Պայթյունը լինելո՛ւ է. մենք շատ ենք՝ 90 տոկոս, իրենք 10 տոկոս են. ժամանակ չկա, պետք է փրկել պետությունը, սկսենք առաջին քայլից. Վահե Հովհաննիսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր-անդամ Վահե Հովհաննիսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մեր երկրում ընթանում է պետական և ազգային խոշոր, վերջնական փլուզումների փուլ, և շատ դժվար է կանխատեսել, թե դա որտեղ է ավարտվելու՝ 1988թ., 1918-1920թթ., թե՞ 1915թ.-ի մատույցներում։
- Մենք կարմիր գիծ վաղուց չունենք, կարմիր գիծը դինամիկ գալիս է դեպի մեզ։
- Այս իշխանությունը մեկ հոգու իշխանություն է, որն իրեն շրջապատել է զորքով ու ալենատիպ մարդկանցով։ Այդ մարդը մեր ազգային անվտանգությունը, պետությունը և մեզ դիտարկում է՝ որպես խաղալիք. ուզում է՝ քանդում է, ուզում է՝ ջարդում:
- Հասարակության մեջ ահռելի ագրեսիա է կուտակվել, և դա շատ վատ է։ Հայ հասարակության 90 տոկոսն ուզում է կայուն խաղաղություն, արժանապատիվ կյանք, ուզում է, որ որևէ պաշտոնյա իր վրա չթքի… Երբ ռացիոնալ քաղաքական մտքի պակաս է լինում, կուտակվում է ագրեսիա, և սա առաջին հերթին պետք է վախեցնի իշխանությանը։ Պայթյունը լինելո՛ւ է։
- Մեր քաղաքական միտքը սնանկ է․ հայ հասարակությունն անընդհատ տեսնում է քաղաքական վոկալ։
- Ժողովուրդ ջան, ձեր ընտանիքների ճակատագիրը մեկ հոգու ձեռքերում է․ վախեցեք դրանից, ոչ թե իշխանության ձեռքում է, այլ մեկ հոգու։
- Փաշինյանը մինչև վերջ բզկտելու է երկիրը։ Նա պատերազմ է հայտարարում եկեղեցուն, բուհական համակարգին, չպարտված և հաղթանակած գեներալներին, կրթված մարդկանց, կիսելու է ժողովրդին, ամեն ինչ անելու է… Ինչո՞ւ: Որովհետև դա իր գոյաբանական անվտանգության տարբերակներից մեկն է։
- Այս մարդը ստվերային բանակցությունների մեջ է, որոնց մասին մենք իմանում ենք հաճախ թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ներից։
- Բզկտման դեմն առնելու ձևը հանրային հաշտեցման գնալն է, որը պետք է անի եկեղեցին՝ հանրային գործիչների աջակցությամբ։ Մենք պիտի տուն առ տուն, եթերից եթեր, մարզից մարզ գնանք՝ թույլ չտալու համար աղետը։ Այս իշխանությունը գնում է բզկտման, և հաջողելու դեպքում մենք չենք կարողանալու պահել ո՛չ Արցախը, ո՛չ Սյունիքը, ո՛չ Հայաստանը… Նա ամեն ինչ անելու է դիմադրության վերջին օջախները քանդելու համար։
- Պետություն պահելու գաղափարով մենք կարող ենք համախմբվել։ Դա պետք է լինի հրապարակային պրոցես։
- Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը պետք է դուրս բերել սոսկ իրավապաշտպանության դաշտից․սա պետության, բանակի, արժանապատվության և նույն հանրային համերաշխության խնդիր է։
- Խաչատուրովի ձերբակալությունը ռիտուալային նվեր է թշնամուն։ Խաչատուրովի պաշտպանությունը մենք պետք է հասցնենք ամեն տեղ՝ փողոց, դպրոց, ամեն տեղ… Եթե մենք Խաչատուրովի կալանավորումը մարսում ենք, ապա վաղը մեր երեխեքը թուրքի գեներալներին են դիմավորելու։
- Մենք ժամանակ քիչ ունենք, բայց ռեսուրս ունենք փլուզման դեմն առնելու։ Եթե ոչ, էկոակտիվիստները վաղը նստելու են մեր մայրուղիներում։
- Քանդված պետության բնորոշիչ է այն, որ փոքր խմբերն ավելի ազդեցիկ են լինում, քան ինստիտուտները։
- Մեր քաղաքական մենեջմենթը թույլ է։ Երբ նույն մարդիկ նույն տեքստերով գնում են մարզեր, մենք արե՞լ ենք վերլուծություն՝ ինչո՞ւ Դիմադրության հզոր շարժումը մարեց։ Պետք է վերլուծել և հետևություններ անել:
- Կա չպետության կողմնակից 10 տոկոս, որը գործող իշխանությունն է, մնացած 90 տոկոսին պետք է միավորել։ Մնացած բոլորն ուզում են պետություն ունենալ: Ընդդիմություն են բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են, որ այս երկիրը մնա։
- Օբյեկտիվորեն կան լայն շերտեր, ովքեր դժգոհություն ունեն, բայց չի կարելի սևեռվել և պայքարի ողջ պատասխանատվությունը թողնել խորհրդարանական երկու խմբակցությունների վրա։
- Պետք է փոխել ձևաչափերը․կան մարդիկ, որոնց խոսքն ավելի ազդեցիկ է, քան խորհրդարանական խմբակցությունների որոշ անդամներինը։
- Այս իշխանության փոխարեն պետք է լինի նոր, սոլիդ իշխանություն, որ կարողանանք դնել կարմիր գծերը ու պահել պետությունը։
- Մեզ դարձրել են չար, բզկտված հասարակություն։ Հասարակության հետ պետք է գնալ, խոսել։
- Նիկոլի ուզածն է՝ բզկտվել, դառնալ քոչվոր ազգ, թուրքն էլ գա, ինչ ուզի՝ անի։
- Մինչև այս իշխանությունների գալը Ղարաբաղն էլ էր հայկական, Լաչինի պատկանելության հարցն էլ էր լուծված․ եթե արագ հետևություններ չանենք, գործուն քայլերի չանցնենք՝ հեռացնելով այս իշխանություններին, վաղը Երևանի պատկանելության հարց է առաջ գալու։
- Այս իշխանությունը վախենում է թուղթ ստորագրելուց։ Սրանք ձևը գտել են․ փաստը կայանում է, ֆիքսում են պոստ-ֆակտում։ Թուրքը գալիս-կանգնում է ինչ-որ տեղ, հետո ասում են՝ դե ի՞նչ անենք, եկավ, կանգնեց…
- Մեզ բերել-կանգնեցրել են հնարավոր բոլոր բախումների կիզակետում։ Մարդկանց դա պետք է բացատրել, որ մենք չենք գալիս պատերազմ սկսելու համար, որևէ մեկը պատերազմ չի ուզում, մենք գալիս ենք բանակցելու, մեր պետությունը պահելու, մեր պետության շահերն առաջ մղելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: