Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան միջուկային զենքերի շուրջ շրջադարձային համաձայնության են հասել

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շրջադարձային համաձայնության են հասել Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքին դիմակայելու համար: Վաշինգտոնը համաձայնել է պարբերաբար Հարավային Կորեայում տեղակայել ամերիկյան միջուկային մարտագլխիկով սուզանավեր և Սեուլին ավելի շատ տեղեկություններ տրամադրել իր միջուկային պլանավորման մասին: Դրա դիմաց Հարավային Կորեան համաձայնել է սեփական միջուկային զենք չստեղծել։

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Վաշինգտոնի հռչակագիրը» կամրապնդի դաշնակիցների համագործակցությունը՝ կանխելու Հյուսիսային Կորեայի հարձակումը:

Երկու կողմերին էլ մտահոգում է Հյուսիսային Կորեայի կողմից բխող միջուկային սպառնալիքը: Փհենյանը մշակում է մարտավարական միջուկային զենք, որը կարող է թիրախավորել Հարավային Կորեան, և կատարելագործում է իր հեռահար զենքերը, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:

ԱՄՆ-ն արդեն պայմանագրային պարտավորություն ունի՝ պաշտպանելու Հարավային Կորեան, և նախկինում էլ պարտավորվել է, անհրաժեշտության դեպքում, միջուկային զենք կիրառել: Սակայն Հարավային Կորեայի որոշ գործիչներ սկսել են կասկածել այդ հանձնառությանը և կոչ են անում երկրին՝ հետամուտ լինել սեփական միջուկային ծրագրին:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը, որը պետական այցով գտնվում էր Սպիտակ տանը, հայտնել է, որ «Վաշինգտոնի հռչակագիրը» նշանավորում է ԱՄՆ-ի «աննախադեպ հանձնառությունը՝ ուժեղացնել պաշտպանությունը, զսպել հարձակումները և պաշտպանել ԱՄՆ դաշնակիցներին՝ օգտագործելով միջուկային զենք»:

Նոր համաձայնագրով ԱՄՆ-ն իր պաշտպանական պարտավորություններն ավելի շոշափելի կդարձնի՝ վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ Հարավային Կորեա ուղարկելով միջուկային մարտագլխիկով սուզանավ, ինչպես նաև ռազմավարական ակտիվներ, այդ թվում՝ միջուկային ռմբակոծիչներ:

Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլը վերջին օրերին կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրի, Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և Թայվանի միջև լարվածության, Հարավչինական ծովում Չինաստանի ռազմական ակտիվության հետ կապված հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս