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը, անկանխատեսելի են: Այդ անկանխատեսելիությունը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է Արայիկ Հարությունյանին, որը օրվա մեջ մի քանի անգամ կարող է որոշում, տրամադրություն փոխել՝ տարբեր ազդեցությունների ներքո, կամ տարբեր գնահատականներ հնչեցնել, հետո դրանից հրաժարվել: Այսինքն, հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի անձը և նրա ազդեցությունն Արցախում այսօրվա քաղաքական պրոցեսներին, բնականաբար, այս սահմանադրական փոփոխությունը մի շարք լուրջ վերապահումներ և հարցադրումներ է առաջացնում:
– Արցախի ներքաղաքական կյանքում ի՞նչ է կատարվում այսօր, արդյո՞ք վերադասավորումների, տարբեր քաղաքական ճակատների ստեղծման պրոցես կա, ինչպես մամուլում շրջանառվում է՝ Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան-Սամվել Բաբայան: Այսինքն, կա՞ առանձին խաղ նրանց «ղեկավարմամբ»:
– Արցախի ներքաղաքական իրավիճակը, այնտեղ վերադասավորվող նոր խմբեր-խմբավորումները բազմաթիվ հարցադրումներ են առաջացնում: Առաջին հերթին՝ այն, որ դա արցախցիների առաջնային օրակարգը որևէ ձևով չի սպասարկում՝ սկսած առօրյա ապրուստի միջոցից՝ մինչև անվտանգային խնդիրներ: Պաշտոնների վերադասավորումից՝ մինչև քաղաքական խմբերի ձևավորումներ, տպավորություն է ստեղծվում, որ այդ նշանակումները կամ փոփոխություններն իրականացնում են ոչ այնքան արցախցիների կյանքի, կառավարման համակարգի ճգնաժամի բարելավման, կամ ճգնաժամային կառավարման արդյունավետ վարման համար, որքան տարբեր մարդկանց քաղաքական ախորժակը կամ ամբիցիաները բավարարելու և Արցախի իշխանությունների դեմ քննադատությունը զսպելու համար: Արցախում նաև մեծ մտահոգություն կա, որ որոշ կադրային նշանակումներ կամ որոշ ուժերի ակտիվացումն անմիջապես պայմանավորված է հայաստանյան քաղաքական իշխանության ուղղորդմամբ և նրանց ուղիղ կառավարմամբ, ինչը իրավիճակը, բնականաբար, շատ ավելի վտանգավոր է դարձնում:
– Թեև դուք արդեն ինչ-որ չափով պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ամեն դեպքում, այն հնչեցնեմ՝ որքանո՞վ է ՀՀ իշխանության ազդեցությունն այսօր Արցախի ներքաղաքական կյանքում, քաղաքական զարգացումների վրա:
– Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունների ազդեցությունն Արցախի իշխող քաղաքական ուժի վրա կամ նկատմամբ շարունակվում է: Կան նաև որոշ կասկածներ, որ դա արտացոլվում է ոչ միայն իշխող ուժի, այլև Արցախում գործող տարբեր քաղաքական խմբերի կամ ուժերի նկատմամբ: Եվ դրանք տարբեր փուլերում տարբեր արտացոլում են ունենում: Համենայնդեպս, շատ վտանգավոր եմ համարում այդ հանգամանքը, հատկապես Արցախի նախագահի վրա ՀՀ իշխանությունների ազդեցությունը, ինչը տարբեր փուլերում բերում է սխսլ որոշումների, որոշ դեպքերում՝ նույնիսկ ողբերգական հետևանքների:
– Պակաս կարևոր չեն նաև Արցախում արտաքին քաղաքական գծի ստեղծման ուղղությամբ տարբեր փորձերը, կարծես թե հակառուսական տրամադրություններն ակտիվանում են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
– Արցախում հակառուսական քաղաքականության կամ տրամադրության ստեղծումը, այո, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր: Մի կողմից՝ դրանք կառավարվում են հայաստանյան իշխանությունների կողմից, ինչը նոր դրսևորում չէ՝ դրա մեկնարկը տրվել է 2018-ից և տարբեր փուլերով շարունակվում է՝ պատասխանատվության բարդումից մինչև տարբեր գործընթացներ, որոնք կապվում են ՌԴ-ի հետ: Երկրորդը ՌԴ-ի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի ֆունկցիաների ոչ բավարար չափով իրացումն է, որը հակառուսական տրամադրություն է առաջացնում, մասնավորապես, Արցախի շուրջ իրավիճակ, ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակ, փոխադարձ պարտավորություններ, պայմանավորվածություններ, որոնց կատարման-չկատարման հետ կապված մի շարք քննարկումներ, կարծում եմ, մինչև այժմ էլ կուլիսների ետևում են: Այսինքն, կան լարված հարաբերություններ, որոնք և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ-ի իշխանությունները տարբեր փուլերում և նաև հրապարակային ելույթներում փորձում են ցույց տալ, որ նման բան չկա, բայց իրականում կուլիսներում երկկողմ հարաբերություններն անընդհատ խարխլվում են և նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում:
Այսինքն, անկախ նրանից՝ կխոստովանե՞ն ՀՀ-ի կամ ՌԴ-ի իշխանությունները, թե՞ ոչ, պատկերն այսպիսին է: Իսկ Արցախի դեպքում՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախի շրջափակումը արցախցիների մոտ բնական զայրույթ է առաջացնելու, և դա որոշակի պահանջների է բերելու ՌԴ-ից: Իրականում Արցախում բարոյահոգեբանական մեծ խնդիրներ են ստեղծված: Շրջափակումը, անվտանգային մեծ սպառնալիքները, Հայաստանի՝ Արցախի հարցից, ըստ էության, հրաժարվելը, մեծացող ադրբեջանական ճնշումները, բնականաբար, մեծ անորոշություն են ձևավորել Արցախի շուրջ, որը, բնականաբար, իր ուղիղ ազդեցությունն է թողնում Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա: Այս իրավիճակում, բնական է, որ շատ դեպքերում գնահատականները և քայլերը կարող են լինել զգացմունքային, հուզական, բայց, կրկնում եմ, չպետք է մոռանալ, թե առկա ծանր իրավիճակն ինչպիսի հարվածներ է հասցրել Արցախին, արցախցիներին, և ողջ իրադարձությունները պետք է ընդունել, գնահատել՝ այդ իրողությունները հաշվի առնելով:
– Այսօր Արցախում ցանկացած քաղաքական զարգացման պարագայում չենք կարող հաշվի չառնել Ադրբեջանի հնարավոր հակազդեցության փաստը:
– Ադրբեջանը, օգտվելով ՀՀ իշխանությունների ընձեռած հնարավորությունից, այն է՝ հրաժարվելու Արցախի հետ կապված քաղաքական և անվտանգային գործառույթներով զբաղվելուց, իր համար ստեղծում է առավելագույն հնարավորություններ Արցախին ամենասեղմ ժամկետներում կլանելու, հայաթափելու և Արցախի հարցն ամբողջությամբ լուծելու համար: Կրկնում եմ՝ այստեղ պարարտ հող են ստեղծում հատկապես ՀՀ իշխանությունների վարքը, հնչեցրած հայտարարությունները, որոնք ամբողջությամբ նրանց դուրս են բերում Արցախի հարցով զբաղվելու գործընթացից: