Ասում են՝ քնեց, չարթնացավ, դա նրանից է, որ աչքերի մեջ նայելիս ոչ ոք չէր նկատել, թե ինչո՞ւ է այդ եզրագծով սպիտակամոխրագույն օղակ երևում. ակնաբույժ
Նստակյաց կենսակերպը, անառողջ սննդակարգը, համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը բացասական ազդեցություն են ունենում տեսողության վրա: Հետ չեն մնում նաև աչքի բորբոքային հիվանդությունները: Ինչպե՞ս կանխել և բուժել: Հարցի պատասխանները փորձել ենք պարզել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի հետ զրույցի ընթացքում:
– Հատկապես գարնանը սրվում են քրոնիկական մի շարք հիվանդություններ, դրանց գումարվում է նաև գարնանային կատարը: Տեղեկություն կա, որ այն ավելի շատ բնորոշ է լեռնային և արևային երկրներին: Դրանց թվում է նաև Հայաստանը: Ինչպե՞ս է այն արտահայտվում, ո՞ր տարիքի մարդկանց շրջանակներում, և Հայաստանի ո՞ր շրջաններին է բնորոշ:
– Գարնանային կատարը սեզոնային ալերգիկ հիվանդություն է և շատ է տարածված արևոտ երկրներում, որովհետև հիմնական դրդիչ գործոնն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է երեխաներին՝ մանկապատանեկան հասակի, և ունի շատ ծանր ընթացք որոշ երեխաների մոտ: Արտահայտվում է աչքերի սաստիկ քորով, կարմրությամբ, կոպերի թեթևակի այտուցով, և ակնաճեղքից հաճախ լինում է սպիտակավուն լորձային արտադրություն: Բուժում չստանալու պարագայում հիվանդությունը կարող է բարդանալ անգամ եղջերաթաղանթի խոցի առաջացմամբ:
– Կա՞ն բորբոքումներ, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով:
– Այդ կերպ փոխանցվում են ադենովիրուսային կոնյուկտիվիտները, այսինքն, լորձաթաղանթի բորբոքումները. նրանց մեջ կան տեսակներ, որ սկսվում են վերին շնչուղիների հարբուխի նշաններով: Մարդիկ նշում են, որ մի փոքր ջերմում էին, տկար էին, հարականջային հանգույցներն էին մեծացել, կոկորդն էր քերվում, և մի օր քնից արթնացան ու աչքը ճպռոտած էր:
– Հայերը սովորություն ունեն ճպռոտած աչքերը մաքրել թեյի գույնով: Որքանո՞վ է օգտակար:
– Սխալ չէ, տան պայմաններում հարմար է, որ մաքրեն այդ արտադրությունը: Բայց անպայման պետք է դիմել ակնաբույժի, որովհետև իրենք չեն իմանա, թե որքան ծանր է կոնյուկտիվիտի տեսակը, որը, ի դեպ, 30-ից ավելի է:
– Կոնյուկտիվիտի տեսակներից է չոր աչքի համախտանիշը, որը զարգանում է համակարգչի առջև երկար նստելու հետևանքով: Ինչպե՞ս մարդիկ պաշտպանեն աչքերը:
– Նորմայում մեկ րոպեում գոնե 8 անգամ մարդը պետք է թարթի աչքերը, բայց, երբ լարված աշխատում ես, բնականաբար, մոռանում ես թարթել: Նույնը վարորդների, ֆիլմ նայողների դեպքում է: Երբ չես թարթում, գրգիռ չի գնում արցունքագեղձին, որ՝ ջուր տուր, ու աչքի մակերեսը փոքր-ինչ չորանում է, և դա արտահայտվում է այրոցի զգացումով, կոպերի ծանրությամբ, ավազի, օտար մարմնի զգացողությամբ: Այսօր կան արհեստական արցունքների կաթիլներ, որոնք կարող են մարդիկ վերցնել, կաթեցնել, որ դիսկոմֆորտը չշատանա:
– Աչքի բորոբոքային հիվանդություններ նաև առաջանում են A վիտամինի պակասից, հերպեսից, գրիպից: Կորոնավիրուսն իր հերթին՝ բորբոքային ի՞նչ հիվանդություններ է առաջացրել, և արդյո՞ք դրանք բուժվող են:
– Առհասարակ հիվանդացությունն է շատացել՝ կապված սթրես գործոնի հետ: Կարելի է ասել, դարի զարկերակն ավելի արագ է տրոփում, ամեն ինչ արագ տեմպով է ընթանում, և սա բերում է սթրեսային լարվածության, և սթրեսի պատճառով ում մոտ ինչ թաքնված գենետիկ նախատրամադրվածություն կա որևէ հիվանդության հանդեպ, դրսևորվում է: Կարծում եմ, հիվանդության շատացման պատճառը սթրեսն է, բայց նաև շատ են հայտնաբերվում աչքի բորբոքային հիվանդությունները, որը նախկինում չէր արվում: Բժշկագիտությունը շատ է զարգացել:
Հերպես վիրուսների պատճառով շատ է կերատիտների քանակը, իսկ վիտամին A-ի անբավարարությունից՝ չէի ասի: Թերհաս երեխաների կամ ալկոհոլ շատ օգտագործողների դեպքում, երբ լյարդն ախտահարվում է, շատ քիչ կարող ես տեսնել վիտամինի անբավարարությունից առաջացած խնդիրներ: Հերպետիկ կերատիտների վիրուսը մեզ մոտ շատ տարածված է: Իսկ կորոնավիրուսն ավելի շատ առաջացնում է թրոմբոզներ՝ խցանումներ անոթներում, ակնահատակում: Ինչ վերաբերում է բորբոքումներին, ապա առաջինն էինք աշխարհում, որ անոթաթաղանթի բորբոքումների մասին հոդված տպագրեցինք ԱՄՆ-ում՝ հաղորդելով մեզ մոտ եղած դեպքերը, որոնք հավանաբար եղել են կորոնավիրուսի պատճառով: Ավելի շատ կորոնավիրուսի պատճառով կոնյուկտիվիտներ են եղել, որը ոչ սպեցիֆիկ է, և անգամ, եթե մարդը անտիսեպտիկ լուծույթով՝ «Ֆուրացիլին»-ով լվա, այն 7-14 օրում անցնում է, բայց անոթաթաղանթի բորբոքումը բավականին լուրջ է. կարող է խորքում առաջացնել կպումներ, բարդանալ կատարակտով: Մարդիկ եղան, որոնք, ցավոք, անդառնալի կորցրեցին տեսողությունը՝ անոթի խցանման պատճառով:
– Շատ մասնագետներ միֆ են համարում, որ, օրինակ, գազարը կամ հապալասը նպաստում են տեսողության լավացմանը: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Միշտ կողմ եմ, որ մարդն իր սննդակարգում ներառի միրգ և բանջարեղեն: Կան վիտամիններ, որ ձեռք կբերես, բայց չկան կլինիկական ուսումնասիրություններ, որոնք գիտականորեն կապացուցեն այս կամ այն մթերքի գերկարևորությունը:
– Քաղաքացիներն առանց բժշկի այցելելու՝ նաև Օմեգա 3 են օգտագործում:
– Օմեգա 3-ի հետ կապված էլ նախկինում ցնցող նորություն գնաց, որ անոթները մաքրում է, բայց հետո տեսա հետազոտություն, որ վիճակագրորեն մեծ տարբերություն չէր տվել՝ այն օգտագործողների ու չօգտագործողների միջև: Անշուշտ, դրական ազդեցություն կար: Ով էլ խմի, վնաս չկա, իսկ թե ինչքան օգուտ կլինի, կախված է օրգանիզմից:
– Տարիքի հետ եղջերաթաղանթը պղտորվում է: Սա բնորոշ է ծերերի՞ն, թե՞ երիտասարդների դեպքում էլ է նույնը:
– Ծերերի մոտ եզրագծով առաջանում է սպիտակ օղ, դա կոչվում է ծերունական օղ և ոչնչի չի վնասում: Եղջերենին տարիքի հետ սպիտակամոխրագույն սկավառակի տեսք կարող է ստանալ: Դա խոլեստերինի կուտակումն է: Բայց, եթե նման՝ մոխրագույն, սպիտակավուն աղեղ երևա 20-30 տարեկան երիտասարդի մոտ՝ կնշանակի, որ շատ բարձր խոլեստերին ունի և անպայման պետք է հետևի: Սա այն դեպքն է, որ ասում են՝ քնեց, չարթնացավ, երիտասարդ մահացավ: Իսկ դա նրանից էր, որ աչքերի մեջ նայելիս ոչ ոք չէր նկատել, թե ինչո՞ւ այդ եզրագծով սպիտակամոխրագույն օղակ է երևում: Հարազատը, բժիշկը պետք է դրան ուշադրություն դարձնի:
Մանրամասները՝ տեսանյութում