Փաշինյանը կգնա, երբ ստանա անձնական երաշխիք. միջազգային երաշխիք իր համար է փնտրում. Կարեն Քոչարյան
2018 թվականի մայիսի մեկին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում առաջին անգամ չընտրվեց վարչապետ: Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը սպառնալից հայտարարություն էր արել.
«Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:
Ի վերջո, մայիսի 8-ին՝ երկրորդ փորձից հետո, Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի պաշտոնավարման 5 տարիների մասին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց՝ այդ տարիները երկիրը հասցրել են աղետի։
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում Հայաստանը։ Իհարկե, եթե հետևենք իշխանական լրատվամիջոցներին, ապա դրանք կյանքը ներկայացնում են այնպես, որ ամեն ինչ շատ լավ է։ Ասում են, թե երկրում փող կա, բայց խնդիրն այն է, թե այդ փողը որքանով են արդյունավետ ծախսում։ Փողը որևէ մեկին պետք չէ, եթե պետությունն անվտանգ չէ, եթե փողը չեն ծախսում սահմանների անվտանգության վրա, եթե մենք ամեն օր լսում ենք թշնամու կողմից մի քայլ առաջ գալու և հայկական կողմից զոհերի մասին, այդ դեպքում խոսել նրա մասին, թե ամեն ինչ լավ է, դա ցինիզմի գագաթնակետն է»,- ասաց Քոչարյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ հաշվին է երկիրն աղետի հասցրած Փաշինյանը պահում իշխանությունը, Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ հասարակության կրթական մակարդակի և դեգրադացվածության աստիճանի։
«Այո՛, բոլոր երկրներում հասարակությունները նույնն են, պարզապես, եթե առաջնորդները դնում են ճիշտ առաջնահերթություններ, ունենում ենք այլ պատկեր, եթե դնում են ոչ խիստ կարևոր առաջնահերթություններ, ապա ունենում ենք այն պատկերը, որն առկա է մեզանում»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ հասարակության այս աստիճանի դեգրադացիայի պատճառը 30 տարի շարունակ դրված սխալ առաջնահեթություններն էին։
Ըստ նրա՝ խնդիրն այստեղ ամենևին էլ նախկիններին մեղադրել-չմեղադրելու մեջ չէ, թեև կա մի բան, որի համար ինքը միանշանակ մեղադրում է հենց նախկիններին։
«Նրանց ես մեղադրում եմ միայն մի բանում, որ նրանց առաջնորդած հասարակությունում կարող էր Նիկոլ Փաշինյան երևույթ ծնվել։ Պետք է գոնե այնպես անեին, որ ծնվելու դեպքում չդառնար առաջնային, չդառնար լիդեր, բայց այդպիսին դարձավ, որովհետև երբ իշխանությունը երկար է մնում, կտրվում է իրականությունից։ Կարծում եմ՝ այդ երևույթին ծաղրում էին անգամ, բայց դա չնկատելը հենց էլիտաների խնդիրն էր»,- ասաց քաղտեխնոլոգը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին՝ Կարեն Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը զորախմբով է գնում այս կամ այն մարզ հանդիպումների և շատ հաճախ շեշտում է՝ ինքը ժողովրդի ընտրյալն է։
«Ինքը զգում է, որ իր վարկանիշն անկում է ապրում. եթե դա չզգար, ամեն անգամ չէր ասի, թե իրեն այս կամ այն քանակով մարդ է ընտրել։ Դա նրա միակ փաստարկն է, իսկ երբ այլ փաստարկ չկա, ստիպված է կառչել փրփուրներից»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ փրփուրներից կառչած Փաշինյանը միջազգային շատ ուժեղ ճնշման տակ գնում է Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով, ինչն առոչինչ է՝ առանց միջազգային կոնսենսուսի։
«Քանի դեռ չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս, չի լինելու որևէ երաշխիք ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ Առանց միջազգային կոնսենսուսի, երաշխիքը որևէ բան չարժե, որովհետև եթե կողմերից մեկին դա ձեռնտու չեղավ, ամեն ինչ անելու են, որ գրվածը մնա միայն թղթի վրա։ Փաշինյանը, երբ անընդհատ կրկնում է՝ միջազգային երաշխիք, դրանով նա փնտրում է իր անձնական երաշխիքը։ Ինքը երաշխիք է փնտրում. ստանալու դեպքում նոր կգնա»,- խոսքը եզրափակեց Կարեն Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։